×


Հայկոյի քաղաքական հումորն ու “Սուպեր մամա”-ի պրեմիերայի կարեւոր մյուս դրվագները :)

“Սուպեր մամա” ռոմանտիկ կինոկատակերգության շնորհանդեսը երեկ` հոկտեմբերի 7-ին, “Մոսկվա” կինոթատրոնում համախմբել էր ֆիլմի անձնակազմին, նրանց մտերիմներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Պրեմիերայից առաջ գլխավոր դերակատարները լրագրողների հետ զրույցում պատմել են ֆիլմի ստեղծման, աշխատանքային մթնոլորտի եւ իրենց կերպարների մասին:

Արման Մարտիրոսյանը, Հայկ Մարությանը, Անի Խաչիկյանը եւ Գարիկ Պապոյանը


1 ժամ 50 րոպե տեւողությամբ սիրային պատմությամբ ֆիլմում նկարահանվել են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Արման Մարտիրոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփինե Գաբրիելյանը, Սամվել Սարգսյանը եւ այլք, ռեժիսորներն են Վահագն Խաչատրյանն ու Արման Մարությանը, սցենարի հեղինակը Վարդան Զադոյանն է, համահեղինակը` Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանի խոսքով` կատակերգության ստեղծումը մտահղացումից մինչեւ պրեմիերա տեւել է մեկ տարի, ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 250 հազար դոլար, նկարահանման մեծ մասն ընթացել է Երեւանում, որոշ մասը` Դիլիջանում.“Ֆիլմը պարունակում է դրամայի տարրեր, կա նաեւ սիրո պատմություն: Սցենարն օրիգինալ է, արտերկրյա ֆիլմերի սյուժեներին չենք կրկնօրինակել”:

Հայկ Մարությանը` "Սուպեր մամա" ֆիլմի պրեմիերային


Հարցին, թե ինչու Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, ընդգրկված չէ ֆիլմում, Հայկոն պատասխանել է.“Դերասաններն ընտրվել են ըստ կերպարների, եւ Մկոյին համապատասխան դեր չկար: Վաղը կարող է նկարվել ուրիշ ֆիլմ, որում Մկոյին, որպես դերասան, առաջարկ լինի”:

Գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ նկարահանված Գարիկ Պապոյանը նշել է, որ նման ցանկություն վաղուց է ունեցել.“Մի ուրիշ, շատ հետաքրքիր աշխարհ ես բացահայտում: Կարող էի այս ֆիլմը որպես հանդիսատես դիտել եւ ուրախանալ, բայց հնարավորություն ունեցա դառնալ մասնակից ու այս անձնակազմի անդամ: Ինչքան էլ նոր կերպարում լինես, քո ձայնն է, քո դեմքն է, չես կարող հեռու փախչել, բայց այս դերս իմ նախկին դերերի հետ կապ չունի, այս անգամ ինձ բաժին է ընկել կինոյի չար հերոսը: Որպես դերասան հմտացել եմ բեմի վրա, որտեղ հանդիսատեսի արձագանքն ու գնահատականը ծիծաղի, ծափերի տեսքով եմ զգացել, բարդ էր խաղալ ու միանգամից արձագանք չտեսնել. չէի հասկանում` ծիծաղելի եմ ասում, լավ եմ խաղում, թե ոչ: Ինձ համար եւս մեկ դպրոց էր”:

Կադր "Սուպեր մամա" ֆիլմից


Անի Խաչիկյանի համար հեշտ ու հաճելի է եղել այս թիմի հետ աշխատելը.“Մեծ փորձառություն ու պարարտ հող էր նոր բաներ սովորելու համար: Բուռն ու հետաքրքիր աշխատանքային ընթացք էր այնպիսի մարդկանց հետ, որ իրենց գործն անում եմ գերլավ, բացի այդ, նկարահանումից դուրս դարձանք լավ ընկերներ”:

Ամենափոքր մասնակիցը` Արման Մարտիրոսյանը, ֆիլմում “Սուպեր մամայի” որդին է դառնում.“Լավ անձնակազմն ամեն ինչ անում էր, որ լավ ֆիլմ ստանա, մենք էլ ուրախ լինենք: Դժվար պահեր եղել են, բայց այնպես ենք արել, որ դժվար չլինի:)”:

Արփինե Գաբրիելյանը թեեւ նկարահանվել է էպիզոդիկ դերով, ուրախ է իր մասնակցության համար.“Հանդես եմ գալիս մոտ 6-7 տեսարանում: Սկզբում չէի կարծում, որ կմարմնավորեմ դեբիլ աղջկա, բայց սցենարին ծանոթանալուց հետո որոշեցի ինձ փորձել այս թեթեւ-հումորային կերպարում”:

Արփինե Գաբրիելյանը` "Սուպեր մամա" ֆիլմի պրեմիերային


Առաջին ցուցադրումից առաջ Հայկ Մարությունը բեմից ողջունել ու բարի դիտում է ցանկացել ներկաներին.“Բարի երեկո ՀՀկ-ական, ԲՀԿ-ական, ՀԱԿ-ական, ինչո՞ւ չէ, նաեւ դաշնակցական, ժառանգական հանդիսատես. ՕԵԿ-ից մարդ կա՞:): Մի խոսքով` շատ հաճելի է, որ այսօր ներկա եք ֆիլմի շնորհանդեսին, օրը հենց այնպես չէ որոշված. hոկտեմբերի 7-ը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Հայաստանը գնում է այդ ճանապարհով, մենք էլ փորձեցինք մի փոքր օգնել: Քաղաքականությունից մի կողմ գնանք, շնորհակալություն ամբողջ անձնակազմին դժվար աշխատանք կատարելու համար, ամեն քայլափոխին մեզ օգնում էին մեր ընկերներն ու հարազատները”:

Թե ինչու է թատերական կրթությամբ Կարենը դառնում “Սուպեր մամա” Կարինե, ինչ արկածներ են սպասվում հերոսներին, քաղաքական ինչ հումորներ են առկա ֆիլմում, այսօրվանից կարող եք դիտել ու գնահատել մայրաքաղաքի կինոթատրոններում: Ֆիլմի ռեժիսոր Վահագն Խաչատրյանի փոխանցմամբ` այն հեռուստատեսությամբ, հավանաբար, կցուցադրվի 2015 թվականի մարտի 8-ին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին