Հայկ Մարությանը նախատեսում էր այս տարի նկարահանել «Սուպեր Մամա» կինոկատակերգության երկրորդ մասը, սակայն պլանները փոխվել են.«Երբ պիտի սկսեինք, Արցախում իրավիճակը լարվեց, եւ մեր թիմը հումորային ֆիլմ նկարելու տրամադրություն չուներ։ Այս տարվա համար արդեն ուշ է, իմաստ չկա, հետաձգել ենք մինչ մյուս տարի»:
Հայկ Մարությանը
BRAVO.am-ի հետ զրույցում դերասան-պրոդյուսերն ասել է նաեւ, որ այլ ժանրի ֆիլմ դեռեւս չեն նախաձեռնում. «Օրինակ՝ եթե պատրաստ լինենք հայրենասիրական թեմային, կնկարենք։ Մեր կազմն ուզում է աշխատել այն ժանրում, որն ամենալավն է կարողանում»։
Պատմել ենք, որ Հայկն ապրիլից ռազմահայրենասիրական «5165» կամավորական ջոկատի կազմում պարբերաբար մեկնում է Արցախ՝ Ղարաբաղյան ազատամարտի հերոս Արթուր Ալեքսանյանի հրամանատարությամբ. «Ընկերներով փորձում էինք անհրաժեշտ հումանիտար օգնությունը հասցնել դիրքեր։ Մայիսի 18-ին վերադարձել ենք, բայց դադար չենք տվել. այժմ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ճանապարհաշինարարական աշխատանքով ենք զբաղվում, մի քանի օր առաջ ուսումնասիրում էինք, թե ինչ տեխնիկա է հարկավոր։ Նախաձեռնությունն անում ենք ընկերներով՝ Արթուր Ալեքսանյանի, Հրանտ Թոխատյանի, Վազգեն Ասատրյանի հետ»։
Նա կարծում է` պատերազմական գործողություններից հետո հայրենիքի սահմանների պաշտպանները մարտական են առայսօր.«Իրենց համար ոչինչ չի փոխվել, հիմա էլ դուխով ծառայում են։ Պարզապես պատերազմի ժամանակ ավելի անհրաժեշտ են դառնում հումանիտար օգնությունն ու սպառազինությունը։ Խրամատներում պայմաններ չկան, թեեւ հիմա հիգիենայի հարցերը լուծելն ավելի հեշտ է։ Զինվորը գիտի, որ բանակը տուն կամ հյուրանոց չէ. անկախ ռազմական գործողություններից, այնտեղ ապրելը հեշտ չէ։ Ծառայողներն ամեն ինչի կարիք ունենում են, օրինակ` ես ծառայությունից դուրս առաջինը գնում էի պաղպաղակ ուտելու։ Զինվորը պարզ, մարդկային ուշադրության կարիք ունի, ինքս շատ կուրախանայի, եթե անծանոթից ոգեւորող նամակ ստանայի։ Բանակի հանդեպ ուշադրությունը եւ հիմա է անհրաժեշտ, եւ մեկ տարի առաջ, եւ իմ ծառայության տարիներին էր պետք»։
Հայկ Մարությանը սոցցանցում ակտիվ օգտատեր է, սակայն չի անդրադառնում Արցախին վերաբերող իր գործողություններին.«Ես գրում ու իրազեկում եմ այն թեմաների մասին, որոնք, կարծում եմ, հանրությանն անհրաժեշտ են։ Ուզում եմ` դրանք օգտակար լինեն, ինչ-որ նպատակի ծառայեն։ Առանց իմ իրազեկելու էլ հայությունը լավ գիտի, որ երկիրը ծանր կացության մեջ է։ Պետությունն իր գործառույթները պիտի անի, հո՞ միայն հարկ հավաքելու, փողոց մաքրելու համար չէ։ Իրականում ապրիլյան պատերազմով ոչ թե վերջացավ, այլ ամեն ինչ սկսվեց… Մենք պետք է բոլոր պետական, ռազմական մոտեցումները վերանայենք, գիտակցենք, որ նոր փուլի մեջ ենք մտնելու»։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: