×


Կիրակին՝ Անահիտ Կիրակոսյանի առանձնատանը

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանն ամուսնու եւ երեխաների հետ BRAVO.am-ին առաջին անգամ հյուրընկալել է Աբովյանում գտնվող իրենց մեծ եւ գեղեցիկ առանձնատանը: Պարզել ենք՝ ինչով են զբաղվում ամբողջ ընտանիքով, երբ աշխատասեր մայրիկը նկարահանումներ չի ունենում:):


«Չէինք պլանավորել…»


Իրականում մինչեւ չորրորդ երեխայի ծնունդն ամեն ինչ շատ կազմակերպված էր: Չէի պատկերացնում, որ մի հոգին կարող է այդքան բան փոխել: Հատկապես, որ չէինք պլանավորել, թե երբ կծնվի մեր փոքրիկը: Հայկս գնաց դպրոց, աղջիկներիցս մեկն ընդունվեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, գրեթե ամբողջ օրը քաղաքում է անցկացնում, մնացի մի օգնականով` Լաուրայով, որի կյանքում էլ կարեւոր շրջան է պարապելու եւ առաջիկայում ընդունվելու համար: Այս պահին ունեմ դայակ, օրեր կան, որ սկեսուրս է մեզ հյուր գալիս, կամ մայրս է աշխատավայր գալիս՝ փոքրիկիս պահելու:

Անահիտ Կիրակոսյանը


«Պիտի այդ դժվարություններով անցնենք»

Մեծ աղջիկս` Լաուրան, լիակատար մայրիկի նման գիտի փոքրիկի խնամքի հետ կապված ամեն մանրուք: 16 տարեկան է, եւ սա իր համար շատ մեծ փորձառություն է: Ճիշտ է՝ բարդություններ կան, բայց հրաշալի նոր մարդուկ ունենք տանը եւ, բնականաբար, պիտի պատասխանատվությամբ այդ դժվարություններով անցնենք:

«Հոգնածությունից լացում էի»

Ես իսկապես տարա հետծննդաբերական դեպրեսիա. գիշերներ էին լինում, որ հոգնածությունից ուղղակի լացում էի: Բայց դա էլ հաղթահարեցի, քանի որ շատ կարեւոր է, երբ ընտանիքում քեզ հասկանում են: Ամեն ինչ հեշտ չէ, կամաց-կամաց հունի մեջ ենք ընկնում, Մհերն էլ շուտով 6 ամսական կդառնա, եւ ավելի հեշտ կլինի առօրյան կազմակերպելը:

Արտակ Սարգսյանը՝ որդու հետ


«Հարեւանների խանգարելու խնդիր չկա»

Ամուսինս միշտ երազել է սեփական տուն ունենալ իր ծննդավայրում, եւ որքան էլ դժվար լինի, ես չէի ցանկանա կոտրել նրա այդ երազանքը: Սեփական տանն ապրելն ունի դժվարություններ, բայց նաեւ կան առավելություններ. ամեն մեկն ունի իր ազատ տարածքը, նաեւ մենք շատ ենք սիրում երգել, պարել, ուրախանալ, եւ հարեւաններին խանգարելու խնդիր չկա: Առավելություններից մեկն էլ այն է, որ հայր ու որդի այգի են գնում, խնձորներ հավաքում, (նաեւ մեզ հյուրասիրեցին,-հեղ.), մշակում պտղատու ծառերը:

Մթնոլորտն ընտանիքում

Ամենակարեւորն այն է, թե ինչ մթնոլորտ է տիրում ընտանիքում, իսկ մենք միմյանց համար հոգ ենք տանում: Եթե հոգնած գալիս եմ տուն, աղջիկս ասում է` «Մամ, դու ոչինչ մի արա, ես կանեմ», կամ առավոտյան արթնանում եւ տեսնում եմ, որ ինձ համար բոլորով նախաճաշ են պատրաստել: Կարելի է ասել՝ եկել է պտուղները քաղելու ժամանակը: Որպես տան տիկին՝ միշտ հասցնում եմ ամենակարեւոր բաներն անել` պատրաստել, արդուկ անել եւ այլն: Ունեմ նաեւ օգնական տան հարցերով, ով շաբաթը մեկ անգամ գալիս եւ օգնում է ինձ:

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը


«Խնդիրներ շատ կան»

Չեմ թաքցնի, որ երբեմն մտածում եմ՝ միայն ընտանիքիս հետ անցկացնեմ ժամանակս: Ի դեպ, ամուսինս միշտ ասում է, որ կարող եմ չաշխատել, բայց նաեւ նշում է՝ «Նայիր՝ ուրիշ Անահիտ չդառնաս»: Բայց երբ արձակուրդում եմ լինում, հասկանում եմ, որ չեմ կարող առանց այդ ակտիվության: Երբ հոգեբան հյուր եմ ունենում, ինձ հուզող հարցերը քննարկում եմ՝ միթե սխալ չեմ անում, որ հաճախ տանը չեմ լինում եւ այլն, եւ միշտ ինձ պատասխանում են, որ երեխան պետք է կայացած ծնող տեսնի: Շատ կանայք տանն են լինում, բայց իրենց երեխաներից տեղյակ չեն, ես կարող եմ իսկապես գլուխս գովել, որ հասցնում եմ, ուշադիր ծնող եմ, իսկ խնդիրներ շատ կան, հատկապես երեխաների դեռահասության շրջանում, եւ պետք է ուշադիր լինել:

«Ամուսնուս հետ կարծես նորից ենք ընկերություն անում»

Երբ ազատ ժամանակ է լինում, միասին զբոսնում ենք, ներկայացում դիտում կամ ժամանցի այլ տարբերակ ընտրում: Զբաղվածությունս ինձ չի խանգարում որպես ծնող տեղյակ լինել երեխաների դասերից, միջոցառումներին մասնակցել: Իսկ ամուսնուս հետ կարծես նորից ենք ընկերություն անում. քաղաքում միմյանց ժամադրում ենք, ինչ-որ տեղ ենք գնում: Գիշերային նկարահանումների ժամանակ էլ տուն եմ գալիս, բոլորին քնացնում, բարի գիշեր մաղթում եւ գնում աշխատանքի:

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը


«Եթե չաշխատեմ...»

Եթե չաշխատեմ, մեր ընտանիքը ֆինանսապես շատ կտուժի: Չասեմ՝ հավասարաչափ ենք վաստակում, բայց իմ եկամուտը շատ է օգնում: Բազմազավակ ընտանիք ունեցողները կհասկանան, թե ինչքան շատ է ծախսը: Այժմ առաջինը պետք է երեխաների համար անել, իսկ երբ կհասնենք այն փուլին, որ նրանցից ամեն մեկն իր ուղին կունենա, գուցե 4-ի (թատրոն, «Women’s club», «Անուղղելիները», «Հումորի լիգա»,-հեղ.) փոխարեն մեկ տեղում աշխատեմ:

«Ինձ երբեք շոու բիզնեսից չեմ համարել»

Իմ մասին վատ մեկնաբանություններ հիմնականում չեմ լսում: Կարծում եմ` նրանից է, որ միշտ անկեղծ եմ եղել ու զերծ եմ մնացել բոլոր տեսակի ինտրիգներից, ձեւականություններից: Ինքս ինձ երբեք շոու բիզնեսի մասնիկ չեմ համարել, ոչ էլ աստղ, պարզապես մի մարդ եմ, ով զբաղվում է իր մասնագիտությամբ, եւ դա հայտնի դարձնող աշխատանք է: Ինձ հաճելի է, որ ճանաչում են, վերջերս նույնիսկ ինքնագիր ուզեցին: Գիտեք, եթե լավ կոշկակարի ամեն օր նկարեն եւ ցույց տան, նա էլ հայտնի կդառնա:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport