“Թրաֆիքինգ”. այսպես է կոչվում գեղարվեստական ֆիլմը, որն այժմ նկարահանում է “Անիմուս” կինոյի եւ թատրոնի ստուդիայի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նաիրա Ասրյանը: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ կարճամետրաժ վավերագրական ֆիլմերից հետո սա իր առաջին ծավալուն աշխատանքն է, որի սցենարը գրել է իրական դեպքերի եւ փաստերի հիման վրա` զրուցելով թրաֆիքինգի զոհ դարձած երիտասարդների հետ, ուսումնասիրելով նրանց պատմությունը:
“Թրաֆիքինգ” խաղարկային ֆիլմի երեւանյան պրեմիերան նախատեսված է աշնանը
“Ցավալի է, որ Հայաստանում էլ նման դեպքեր կան: Չենք կարող աչք փակել այս խնդրի վրա, եւ ֆիլմը խրատական բնույթ է կրում: Երիտասարդները, հավատալով գունավոր երազներին, հայրենիքից հեռանում են` հայտնվելով ստրկական վիճակում: Զրուցել եմ Դուբայ մեկնած աղջիկների հետ, ովքեր ենթարվել են թրաֆիքինգի, չկա ոչ մի ֆանտազիա ու կեղծիք: Սցենարը երրորդ անգամ վերանայելուց ու շտկումներ անելուց հետո համոզվեցի, որ կարելի է էկրանավորել: Թեման բարդ է, կփորձենք լավ ներկայացնել”,-ասել է Նաիրա Ասրյանը:
“Թրաֆիքինգ” ֆիլմի նկարահանումներին
“Թրաֆիքինգ”-ում նկարահանվել են Հայկ Աֆրիկյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արթուր Հակոբյանը, մոդել Նաիրա Մովսիսյանը եւ այլք: Ինչպես նշել է հեղինակը, դերասանական կազմն ընտրելիս չի կենտրոնացել հայտնի անունների վրա.“Միշտ չպետք է նույն դեմքերը երեւան, կարելի է բացահայտել շնորհալի նոր դերասանների: Ֆիլմում ընդգրկել եմ նաեւ մի հերոսուհու, որը, կարծում եմ, շատ ավելի լավ կխաղա իր մաշկի վրա զգացածը, քան դերասանուհիները”:
Նաիրա Մովսիսյանը
Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում եւ Իրանում: Նաիրա Ասրյանը նշել է, որ գումար է ներդրել իր գրպանից, իսկ արտերկրում աջակցել է հայկական “Արարատ” միությունը.“Սպասում եմ այլ ներդրողների փոխանցումներին. ծախսատար աշխատանք է: Փորձում ենք կապեր հաստատել, որ ֆիլմը ցուցադրվի ոչ միայն Հայաստանում”:
Ըստ հեղինակի` “Թրաֆիքինգ” խաղարկային ֆիլմի երեւանյան պրեմիերան կկայանա աշնանը:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նաիրա Ասրյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: