Կայա Խուրշուդյանը տեւական ժամանակ է` սերիալներում չի նկարահանվում, առաջիկայում էլ բացառում է վերադարձը հեռուստատեսություն, քանի որ սկսել է արեւելյան պարեր պարել երեւանյան եւս մեկ ակումբում: BRAVO.am-ն օրերս այցելել է նրա նոր աշխատավայր, լուսանկարել եւ զրուցել ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական կյանքի մասին:
Կայա Խուրշուդյանը
-Մեկ տարի առաջ էր, երբ մեզ հետ զրույցում հայտնեցիք, որ սկսել եք արաբական պարեր պարել գիշերային ակումբներից մեկում: Այսօր արդեն հանդես եք գալիս երեք վայրում: Պատմեք նոր առաջարկի մասին:
-Երեւանյան “Khalill MaaMoon”-ի սեփականատերն ինձ տեսավ մենապարուհու դերում, եւ քանի որ անմիջական եւ ջերմ մթնոլորտ էր, ինձ պատկերացրի պարելիս, հետեւաբար, միանգամից համաձայնեցի լինել նորաբաց ակումբի դեմքը: Մեծ բեմ չկա, իսկ հաճախորդների հետ անմիջական շփումն, իսկապես, կարեւոր է պարուհու համար:
-Այս ընթացքում սերիալներում, հեռուստատեսային այլ նախագծերում հանդես գալու առաջարկներ եղե՞լ են:
-Հրավեր է եղել հանդես գալ որպես ռեալիթի-շոուի հաղորդավարուհի, բայց քանի որ աշխատավարձի առումով հստակություն չկար, մերժեցի առաջարկը: Եղել են միայն հարցազրույցներ` հիմնականում անձնական կյանքիս վերաբերյալ: Այդ սեւեռումը հաճելի չէր. կարծես թե Կայա Խուրշուդյան դերասանուհին հետաքրքիր չէ:
Կայա Խուրշուդյանը
-Չե՞ք կարոտել նկարահանումները:
-Իսկապես չեմ կարոտում, թեեւ գեղեցիկ շրջան էր, որին գուցե վերադառնամ, գուցե` ոչ: Իմ կյանքում դա մի ճանապարհ էր, որով անցա: Հաճելի է, երբ փողոցում տեսնում են, ճանաչում, բայց դրան շատ լուրջ չեմ վերաբերվում: Իսկ թատրոնն իսկապես կարոտել եմ: Բոլորովին ուրիշ աշխարհ է: Այժմ, երբ աշխատում եմ երեք ակումբում, անհնար է վերադառնալ, ֆանտաստիկայի ժանրից կլինի… Թատրոնը շատ լուրջ նվիրում է պահանջում: Այնպես չէ, որ մտածես` մեկ ժամ փորձ ես արել, բավական է: Ներկայացումներն ամիսներ տեւող անդադար փորձերի արդյունք են:
-Ինչպե՞ս եք արձագանքում Ձեր անձի, աշխատանքի շուրջ ծավալվող խոսակցություններին:
-Եթե լուրջ վերաբերվեի, շատ բաների չէի հասնի: Չեմ թաքցնում, որ որպես մատուցող էլ եմ աշխատել: Հաստատ այդ բամբասողներն ինձ հաց եւ ջուր չէին տալու: Չկա այնպիսի մարդ, որ կանգնի իմ առջեւ ու ասի` վատ բան եմ ասում. հիմնականում հետեւից են խոսում: Երբ նոր քայլ ես անում, միշտ էլ խոսելու առիթ ես տալիս: Ինձ չեմ համարում պրոֆեսիոնալ պարուհի. շատ բան ունեմ սովորելու եւ շատ ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի նմանվեմ արեւելյան երկրների պարուհիներին:
-Ի՞նչ դժվարություններ կան այս ոլորտում: Հե՞շտ է պարել ակումբի հաճախորդների համար:
-Սարսափելի բարդույթավորվում եմ, իսկ տեսախցիկի առջեւ բարդույթ չեմ ունեցել նույնիսկ ինտիմ տեսարանների ժամանակ. կարող էին այնքան խաղալ, մինչեւ չասեին` վերջ: Բայց այստեղ ամեն ինչ այլ է, եւ յուրաքանչյուր ելույթից առաջ հուզվում եմ: Չգիտեմ` ինչից է: Մեկ տարուց ավելի է` աշխատում եմ, սակայն դեռ ինձ չեմ գտնում: Գուցե պատասխանատվության զգացումն է, որ այնպես պարեմ` չզգացվի` սկսնակ եմ: Հաճախորդները շատ տարբեր են: Ինչպես դերասանը, այնպես էլ պարուհին պետք է նաեւ հոգեբան լինի: Պարի ընթացքում էլ շփման մեջ ես մտնում դիմացինի հետ: Դեմքս փակ է, բայց աչքերով խոսում եմ նրանց հետ: Միշտ ջերմություն եմ զգում: Պատահում է` ոգելից խմիչքների ազդեցությամբ ոգեւորվում են, ցանկանում պարել ինձ հետ, չեմ արգելում: Կարեւորը դրական լիցքեր հաղորդելն է:
Կայա Խուրշուդյանը
-Հաճախորդները նաեւ կանայք են: Ի՞նչ տարբերություն եք զգում կանանց եւ տղամարդկանց հայացքներում:
-Կանայք շատ կամակոր են, եւ մի քիչ դժվար է ուրախացնել: Նրանց հայացքները մի փոքր թարսուշիտակ են: Երբ ամուսիններ են գալիս, աշխատում եմ չնայել տղամարդուն, որովհետեւ նրանց կանայք ծանր են տանում, երբ կիսամերկ աղջիկը արաբական պարեր է պարում, իսկ իր տղամարդը նայում է: Բայց այդ դեպքում ինչո՞ւ են գալիս, չէ՞ որ գիտեն` ուր են գալիս: Բամբասանքներ տարածողներն ու քարկոծողներն էլ հիմնականում կանայք են, ինչ ասեմ` Աստված իրենց հետ: Ով ինչպես կարողանում է, այդպես է գտնում իր երջանկությունը: Փառք Աստծո, շուտ դուրս եկա սպասարկման ոլորտից: Ինձ համարում եմ ուժեղ կին. դժվարություններն ինձ ավելի ու ավելի են ամրացնում:
-Անձնական կյանքում ի՞նչ նորություններ կան:
-Ես շատ երջանիկ եմ, ավելին չեմ ուզում ասել:
- Ժամանակ մնո՞ւմ է դստերդ համար:
-Չեմ հասցնում շատ ժամանակ հատկացնել նրան: Հասկանում եմ, որ այն ժամանակահատվածն է, երբ պետք է շատ զրուցեմ հետը, ընկերություն անենք, սակայն թերանում եմ: Այդ բացը փորձում է լրացնել մայրս:
Կայա Խուրշուդյանը
-Ուժեղ կնոջ Ձեր բանաձեւը:
-Մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ միշտ ծնողներս եւ եղբայրներս են հոգացել կարիքներս, ինքնուրույնություն չեմ ունեցել: Տեսակով ըմբոստ եմ եղել, ձգտել ազատության: Չեմ պատկերացրել, որ կհայտնվեմ նման ծանր վիճակում ու պատվով եւ իմ սկզբունքներին դեմ չգնալով կհաղթահարեմ: Պետք չէ հույս դնել հայրիկի կամ այլ տղամարդկանց վրա: Ոչինչ, թող մի անգամ էլ չստացվի, մերժվեն, բայց ինքնավստահություն ձեռք բերեն: Կարեւորը ցանկությունն է: Կյանքում վախեր էլ եմ ունեցել, մերժվել էլ եմ: Երբ կինը երեխա է ունենում, պատասխանատվության զգացումն ավելի է մեծանում: Միգուցե, եթե բալիկ չունենայի, ավելի անհամարձակ լինեի: Այս պարագայում այլ տարբերակ չկա:
-Ինչի՞ մասին եք երազել դպրոցական տարիքում եւ այսօր:
-Ավագ դասարաններում երազում էի դերասանուհի դառնալ: Հիմա արդեն ավելի լուրջ կարիքներ ունեմ: Կորուստներ ունեցա ընտանիքում. կուզեմ` ընտանիքս առողջ լինի, բալիկս` երջանիկ, նաեւ ցանկանում եմ, որ սպասումներս արդարացվեն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: