×


Հագուստի եւ զարդերի ցուցադրությամբ մեկնարկել է «Fashion Forum Yerevan 2019»-ը

Հունիսի 25-ից 29-ը Հայաստանում անցկացվելու է «Fashion Forum Yerevan» ամենամյա միջոցառումը, որը համախմբում է հայ դիզայներներին եւ ոլորտի առաջատար մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից: Հնգօրյա միջոցառման պաշտոնական մեկնարկը տրվել է «Որդան կարմիր» հայկական գորգերի թանգարանում, որտեղ ներկայացված է հագուստի եւ զարդերի «Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը: BRAVO.am-ը հետեւել է երեկոյի ընթացքին, լուսանկարել է հյուրերին եւ զրուցել կազմակերպիչների հետ:

«Ժառանգություն» խորագրով ցուցադրությանը


Արդեն երկրորդ տարին անցկացվող այս միջոցառումը նպատակ ունի խթանել հայաստանյան նորաձեւության ոլորտի զարգացումն ու դառնալ յուրօրինակ հարթակ՝ միջազգային փորձագետների հետ գիտելիքի եւ փորձի փոխանակման, գործընկերային կապերի ձեռքբերման համար: Միջոցառումը նաեւ եզակի հնարավորություն է հայ դիզայներների եւ ոլորտի այլ ներկայացուցիչների համար` Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Շվեյցարիայից եւ այլ երկրներից ժամանած առաջատար մասնագետներին անձամբ հանդիպելու, նրանց հետ ոլորտին առնչվող հարցեր քննարկելու համար:

Միջոցառման կազմակերպիչներից դիզայներ Վահան Խաչատրյանը, ով նաեւ «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ է, մեզ հետ զրույցում նկատեց, որ սա առաջին մեծամասշտաբ միջոցառումն է Հայաստանում նորաձեւության ոլորտի զարգացման համար, եւ հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի.«Երկու տարի է՝ մեզ ֆինանսավորում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը: Այս անգամ միջոցառմանն աջակցում է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն: Հույս ունեմ` հաջորդ տարիներին նույնպես հնարավորություն կունենանք շարունակել նախագիծը»:

Վահան Խաչատրյանը


Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խորագրով ցուցադրությանը, ապա հայկական գորգերի թանգարանում ներկայացված են հայ դիզայներների հավաքածուներից որոշ նմուշներ՝ հագուստ, աքսեսուարներ, տարազներ, որոնց ստեղծման հիմքում հայկական մշակույթն է.«Հանձնարարություն էր տրվել դիզայներներին պատրաստել հատուկ հագուստներ՝ ոգեշնչված մեր մշակույթից, սակայն ոճային սահմանափակումներ չկային: Այստեղ կարող եք տեսնել , օրինակ, «Տերյան» մշակութային կենտրոնի տարազներից մի քանի նմուշ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր հայկական նորաձեւությունը նախկինում, եւ ինչպիսին է հիմա, թե որքանով են պահպանվել ավանդական տարրերը, եւ ինչից են ոգեշնչվում այսօրվա դիզայներներն իրենց հագուստները ստեղծելիս»,- նշեց Վահան Խաչատրյանը:

«Ժառանգություն» խորագրով ցուցադրությանը


«Fashion Forum Yerevan 2019»-ի բացմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Հայաստանում GIZ գրասենյակի ղեկավար Աննե Կեմպան, հայ դիզայներներ, մոդելներ եւ նորաձեւության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ցուցադրության առաջին հյուրերից էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով շրջեց տաղավարում եւ ծանոթացավ ներկայացված նմուշներին:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը


«Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը բաց է լինելու մինչեւ հունիսի 29-ը, իսկ մուտքն անվճար է: Այնպես որ, դուք նույնպես կարող եք այցելել Երեւանի ամենակոլորիտային վայրերից մեկը՝ «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարան, եւ ծանոթանալ հայկական մշակույթի ու նորաձեւության ժամանակակից մեկնաբանությանը հայ դիզայներների կողմից: Միջոցառման կազմակերպիչներն առաջարկում են բաց չթողնել նաեւ բոլոր այն վարպետության դասերը, որոնք անցկացվելու են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport