×


“ՀայՖեստ 2014”-ի բացման հայտնի հյուրերն ու սպասվելիք անակնկալները :)

“Թատերական իրարանցում” խորագրով հոկտեմբերի 1-ին մեկնարկել է 12-րդ “ՀայՖեստ”-ը: Այս տարի փառատոնի պաշտոնական բացման հյուրերը, որոնց թվում էին բազմաթիվ դերասաններ, բեմադրիչներ, արվեստագետներ, իրենց մաղթանքները փակցրել են վահանակի վրա եւ ստացել խորհրդանշական գրություններով թխվածքաբլիթներ:

Արթուր Ղուկասյանը եւ Արա Երնջակյանը


Միջազգային թատերական փառատոնի բացումը վստահված էր հունգարական “Լիվինգ Փիքչըրս” թատերախմբին, որը “Կենդանի մակերես” վիզուալ ներկայացմամբ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմը վերածել էր աշխարհագրական փոխակերպումների:

“ՀայՖեստ”-ի նախագահ Արթուր Ղուկասյանը նախքան ներկայացման դիտումը, ավանդույթի համաձայն, ողջունել է ներկաներին.“12 տարի մենք շարունակում ենք կազմակերպել փառատոն, 12 տարի ոչ անտարբեր մարդիկ հրավիրում են տարբեր մայրցամաքներից ոչ անտարբեր արվեստագետների, որպեսզի այստեղ ստեղծեն այն հիանալի երեւույթը, որը կոչվում է թատրոն: Ինչքան հաջողվի այս ոչ անտարբեր մարդկանց աշխատանքը, այդքան կաճի ոչ անտարբեր հանդիսատեսի քանակը, այսինքն` ձեր քանակը, սիրելի հանդիսատես: Ոչ թե գրաքննությունն ու ճնշումը, այլ անտարբերությունն է սպանում արվեստն ու ստեղծագործելու ազատությունը, այդ պատճառով էլ մենք ներգրավում ենք թատերասերներին”:

“Լիվինգ Փիքչըրս” թատերախմբի “Կենդանի մակերես” ներկայացմանը


“ՀայՖեստ”-ը հյուրընկալել է շուրջ 200 մասնակից` դերասաններ, թատերագետներ, արտմենեջերներ Ղազախստանից, Իրանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Իտալիայից եւ այլ երկրներից: Մեկ շաբաթ շարունակ երեւանյան թատրոններում կարող եք դիտել մուլտիմեդիա ներկայացումներից մինչեւ ներառական պարեր, մանկական, երաժշտական, դրամատիկական, նաեւ բացօթյա բեմադրություններ:

Փառատոնի կարեւոր ներկայացումներից են` “Ջուրը`գդալ-գդալ” (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), “ԱրտեւՇոք” թատրոնի (Ղազախստան) “Պուշկին stand-up”, “Մոդեռն” թատրոնի (Ռուսաստան) “Մահացած պարեր”, “Դոկ” թատրոնի (Ռուսաստան) “150 պատճառ հայրենիքդ ատելու համար”, “Լիվինգ փիքչըրս” թատրոնի (Մեծ Բրիտանիա) “Խելագարի հիշատակարանը”, “Ֆրեյս Բոզեն” թատրոնի (Իտալիա) “Տեսարան`արգոնավտների հետ”: 

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը


Փառատոնի կազմակերպիչների խոսքով` ներկայացումների մուտքն անվճար է, ինչը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին դիտել եւ գնահատել արտերկրյա ժամանակակից թատրոնի ներկայացումները: “ՀայՖեստ 2014”-ի ծրագրին ծանոթացեք այստեղ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW