×


Հայկո.«Երազանքս է, որ վաղն ամեն ինչ լավ ու անխափան անցնի»

Տասը տարի առաջ հանդիսատեսը դուրս եկավ Մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճից` հույս ունենալով կրկին վերադառնալ սիրված երգչի համերգին: Եվ ահա վաղը` սեպտեմբերի 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` այս անգամ համերգային դահլիճում, տեղի կունենա Հայկոյի երկար սպասված մենահամերգը: BRAVO.am-ը երեկ ներկա էր համերգի փորձին, որի ընթացքում երաժիշտը կիսվեց առաջիկա միջոցառման հետաքրքիր մանրամասներով եւ, փակագծերը մինչեւ վերջ չբացելով, ներկայացրեց այն անակնկալները, որոնք սպասվում են հանդիսատեսին:

Հայկոն


- Հայկո, մենահամերգին հաշված ժամեր են մնացել: Ի՞նչ զգացողություններ, սպասումներ ունես:
- Դե, առաջին հերթին մեծ պատասխանատվության զգացողությունն է, որովհետեւ համերգին ներկա են լինելու այն մարդիկ, ովքեր տարիների ընթացքում հետեւել են, լսել են ինձ, գիտեն ու սիրում են երգերս: Գիտակցում եմ, որ պետք է մի լավ գործ անեմ երկրպագուներիս համար: Ամենակարեւոր ցանկությունս ու երազանքս այն է, որ ամեն ինչ լավ, անխափան անցնի:

- Ե՞րբ հասկացար, որ ժամանակն է  նոր մենահամերգով հանդես գալ:
- Եթե հիշում եք, իմ վերջին մեծ մենահամերգը տեղի ունեցավ 10 տարի առաջ` 2006 թվականին, Համալիրի սպորտային դահլիճում: Դրանից հետո բավական երկար դադար եղավ: Բայց այդ ընթացքում միշտ երազում էի, որ նորից համերգ ունենամ, որովհետեւ այն արտիստի համար հանդիսանում է արված գործերի ամփոփում, այսինքն`ցանկություն կա քո ընկերներին, երկրպագուներին ներկայացնել տարիների ընթացքում արածդ աշխատանքը` ֆիլմերի սաունդթրեքեր, երգերի գործիքավորում եւ այլն: Ու քանի որ ինքս էլ ավելի շատ երաժիշտ եմ, քան երգիչ, միշտ երազում եմ կենդանի համերգ ունենալու մասին: Բայց, ցավոք, մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, որտեղ տարբեր անցանկալի իրադարձություններ են տեղի ունենում, եւ այդ ամենն իր ազդեցությունն ունենում է նաեւ արվեստագետների ու նրանց աշխատանքի վրա: Այդ իսկ պատճառով էլ տարբեր հանգամանքներով պայմանավորված` համերգը տեղի չի ունեցել: Իսկ հիմա, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է թե՛ սահմաններին, թե՛ մեր քաղաքում ու մեր երկրում: Դրա համար էլ սիրով պետք է անենք այս համերգը: 

- Ի՞նչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին այս անգամ` նոր երգեր, հատուկ հյուրեր, զուգերգեր...
- Այդ ամենը, ինչ թվարկեցիք, լինելու է: Համերգը տարբերվում է նրանով, որ առաջին անգամ ես հանդես եմ գալու ֆիլմերի սաունդթրեքերով, այսինքն` նվագելու եմ նվագախմբի հետ: Այդպիսի մի համերգ փոքր ձեւաչափով արել եմ Գյումրիում: Մենք այնտեղ փորձարկեցինք նախագիծը, որպեսզի տեսնենք` ինչպես է ստացվում, իսկ հիմա արդեն ավելի լայն մասշտաբով, հրավիրված երաժիշտներով կիրագործենք: Երեւի կարելի է մի քիչ գլուխ գովել ու ասել, որ Հայաստանում առաջին անգամ մուլտիմեդիա համերգ է լինելու, այսինքն` հանդիսատեսը լսելու է երաժշտություն եւ դիտելու է ֆիլմ, որը նկարահանված է հատուկ այս համերգի համար: Փակագծերը, իհարկե, չեմ բացի, բայց համերգի համար մի քանի մասանոց ֆիլմ է նկարահանվել: Համերգի ամեն վայրկյանը մտածված է:

Հայկոն երաժիշտ ընկերների հետ պատրաստվում է իր մենահամերգին


- Հասկանալի է, որ բենդի հետ ես ելույթ ունենալու: Կներկայացնե՞ս այն երաժիշտներին, որոնց հետ համագործակցում ես:
- Խմբի հիմնական կազմում են թմբկահար Արման Ջալալյանը` Մանչը, նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահագն Հակոբյանը եւ Էդուարդը: Իրենք ինձ հետ են եղել իմ բոլոր համերգների ժամանակ: Միասին հանդես ենք եկել Միացյալ Նահանգներում, Սիրիայում, Բեյրութում, եվրոպական տարբեր երկրներում, Հայաստանում ու Արցախում: Իսկ այսօր արդեն խումբն ընդլայնվել է, կան երաժիշտներ, որոնք նոր են ինձ հետ աշխատում, բայց Հայաստանի լավագույն երաժիշտներն են: Իսկ ֆիլմերի սաունդթրեքերի համար հատուկ երաժիշտներ ենք հրավիրել: Ինձ թվում է` հանդիսատեսի համար հետաքրքիր է լինելու նաեւ երաժիշտներին լսել, ոչ միայն՝ ինձ: 

- Մի փոքր շեղվենք թեմայից. ավելի վաղ ասել էիր, որ աշխատում ես նոր ալբոմի թողարկման վրա: Ե՞րբ պատրաստ կլինի նոր ձայնասկավառակը:
- Արդեն բավական գեղեցիկ երգեր պատրաստ են: Օրինակ՝ «Սիրո հավերժ քաղաքը» , որի տեսահոլովակը վերջերս թողարկեցի եւ ընտրեցի որպես համերգիս խորագիր: Վաղը նոր ալբոմից շատ երգեր կհնչեն: Այնպես որ, էլի սպասվում է շատ հետաքրքիր, հուզիչ, լավ երգերով սկավառակ:):

-Հանդիսատեսը ծանոթ է հայկական ֆիլմերի համար գրված քո սաունդթրեքերին: Բայց գիտեմ, որ սկսել ես համագործակցել նաեւ ռուսական ընկերությունների հետ եւ երաժշտություն ես գրում ռուսական ֆիլմերի համար: Կպատմե՞ս, թե ինչ աշխատանքներ են դրանք:
- Այո, առաջիններից էր «Домик в сердце» ֆիլմը, որից հետո արդեն սկսեցինք աշխատել «Россия» հեռուստաալիքի «Золотой глаз» նախագծի վրա: Դրանից հետո է՛լ ավելի մեծ մասշտաբի աշխատանք տարվեց «Մարս Մեդիա» ընկերության հետ՝ «Երկրաշարժ» ֆիլմի համար, որը ցուցադրվեց բազմաթիվ երկրներում, ինչի համար շատ հպարտ եմ, որովհետեւ շատ մեծ առաջընթաց էր: Կարծում եմ` ստացվել է, որովհետեւ ֆիլմը Մարբելայի կինոփառատոնում մրցանակ ստացավ «Լավագուն երաժշտություն» անվանակարգում: Մրցանակն արդեն եկել է Հայաստան, եւ հուսով եմ` շուտով կվերցնեմ այն: Վահագն Գեւորգյանի մոտ է, ով հանդիսանում է նախագծի պրոդյուսերը, նա ցանկանում է՝ պաշտոնական մի օր լինի, որ այդ մրցանակը փոխանցի ինձ:

Հայկոն պատրաստվում է երեւանյան մենահամերգին


- Հայկո, արդեն պարզ է՝ շուտով կլինեն նաեւ նոր երգեր, իսկ նոր տեսահոլովակներ սպասե՞նք առաջիկայում:
- Մեկ տեսահոլովակ արդեն նկարահանված է, բայց սպասում ենք՝  համերգից հետո եթեր տանք: Առաջիկայում էլ գեղեցիկ երգեր կան, որոնց վրա տեսահոլովակներ են նկարահանվելու տարբեր ռեժիսորների կողմից: Եվ կարծում եմ` համերգս էլ այնպիսի պրոֆեսիոնալ ձեւով է նկարահանվելու, որ կարելի է ասել՝ 2 ժամանոց տեսահոլովակ կլինի:):

Զրուցեց Աստղիկ Իսկանդարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport