×


Համացանցում հայտնվել է Սիրուշոյի տեսահոլովակի թուրքական նմանակը

“I Like It” Սիրուշոյի հիթային նոր երգի տեսահոլովակը համացանցում հայտնվեց 11.11.11-ին` նախորդ տարվա նոյեմբերին: “Facebook”-ի հայ օգտատերերը “հայտնաբերել” են Սիրուշոյի “I Like It” տեսահոլովակի թուրքական նմանակը. ըստ Լառայի “Yolla” տեսահոլովակի թվագրության` այն համացանցում տարածվել է 2010-ի դեկտեմբերին: Այս թեման այժմ ակտիվ քննարկվում է սոցիալական ցանցում:

Սիրուշոն "I Like It" տեսահոլովակի նկարահանումներին


“Ֆեյսբուքյան” այս քննարկումներին մասնակցող որոշ օգտատերեր էլ որոշակի նմանություններ են տեսնում վերոնշյալ տեսահոլովակում Սիրուշոյի կերպարի եւ արտասահմանյան մի քանի երգիչների կերպարների միջեւ:  

BRAVO.am-ը թեմայի շուրջ զրուցել է Սիրուշոյի հետ, որը հիմա գտնվում է արտասահմանում: Ներկայացնում ենք երգչուհու` “կրկնօրինակելու” հետ կապված մեկնաբանությունները: 

Նշենք, որ երկրպագուների կողմից սիրված “I Like It”-ի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ժոռ Մելոյանը: Մոտ երկու ամսում “I Like It”-ը Սիրուշոյի “Youtube”-ի էջում գրանցել է 585 668 դիտում, ինչը բավական բարձր ցուցանիշ է հայկական շոու-բիզնեսի պարագայում:

Հատված թուրք երգչուհի Լառայի տեսահոլովակից


“Միանգամից ասեմ` անհեթեթություն է: Նման խոսակցություններ տարբեր ժամանակահատվածներում անընդհատ լսում եմ տարբեր բաների վերաբերյալ, բայց չեմ անդրադառնում, որովհետեւ չեմ կարեւորում: Գոյություն ունի տենդենց հասկացությունը, երբ աշխարհը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, եւ կան բաներ, որոնք այս պահին ավելի ակտուալ են, դա կլինի հագուստ, թե այլ բան: Բնականաբար, եթե ժամանակակից մարդ ես, եթե գաղափար ունես մոդայից, հետեւում ես այդ տենդենցներին: Դա իմ գործի մասն է կազմում, որովհետեւ ես եմ զբաղվում իմ հագուստով, տեսահոլովակներով եւ այլ շատ բաներով: Մերի Ստեփանյանն էլ այս դեպքում օգնել է իրականացնել իմ մտքերը: Ինձ հետ կապված ամեն ինչ, որ տեսնում եք, իմ մտքերն են”,-BRAVO.am-ին ասել է Սիրուշոն:

Իսկ տեսահոլովակների նմանության հարցին երգչուհին հետեւյալ պատասխանն է տվել. “Բնականաբար, կարող են լինել ինչ-որ բաներ, որոնք հիշեցնեն այլ տեսահոլովակներ: Օրինակ, Բեյոնսեն մի բան անում է, հետո նույնը տեսնում ենք Ռիհաննայի դեպքում, բայց դա չի նշանակում, որ Ռիհաննան կրկնօրինակել է:  Ուղղակի տենդենցն է այդպիսին: Եթե ես տաբատ եմ հագել տեսահոլովակում, մեկ ուրիշն էլ է հագել, նշանակում է կրկնօրինակե՞լ է: Գիտեք, ծիծաղելի է”:

“Երբ մեր տեսահոլովակը մոնտաժային փուլում էր, նկարներն էլ գցված էին ինտերնետում, Բեյոնսեն նորը թողարկեց, որտեղ նմանատիպ գլխարկ է կրում: Ուղղակի արտասահմանում բոլորն այլ տեմպերով են աշխատում, շատ ավելի կարճ ժամանակահատվածում են թողարկում: Ես համոզված եմ նաեւ, որ եթե փնտրեք, էլի հարյուրավոր տեսահոլովակներ կգտնեք օդանավի վրա, առջեւում, ետեւում նկարահանված: Հետաքրքիր է` ո՞ւմ էր հետաքրքիր թուրքական տեսահոլովակներ դիտել, անհասկանալի է”,- հավելել է Սիրուշոն: 

Հատվածներ Սիրուշոյի եւ Elena-ի տեսահոլովակներից


“Տարօրինակ ինչ-որ բաներ կան, որ ես չեմ էլ հասկանում: Յոթ տարեկանից երգում եմ: Փառք Աստծո, իմ հպարտություններից մեկն է նաեւ, որ անընդհատ ինչ-որ մտքեր ունեմ, որոնք կարող եմ արդար խղճով հանդիսատեսին ներկայացնել, առավել եւս, որ տեսնում եմ` իմ ելույթներից, տեսահոլովակներից հետո ինչքան բաներ են կրկնօրինակում Հայաստանում, դրան էլ շատ նորմալ եմ նայում: Երբեք չեմ ցանկացել, օրինակ, լինել Լեդի Գագան, որովհետեւ դա հիմա ժամանակակից է: Տենդենցին հետեւելն ուրիշ բան է. քայլում ես ժամանակի հետ` չկորցնելով քո ինքնուրույնությունը: Ես երբեք չեմ ցանկանա կորցնել իմ ինքնուրույնությունը, անգամ եթե դա ինչ-որ մեկի համար վատը լինի, կարեւորը գիտեմ, որ դա իմն է”,- նշել է երգչուհին:

Սիրուշոն BRAVO.am-ին ասել է` շուտով Հայաստան կվերադառնա ու կսկսի իրականացնել իր նոր մտահղացումները. “Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր չեն կասկածում իմ աշխատանքին, ովքեր չեն կորցնում իրենց սթափությունը”:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին