×


\"Տիգրանի մոլորակ\"-ից Կայա Խուրշուդյանը` ճակատագրի, դստեր եւ այն մասին, թե ինչպիսի տղամարդ է պատկերացնում իր կողքին

“Տիգրանի մոլորակը” սերիալի դերասաններ Գոռ Սահակյանցի, Տաթեւիկ Ադումյանի, Նաիրա Մովսիսյանի եւ Անի Խաչիկյանի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Այս անգամ մեր զրուցակիցը Գայանեի կերպարը մարմնավորող Կայա Խուրշուդյանն է:

Կայա Խուրշուդյանը


2001-ին ընդունվել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին, սակայն ուսումս կիսատ եմ թողել: 

Ընտանիքս ի սկզբանե դեմ է եղել դերասանուհի դառնալուս: Մասնագիտությամբ դաշնակահարուհի մայրս եւ Ներքին գործերի աշխատակից հայրս ոչ մի կերպ չէին հաշտվում որոշմանս հետ:

Անկախ այդ ամենից` ես ընդունվեցի ու սովորում էի անվճար հիմունքով, բայց ծնողներիս ու նաեւ երեք եղբայրներիս դժգոհությունները “ստիպեցին” ինձ կիսատ թողնել ուսումս:

Ալբերտ Մկրտչյանը եւ Կայա Խուրշուդյանը


Իմ կյանքում վճռորոշ դեր է խաղացել Ալբերտ Մկրտչյանը, որն ինձ առանց դիպլոմի էլ հրավիրեց “Մհեր Մկրտչյան” թատրոն: Ճիշտ է` ուսումս կիսատ է, սակայն թատերական այնպիսի դպրոց եմ անցել, որ հպարտանալ կարող եմ: Ալբերտ Մկրտչյան, Նարեկ Դուրյան… գործիչներ, որոնց մասնագիտական խորհուրդները շատ տեղին ու պետքական են իմ կյանքում:

Մուտքս հեռուստատեսային աշխարհ կապում եմ Հայկոյի ու Մկոյի “Կարգին հաղորդման” հետ:  Դա մոտ 4 տարի առաջ էր: Այնուհետեւ սկսեցի նկարահանվել սերիալներում:

Առաջին սերիալը, որն ինձ մեծ ճանաչում բերեց, “Ո՞ւր է իմ տղամարդ”-ն է, որտեղ մարմնավորել եմ Աիդայի կերպարը: Իսկ այժմ “Տիգրանի մոլորակ”-ում հանդես եմ գալիս Գայանեի դերում:

Կայա Խուրշուդյանը


Բացասական ոչինչ չեմ ուզում ասել սերիալների մասին, միայն ցանկանում եմ, որ պատահական եւ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ չլինեն ոլորտում. որակի մասին է պետք մտածել: 

Սերիալների առատությունը դերասաններիս գումար վաստակելու հնարավորություն է տալիս:

Երեւի ճակատագիր է, որ խաղացածս բոլոր դերերը բացասական են: Բայց նման կերպարներ կերտելն ավելի հետաքրքիր է. քեզնից բավական տարբեր մարդու ես մարմնավորում:

Կայա Խուրշուդյանը դստեր` Մոնիկայի հետ


Այսօր համատարած բնույթ կրող ամուսնալուծություններն  ինձ համար անընդունելի են: Շատերը, այդ թվում` կերտածս կերպարը`  Գայանեն, ամուսնալուծվում են` մտածելով միայն իրենց հանգստության մասին: Պետք է երեխաների մասին մտածել եւ ամեն ինչ անել ընտանիքը պահպանելու համար:

Շատ եմ ցանկանում, որ ջերմ հարաբերությունների, բարության ու սիրո մասին ավելի շատ ֆիլմեր նկարահանվեն: 

Ապրում եմ դստերս` Մոնիկայի հետ: Նա 8 տարեկան է: Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, որովհետեւ բացի աշխատանքից, երեխայիս խնամքով եւ ուսման հարցերով եմ զբաղվում:

Կայա Խուրշուդյանը դստեր` Մոնիկայի հետ


Ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել դստերս ու մեր շնիկի` Քիթիի հետ: Ժամանցի վայրեր էլ եմ այցելում. սիրում եմ ակումբային կյանքն ու ուրախ առիթները:

Ոճային փոփոխությունների դիմում եմ` կապված հոգեվիճակիցս: Շուրջ 3 տարի է`  փիրսինգ ունեմ: Մտածում էի` շրջապատս չի ընդունի, բայց լավ վերաբերվեցին:

Նաեւ դաջվածք ունեմ, սակայն չեմ ասի, թե ինչ դաջվածք է եւ մարմնիս որ մասում :):

Կայա Խուրշուդյանը


Անձնական կյանքումս փոփոխություն չկա: Բնավորությամբ ուժեղ եմ, կողքիս տղամարդն էլ ինձնից ուժեղ պետք է լինի: Արտաքինը, հարստությունը չեմ կարեւորում. նա պետք է լինի մեծատառով տղամարդ: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կայա Խուրշուդյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW