×


ԿինոՊարկը ցուցադրեց «Գահերի խաղի» վերջին սերիան. ինչպես է ընթացել երեւանյան կինոդիտումը

«Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում երեկ կրկին մարդաշատ էր. ցուցադրվում էր «Գահերի խաղը» բազմասերիանոց հեռուստաֆիլմի վերջին սերիան: Ամբողջ աշխարհում հայտնի ու սիրված ֆիլմի հայ երկրպագուները եկել էին մեծ էկրանին դիտելու 8-րդ սեզոնի վերջին մասը, թեեւ այն տեսնելու հնարավորություն ունեին դեռ առավոտյան` ֆիլմի պաշտոնական պրեմիերայի ժամանակ: Կինոսերներից շատերը խոստովանեցին, որ արդեն հասցրել են դիտել այն, սակայն եկել են ընկերների հետ` բաց չթողնելով մեկ անգամ էլ «ԿինոՊարկ»-ի մեծ էկրանին դիտելու հնարավորությունը: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ֆիլմի ցուցադրությանը, լուսանկարել կինոսերներին, զրուցել «ԿինոՊարկ»-ի տնօրենի հետ, ինչպես նաեւ հետաքրքիր մանրամասներ պարզել «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի մասին:

«Այնքան դժվար է գտնել բառեր, որոնք ցանկանում ես ասել, բայց որոնք միաժամանակ այնքան աննշան են՝ համեմատած այն զգացմունքի ու կարեւորության հետ, որ այս սերիալն ու Դենին ունեն ինձ համար: Ես քրտնել եմ վիշապների կրակների մեջ, լաց եմ եղել մեր ընտանիքին վաղաժամ հրաժեշտ տված անդամների համար, «ճզմել եմ» ուղեղս՝ փորձելով արդարացնել մարդկանց հույսերն ու ճիշտ մարմնավորել ինձ վստահված դերը: «Գահերի խաղն» ինձ ձեւավորել է որպես կին, որպես դերասան ու որպես մարդ»,- ֆիլմի ցուցադրությունից հետո իր ինստագրամյան էջում գրել է վիշապների մոր կերպարում հանդես եկող Էմիլյա Քլարքը:

«Գահերի խաղի» վերջին սերիայի երեւանյան կինոդիտմանը


Նշենք, որ ֆիլմի 8-րդ սեզոնը բաղկացած էր վեց սերիայից, որոնք խոստանում էին աչքի ընկնել մեծածավալ մարտերի էպիկական տեսարաններով ու է՛լ ավելի անսպասելի հանգուցալուծումներով: Այդ տեսարանները նկարահանելու համար անհամեմատ ավելի մեծ գումար է ծախսվել, քան նախորդ սեզոնների դեպքում: Հայ կինոսերներին վերջին սեզոնը կարող էր հետաքրքրել նաեւ նրանով, որ ֆիլմի պաշտոնական սաունդթրեքերից մեկը՝ «The Rains of Castamere»-ը կատարում է հայազգի երգիչ, երաժիշտ Սերժ Թանկյանը: Վերջինիս այդ առաջարկով դիմել էր սերիալի կոմպոզիտոր Ռամի Ջավադին: Սերժ Թանկյանն էլ, ինչպես ինքն է նշում, մեծ ոգեւորությամբ համաձայնել էր կատարել երգը:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» բազմասերիանոց հեռուստաֆիլմի առաջին սեզոնը ցուցադրվել էր դեռեւս 2011 թվականի ապրիլին: Այդ ժամանակից սկսած` միլիոնավոր հեռուստադիտողներ ամբողջ աշխարհում հետեւում են սիրված ֆիլմի բոլոր թողարկումներին, ուրախանում ու տխրում հերոսների հետ, գովաբանում կամ քննադատում ֆիլմի հեղինակներին, սակայն մեկ հարցում բոլորը համակարծիք են` սերիալն իր անջնջելի հետքը կթողնի 21-րդ դարում նկարահանված բազմասերիանոց ֆիլմերի շարքում:

«Գահերի խաղի» վերջին սերիայի երեւանյան կինոդիտմանը


«Երեւան Մոլ»-ի կինոթատրոնը ցուցադրել էր նաեւ «Գահերի խաղը» հեռուստաֆիլմի 8-րդ սեզոնի առաջին սերիան, որի ժամանակ նույնպես կինոդահլիճները լեփ-լեցուն էին: «ԿինոՊարկ»-ի տնօրեն Արեգ Դանիելյանը BRAVO.am-ի հետ զրույցում նկատեց, որ հետաքրքրությունը ոչ միայն չի նվազել, այլեւ է՛լ ավելի է մեծացել՝ ֆիլմի երկար սպասված հանգուցալուծումը տեսնելու համար. «Մենք ցուցադրությունից ընդամենն երկու օր առաջ էինք հայտնել, որ միայն մեզ մոտ ֆիլմը մեծ էկրաններին դիտելու հնարավորություն ունեն հայ կինոսերները, եւ այդ ընթացքում կայծակնային արագությամբ սպառվեցին բոլոր տոմսերը: Դա այն դեպքում, երբ նախորդ ցուցադրության մասին դեռ մեկ շաբաթ առաջ էինք հայտնել»,- ընդգծեց կինոթատրոնի տնօրենը:

Նա նաեւ հավելեց, որ նման հետաքրքիր անակնկալները միանշանակ շարունակվելու են, եւ «ԿինոՊարկ»-ի հավատարիմ հաճախորդները հնարավորություն են ունենալու դիտել բոլոր սպասված ֆիլմերի պրեմիերաները: Դրա համար անհրաժեշտ է հետեւել կինոթատրոնի պաշտոնական կայքէջին եւ բաց չթողնել սպասվող նորությունները:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport