×


Հայաստանի «Ազատության գույները» թափանցել են ֆրանսահայ արվեստագետների սրտերը

Այսօր երեկոյան Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կբացվի «Ազատության գույները» խորագրով ցուցահանդես։ Երաժշտության ուղեկցությամբ կմեկնարկի ֆրանսահայ, ֆրանսիացի եւ հայ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 31-ը։

Ցուցահանդեսի կազմակերպիչ, նկարիչ Վաչե Դեմիրճյանը BRAVO.am-ին պատմեց, թե ինչպես են ստեղծվել «Ազատության գույները»։ Փարիզում բնակվող նկարիչը մոտ 7 տարի առաջ ստեղծել է «Դիասփորարթս» կազմակերպությունը, որտեղ համախմբել է սփյուռքում ստեղծագործող արվեստագետներին, այսօր հենց նրանց աշխատանքներն են, որ հասել են Երեւան եւ ցուցադրվելու են հայրենակիցների գործերի հետ մեկտեղ։ Այս տարվա մայիսին Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում կայացած այս ցուցահանդեսը մեծ ուշադրության է արժանացել, հենց այդ ժամանակ էլ նկարիչները հրավեր են ստացել ներկայացնելու իրենց աշխատանքները ՀԲԸՄ-ի ցուցասրահում։


Վաչե Դեմիրճյանը նշեց, որ ներկայացված գործերը ստեղծվել են վերջին մեկ տարում՝ հայաստանյան իրականությունից ոգեշնչված.«Մեկ տարի առաջ ընկերներով որոշեցինք, որ Երեւան պետք է գանք եւ ցուցահանդես անենք` «Ազատության գույներով»։ Շատ կարեւոր է մեզ համար, որ ցույց տանք ոչ միայն այն, ինչ զգացել ենք շարժման ընթացքում, այլեւ շնորհակալություն հայտնենք Հայաստանի ժողովրդին։ Ցանկանում ենք ցույց տալ, որ մենք ձեզ հետ ենք, ձեզ հետեւում ենք եւ մեր սիրտը նույն ռիթմով է բաբախում»։

Տասն արտիստ Փարիզից իրենց աշխատանքները կներկայացնեն երեւանյան գործընկերների հետ համատեղ։ Վաչեն պատմեց, որ Հայաստանից երիտասարդ արվեստագետների է հրավիրել՝ իրենց հետ ցուցահանդեսին մասնակցելու. «22-23 տարեկան են, ցանկացա իրենց համար էլ պատուհան բացել, որ իրենք էլ արվեստի ճանապարհի մեջ մտնեն, որովհետեւ դժվար է լավ սրահներ գտնել ե՛ւ Երեւանում, ե՛ւ Փարիզում»։

Մեզ հետ զրույցում դեռ երկրորդ կուրսի ուսանող, քանդակագործ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է նման արվեստագետների գործերի կողքին իր աշխատանքները ներկայացնել.«Առաջին փորձս է, ոգեւորությունը մեծ է»,-նշեց նա։ Քանդակագործը, սակայն, ոչ թե քանդակ, այլ պոլիէթիլենային տոպրակով, գունավոր սկոտչերով յուրօրինակ ինստալացիա կներկայացնի։

Կերպարվեստի գործերի կողքին կներկայացվեն նաեւ Ապիկ Չաքերյանի լուսանկարները։ Լուսանկարչի աչքը ֆիքսում եւ արվեստի է վերածում առարկաների դետալները, որոնք եւս «ազատության գույներով» են ստացվել։

Նկարիչ Վաչե Դեմիրճյանը


Փարիզից ժամանած արվեստագետների շարքում երկու ֆրանսիացի կա, նրանք հենց «Դիասփորարթս»-ի անդամ են։ Այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ «հայկական շունչ» ունեցող կազմակերպություն են մտել այլազգի նկարիչները, Վաչեն պատասխանեց, որ կազմակերպությունը բաց է ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրյա արվեստագետների համար։ «Մեզ համար կարեւոր է, որ «հայության մեջ չընկղմվենք», այլ բաց լինենք»,-ավելացրեց նա։

Սակայն կազմակերպությանն անդամակցելու համար պետք է յուրաքանչյուր արտիստ մոտ լինի հայկական մշակույթին եւ «հայկական նրբությունն» ունենա։ Սփյուռքահայ արվեստագետը կազմակերպությունը ստեղծել է, որպեսզի հայ նկարիչները մոտենան իրար, մի քիչ ընտանեկան մթնոլորտում աշխատեն։ «Ամբողջ աշխարհում արվեստագետները փոքր-ինչ անհատական մոտեցում ունեն, նպատակն է միացնել եւ միասին ցուցահանդեսներ անել ամբողջ աշխարհում»,-նկատեց նա։ Իսկ առանց հովանավորների ցուցահանդեսներ կազմակերպելը, ըստ արվեստագետների, իրենց խենթության արդյունքն է։ «Եթե խենթ չլինես, չես կարող ցուցադրել։ Եթե որեւէ գործ վաճառվի, ուրախ կլինենք, բայց այդ նպատակով չենք այստեղ։ Մեր նպատակն է կամուրջ կառուցել սփյուռքի եւ Հայաստանի միջեւ»,-ասաց Վաչե Դեմիրճյանը։

Արվեստագետների մեկ տեղում լինելը եւ բոլորի հետ աշխատելը դյուրին չէ, բայց Վաչեին հենց դժվարություններն են օգնում ճանաչել նրանց եւ հասկանալ, թե ինչպես պետք է վարվել։

Նկարիչ Վաչե Դեմիրճյանը


Իսկ թե ինչն է ոգեւորում Վաչեին ստեղծագործելու համար, նա ժպիտով պատասխանեց` Հայաստանը.«30 տարի է՝ կապ եմ պահում Հայաստանի հետ, միշտ երազել եմ այստեղ ապրել, եւ վարչապետի արած քայլերն ինձ համար շատ տպավորիչ են։ Մտադիր եմ առաջիկայում այստեղ գալ եւ հաստատվել, ինձ համար շատ կարեւոր է ապրել իմ հողի վրա՝ չնայած՝ այստեղ չեմ ծնվել»։

Արվեստագետը ծնվել է Լիբանանում, այնուհետեւ ծնողների հետ տեղափոխվել Ֆրանսիա։ Վաչեն Փարիզում համագործակցում է հայկական դպրոցների հետ եւ մանուկների հետ աշխատելու իր մեծ փորձով օգնում է նաեւ Հայաստանի դպրոցներին։

«Ես ինձ նկարիչ չեմ համարում, այլ ապրում եմ նկարչության համար։ Ինձ շատ բախտավոր եմ համարում, որ փոքր տարիքում ունեցա Վազգեն Թութունջյան անունով ուսուցիչ՝ Լիբանանի «Վահան Թեքեյան» դպրոցում, ով ինձ նկարչության շունչը տվեց։ Ես էլ ուզում եմ այդ շունչը տարածել շուրջս, որ մարդիկ ավելի լավ ապրեն, արվեստը լավ ապրելու միջոց է. հարստության հետ կապ չունի, շքեղ մեքենա կամ գեղեցիկ տուն ունենալու հետ կապ չունի, արվեստն ամեն ինչից բարձր է, եւ հենց դա է, որ ինձ ուղղորդում է ավելի առաջ գնալ»,-եզրափակեց նկարիչը։

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Վաչե Դեմիրճյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport