×


Կարեն Բոքսյան.“Հայաստանյան իմ հանդիսատեսին հուսով եմ տեսնել գալիք տարում”

Երգիչ Կարեն Բոքսյանը ծնվել է Թբիլիսիում, որոշ ժամանակ ապրել Հայաստանում, այնուհետեւ տեղափոխվել Մոսկվա, իսկ ավելի ուշ` Միացյալ Նահանգներ: Նա մինչ օրս թողարկել է 4 ձայնասկավառակ, “Armenian music Awards”-ում նրա “Մամա” երգի տեսահոլովակը  հաղթող է ճանաչվել “Լավագույն տեսահոլովակ” անվանակարգում, սիրում է սպորտ, շփվել եւ ստեղծագործել:): Ահա այսպիսին է Կարենը, որի հետ էլ զրուցել է BRAVO.am-ը:

Կարեն Բոքսյանը եւ Շառլ Ազնավուրը


Սերս երաժշտության հանդեպ շատ մեծ է եղել վաղ տարիքից. մանկապարտեզում մասնակցում էի երաժշտական ամենատարբեր միջոցառումների, ելույթ էի ունենում մանկապատանեկան երգչախմբում, նվագում էի… 6 տարեկանից սկսեցի դաշնամուրի դասերի հաճախել, այնուհետեւ ընտանիքս տեղափոխվեց Մոսկվա, եւ երաժշտական մասնագիտական կրթությունս շարունակեցի այնտեղի երաժշտական դպրոցներից մեկում, հետագայում` Մոսկվայի երաժշտական պետական ուսումնարանի հարվածային գործիքների բաժնում` Գենադի Բուտովի դասարանում:

Միացյալ Նահանգերում հայտնվեցի ուսումս շարունակելու նպատակով: 1996 թվականին Կալիֆորնիայի “Northrige” համալսարանի պրոֆեսորը, լսելով ձայնագրություններիցս մեկը եւ գնահատելով մասնագիտական պատրաստվածությունս, հրավիրեց հմտություններս զարգացնելու:

Տարբեր երկրների մեծ բեմերում ելույթներ ունենալու հնարավորություններն ու փորձը մեծապես օգնեցին հետագայում երգչի կարիերայիս կայացման գործում: Նվագել եմ թե՛ դպրոցի, թե՛ ուսումնարանի նվագախմբերում, ելույթ ենք ունեցել ռուսաստանյան, մերձավոր արտասահմանյան եւ եվրոպական բազմաթիվ քաղաքներում: ԱՄՆ-ում հաստատվելուց հետո եւս շարունակեցի հանդես գալ սիմֆոնիկ նվագախմբերում` Ամերիկայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ, Նորթրիջի սիմֆոնիկ նվագախումբ:

Կարեն Բոքսյանը


Մասնագիտական գործունեությանս մեջ ամենակարեւոր եւ շրջադարձային պահը 1999 թվականն էր, երբ հնարավորություն եղավ լոսանջելեսյան մարդաշատ ռեստորաններից  մեկում աշխատել որպես երգիչ: Որոշումս մեծապես պայմանավորված էր նրանով, որ փոքր տարիքից սիրել եմ երգել:

Երբեք չեմ բավարարվում նրանով, ինչին հասել եմ: Ինձ, ինչպես յուրաքանչյուր պրոֆեսիոնալ արտիստի, մշտապես պետք է աշխատել, ձգտել ավելիին, ինչը եւ փորձում եմ անել:

Ոգեշնչվում եւ ոգեւորվում եմ  կատարված աշխատանքիս արդյունքից, հանդիսատեսի եւ երկրպագուների բարձր գնահատականից:

Դմիտրի Մալիկովը եւ Կարեն Բոքսյանը


2013-ին  թողարկեցի 4-րդ ալբոմս, իսկ տարին ավարտում եմ մեծ համերգով, որը տեղի կունենա Լոս Անջելեսում` Ամանորի գիշերը:

2014  թվականից սպասում եմ  նույնքան ակտիվություն եւ արդյունավետություն: Նախատեսվում են նոր տեսահոլովակների նկարահանում-ներ, երգերի ձայնագրություններ եւ, իհարկե, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս համերգային շրջագայություններ:

Նաեւ… Աշխարհի բոլոր ծայրերում ապրող իմ երկրպագուներին եւ բոլորին ի սրտե ցանկանում եմ առողջություն, անամպ երկինք եւ հաջողություններ, իսկ հայաստանյան իմ հանդիսատեսին հուսով եմ տեսնել գալիք տարում: Սիրով, Կարեն Բոքսյան:):

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Կարեն Բոքսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW