×


Կայա Խուրշուդյան.“Ամուսնացել եմ ու շատ երջանիկ եմ”

BRAVO.am-ն ամռանը պատմեց, որ Կայա Խուրշուդյանը գտել է իր կեսին, իսկ այսօր արդեն դերասանուհին մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ ամուսնացել է: Թե ինչ է զգացել կյանքի եւ մահվան սահմանին, ինչպիսին են հարաբերությունները դստեր հետ ու ամուսնու հետ եւ ինչ նորություններ ունի ստեղծագործական կյանքում, կարդացեք ստորեւ:):

Կայա Խուրշուդյանը


Աշխատանքային

Այժմ “Տնփեսա” սիթքոմում մարմնավորում եմ հարուստ, ազատ բարքերով ապրող Նոնային: Նկարահանվել եմ ռեժիսոր Արշակ Զաքարյանի “Անպետքը” կարճամետրաժ ֆիլմում, առաջիկայում էլ գեղարվեստական ֆիլմում կխաղամ Կայայի դերը, ով, հանգամանքների բերումով, հայտնվում է քրեական աշխարհում:

Ինձ համար անընդունելի կերպար չկա: Չեմ ասում` այս դերը կամ տեսարանը չեմ խաղա, որովհետեւ նման մոտեցումը պրոֆեսիոնալ չէ: Դերասանը պետք է կարողանա հասկանալ իր կերպարին եւ ապրել նաեւ նրա կյանքով:

Կայա Խուրշուդյանը


Երբեք չեմ վախեցել, որ գործընկերս իր խաղով կարող է ստվեր գցել ինձ վրա: Ավելին` յուրաքանչյուրս պետք է հնարավորինս լավ խաղա, որ չդժվարացնի մյուսի աշխատանքը: Հիմա, երբ սերիալներում հաճախ հանդես են գալիս դերասանական կրթություն չունեցող մարդիկ, մեր աշխատանքն էլ ավելի է բարդացել. “Ո՞ւր է իմ տղամարդը” սերիալում բժիշկը պետք է ասեր, որ ամուսինս ծանր հիվանդ է: Վերոնշյալ պատճառով բավական դաժան փորձություն էր ինձ համար, եւ մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք ստանալ առաջադրված տեսարանը:

Դեռեւս չեմ տեսնում “մաքրման գործընթացի” արդյունքը. ոչ պրոֆեսիոնալները դարձյալ շարունակում են իրենց եթերային աշխատանքը: Հույս ունեմ, որ մի օր կգա այդ ժամանակը:

Ընդհանրապես կարիերիստ չեմ:

Կայա Խուրշուդյանը


Անձնական

Այս ամիսների ընթացքում ազատ չեմ եղել` անձնական կյանքս եմ դասավորել: Ամուսնացել եմ ու շատ երջանիկ եմ:  Ճիշտ է ասված, որ կնոջ համար ամենակարեւորն ընտանեկան ու անձնական երջանկությունն է:

Մայր եւ աղջիկ


Աղջիկս` Մոնիկան, 9 տարեկան է: Նա եւս նկարահանվել է “Տիգրանի մոլորակ”-ում` մարմնավորելով Անիին: Նմանություններ ունենք, բայց շատ հարցերում արդեն “լեզու չենք գտնում”: Երբ ասում եմ` այս հագուստը պիտի հագնես, շարունակում է պնդել իրենը: Նայում եմ ու հիշում` ախր ես էլ այդ տարիքում նույնն էի անում:

Կայա Խուրշուդյանը


Ինքնաբնութագիր

Ինձ համարում եմ ուժեղ կին, որովհետեւ շատ փորձությունների միջով եմ անցել: Խնդիրներ են եղել թե՛ անձնական կյանքում, թե՛ գործնականում: Բայց մարդուն նաեւ դժվարություններ են պետք. դրանք են ինձ կոփել եւ դարձրել ուժեղ:

Զգացմունքային եմ, դրա համար էլ ծանր ու շատ վատ եմ տարել իմ կյանքի դժվար պահերը:  Շատերն են կողքիս եղել, օգնել են, բայց կարողանում եմ միայնակ էլ հաղթահարել խնդիրները:

Սիրում եմ մենակությունն ու հաճախ եմ առանձնանում ինքս ինձ հետ: Չեմ սիրում իմ վատ տրամադրությունը փաթաթել ուրիշներին:

Կայա Խուրշուդյանը


Կյանքի եւ մահվան սահմանին

Հուսահատության դեպքեր շատ են եղել, անգամ մտածել եմ ինքնասպանության մասին: 

Երբ հայտնվեցի կյանքի եւ մահվան սահմանին, հասկացա` ինչ քաղցր է կյանքն` իր բոլոր անհաջողություններով: Ավտովթարից հրաշքով եմ փրկվել… Ճակատագիր ասվածն իսկապես կա:

Երբ փորձում եմ վերանայել ապրած կյանքս, գոհ եմ մնում: Բնավորությունս այնպիսին է, որ վատի մեջ ուզում եւ կարողանում եմ լավը տեսնել:

Կայա Խուրշուդյանը


Ամուսնացած կնոջ կարգավիճակում

Հիմա լիարժեք կյանքով եմ ապրում եւ երջանիկ եմ: Առաջ համոզված էի` միակ ձեռքբերումս աղջիկս է, այսօր` նաեւ ամուսինս: Սիրում եմ եւ սիրված եմ:

Ամուսինս ընդունում է թե՛ դաջվածքներս, թե՛ փիրսինգը: Նրա կարծիքն ինձ համար ամենակարեւորն է:

Փախչում եմ ստից, կեղծիքից, բամբասանքներից, ճղճիմ խոսակցություններից եւ վախկոտ մարդկանցից:

Սիրում եմ սիրելի մարդկանցից լավ խոսքեր լսել, սիրում եմ նաեւ փողոցում ծանոթ-անծանոթների գովեստի խոսքերը: Դերասանի համար դրանք նման են ծափահարության:

Շնորհակալ եմ Աստծուն  թե՛ լավի, թե՛ վատի համար:


Հավատում եմ… ուղղակի հավատում եմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW