×


Կոմիտասյան հնչյուններ եւ ազգային երգ ու պար․ «Գութան» փառատոնն անցկացվեց 6-րդ անգամ

Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ «Գութան» ավանդական երգի-պարի փառատոնը։ Այն իրականացվում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ եւ հանդիսանում յուրահատուկ հարթակ, որտեղ ավանդական երգերն ու պարերը ներկայացվում են էթնիկ տարբերակով` առանց որեւէ ժամանակակից մշակումների:

Նպատակ եւ արդյունք

Այս տարի փառատոնը նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին։ Մասնակից խմբերը կատարեցին ողջ Հայաստանը ներկայացնող ավանդական երգեր եւ պարեր,  յուրաքանչյուր խումբ ներկայացավ կոմիտասյան ստեղծագործությամբ, ցուցադրվեց նաեւ վարդապետի մասին պատմող 5 կարճամետրաժ ֆիլմ։

«Գութան» փառատոնին


Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնն իրականացվում է 2014 թվականից եւ արդեն նկատելի արդյունքներ ունի։

«Կարծում եմ՝ հետզհետե մենք հասնում ենք նրան, որ մեր ավանդական երգն ու պարը դառնում են ավելի համատարած։ Մեր թիրախը հենց մեր հասարակությունն է, որ պետք է լինի մեր մշակույթի ոչ թե միայն ունկնդիրը, այլեւ կրողը, որից հետո միայն կարող ենք մտածել մեր ազգային մշակույթն այլ երկրներ արտահանելու մասին»,-նկատեց նա։

Արսեն Գրիգորյանը


Արսեն Գրիգորյանը պատմեց, որ փառատոնը սկսել են իրականացնել 7-8 խմբով, իսկ այսօր դրանց թիվը արդեն հասել է 19-ի։ Դրանք են ազգային երգ ու պար ներկայացնող «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Մասունք», «Տարոնցիներ», «Մարաթուկ», «Նուբար», «Գորանի», «Տնջրե» (Արցախ), «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ», «Սեբաստացիներ», «Բազմաբերդի Գորանի» խմբերը։

«Այս տարիների ընթացքում հսկայան երգեր ենք արխիվացրել, ամեն տարի հարյուրավոր երգեր կատարվում են այս բեմից եւ բարձրորակ ձայնագրվում, զետեղվում համանցանցում։ Այս կերպ մենք փորձում ենք պահպանել այդ երգերը եւ միեւնույն ժամանակ հանրահռչակել»,- ասաց փառատոնի հիմնադիրը։

Նա հավելեց, որ նպատակ ունեն փառատոնը տարածել նաեւ այլ մարզերում, եւ կընտրեն հատկապես այն քաղաքները, որտեղ մշակութային կյանքը պասիվ է։

«Գութան» փառատոնին


Վերադարձ արմատներին

Փառատոնն ունի իր հստակ սկզբունքները` ներկայացնել միայն ավանդական մաքրամաքուր երգեր ու պարեր, միայն կենդանի կատարումներով, կենդանի նվագակցությամբ՝ օգտագործելով մեր ազգային նվագարանները՝ դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ:

«Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը փառատոնին մասնակցում է առաջին իսկ տարվանից։ Համույթի ծրագրում ներառված են Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի տարբեր շրջանների երգեր, պարեր եւ պարերգեր։ Համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը հատկապես կարեւորում է այն տեղեկատվությունը, որ տալիս է «Գութանը»։

Ալեքսանդր Ավետիսյանը


«Այսօր օտար ելեւէջները մուտք են գործել մեր իրականություն, դրանք երգերում են, պարերում ու կենցաղում։ Փառատոնը փորձում է ետ բերել հասարակությանն այս գաղջ մթնոլորտից եւ վերադարձնել մեր մշակութային արմատներին»,-նշեց նա։

Ալեքսանդր Ավետիսյանի հագին Տրապիզոնի տարազն էր։ Համույթը ներկայացրեց Տրապիզոնի եւ Համշենի ազգային պարեր եւ կատարեց Կոմիտասի «Ալագյազ բարձր սարին» երգը։

«Զարթոնք» համույթը


Սիրել, գնահատել ու տարածել

«Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը ազգային մշակույթի տարածումը համարում է ազգային-քաղաքական խնդիր։

«Համույթը ստեղծվել է մեկ շատ կարեւոր նպատակով, այն է՝ ճիշտ հնչեցնել ազգային երգը։ Այսօր հեռուսատաալիքները եւ ռադիոալիքները վերածվել են հարսանյաց դահլիճների, իսկ աղբով լցված եթերն ազգային-քաղաքական լրջագույն խնդիր է։ Համույթը փորձում է ներկայացնել ազգային երգը իսկապես հայկական ձեւով՝ համաշխարհային երգի դպրոցի կանոններին համաձայն»,-նշեց նա։

Լուսինե Նազարյանը


«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր-ղեկավար Լուսինե Նազարյանը պատմեց, որ համույթը փառատոնի մեկնարկից ի վեր դարձել է «Գութան»-ի ընտանիքի անդամ։

«Ամեն տարի մասնակցում ենք նոր ծրագրով ու նոր ոգեւորությամբ։ «Գութան»-ի ավարտից անմիջապես հետո բոլորս կրկին կսկսենք մտածել հաջորդ տարվա անելիքների մասին։ Կփորձենք հասկանալ՝ որ շրջաններին դեռ անդրադարձ չի եղել, ինչ նյութեր կարող ենք պեղել եւ ներկայացնել»,- մանրամասնեց նա։

«Գութան» փառատոնին


Լուսինե Նազարյանը կարծում է, որ հասարակության զգալի մասն ազգային մշակույթը պարզապես չի ճանաչում։ Նա կարեւորում է հատկապես այն, որ երիտասարդներին պետք է փոխանցել ազգային մշակույթը, սովորեցնել սիրել, գնահատել ու տարածել այն։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport