×


Հայկական կինոյի աստղաբույլը` «Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերային

Հայտնի դերասաններ, հետաքրքիր ու լարված սյուժե. Արշո Հարությունյանի նոր՝ «Անհայտ բաժանորդ» ֆիլմն արդեն հայաստանյան կինոթատրոնների մեծ էկրաններին է: Երեկ տեղի ունեցած պրեմիերային ներկա էր նաեւ ֆիլմի ստեղծագործական կազմը: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել առաջին ցուցադրությանը, լուսանկարել է եւ զրուցել ռեժիսորի ու դերասանների հետ:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը եւ Արթուր Մանուկյանը: Ըստ սյուժեի՝ 7 մտերիմ ընկեր հավաքվում են՝ միասին հաճելի ժամանակ անցկացնելու: Նրանք որոշում են մի անսովոր խաղ խաղալ, որի համաձայն՝ բոլորը պիտի սեղանին դնեն իրենց բջջային հեռախոսները եւ այդ ընթացքում բարձրաձայն ընթերցեն մուտքային հաղորդագրությունները, բարձրախոսով պատասխանեն բոլոր զանգերին: Համերաշխ ընկերները նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ կործանիչ գաղտնիքներ են բացահայտվելու այդ խաղի ընթացքում:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերային


Հարաբերությունների կատակերգություն՝ այսպես է բնորոշում ռեժիսորն իր նոր կինոնկարը, որը նկարահանված է իտալական հայտնի «Կատարյալ անծանոթները» ֆիլմի սցենարի հիման վրա: Սա, իհարկե, չի նշանակում, որ կինոդիտողն էկրաններին տեսնելու է նույնատիպ գործողություններ, ընդհակառակը՝ ֆիլմի հայկական տարբերակում ռեժիսորական նոր լուծումներ են ու նոր մեկնաբանություն: Արշո Հարությունյանն իր խոսքում նկատեց, որ եթե հայ կինոսերները դիտեն ֆիլմն ու հավանեն, ուրեմն՝ բրավո դերասաններին, իսկ եթե չհավանեն, ուրեմն մեղավորն ինքն է.«Ես իսկապես այդպես եմ մտածում, քանի որ հրաշալի, յուրաքանչյուր ռեժիսորի համար երազելի դերասանական խումբ է նկարահանվել ֆիլմում»:

Խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել եւ ինչ փոփոխություն է բերել ֆիլմը հենց դերասանների կյանքում, Նազենի Հովհաննիսյանն ընդգծեց, որ ցանկացած ֆիլմ, կամ ցանկացած թատերական ներկայացում ազդում է դերասանի վրա նույնքան, որքան՝ հանդիսատեսի եւ կինոդիտողի.«Եվ դա է ամբողջ նպատակը որեւէ ստեղծագործություն կերտելու: Այո, մենք բոլորս ունեցել ենք այդ հասունացումը նկարահանումների ընթացքում: Չկա անսխալական մարդ, եւ մենք այս գաջեթներով անընդհատ փորձում ենք մեզ ու մեր կյանքը ֆոտոշոփել, խմբագրել, ցույց տալ մեզ իդեալական՝ անկախ նրանից հայտնի ենք, թե անհայտ: Այդ հեռախոսներով մենք չենք խաբում դրսին, մենք խաբում ենք ինքներս մեզ: Գուցե հենց սա է այն հիմնական հաղորդագրությունը, որը փորձում է տեղ հասցնել ֆիլմը»:

Արշո Հարությունյանը եւ Դիանա Շատվերյանը


Խորեն Լեւոնյանն էլ ասաց՝ իր կյանքում փոխվել է այն, որ ավելի է մտերմացել ֆիլմում հանդես եկող բոլոր մարդկանց հետ.«Ես, օրինակ, Անի Խաչիկյանին չէի ճանաչում, իսկ հիմա իրեն շատ եմ սիրում, ընկերներ ենք բոլորս: Իմ ձեռքբերումը դա էր, ինչի համար շատ ուրախ եմ»:

Իրեն բնորոշ համառոտ խոսքով Սոս Ջանիբեկյանն էլ նշեց, որ իր համար ֆիլմի իմաստը հետեւյալն է՝ ամենամեծ պարզ դրությունն ամենամեծ քաոսն է: Նրա այս միտքը կարծես դուր եկավ մյուս դերասաններին, ու որոշեցին միանալ Սոսի այդ խոսքին: Շարունակելով միտքը՝ Անի Խաչիկյանը նշեց, որ ֆիլմը որոշակի առումներով նաեւ լուծումներ է տալիս՝ փոքր-ինչ զգոն լինելու, ավելի ուշադիր եւ հոգատար լինելու.«Այն մասին չէ, թե որքան ավելի լավ կարող ենք թաքցնել մեր նամակներն ու կյանքը: Իհարկե, անձնական տարածքը պետք է հարգել, ոչ ոք դա չի հերքում, բայց պետք է ընտրությունների ու որոշումների մեջ ավելի նրբանկատ լինել նաեւ կողքինների հանդեպ, այն մարդկանց հանդեպ, ովքեր քեզ համար գին ունեն ու կարեւոր են»:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմի պրեմիերային


Եթե ուզում եք տեսնել եւ պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակում կարող էիք հայտնվել, եթե ձեր ընկերներն ու հարազատները բարձրաձայն կարդային ձեր բջջայինի բոլոր նամակները, կամ էլ նրանց ներկայությամբ պատասխանեիք բոլոր զանգերին, ապա «Անհայտ բաժանորդ» ֆիլմ-նախազգուշացումն արդեն ցուցադրվում է Հայաստանի բոլոր կինոթատրոններում:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport