×


Հայկ Պետրոսյանը` ընտանիքի, ֆինանսների եւ «Անկոչ հյուրի» մասին

«Փոխնակ մայրը» սերիալի ավարտից հետո դերասան Հայկ Պետրոսյանը հեռուստատեսային որեւէ նախագծում ընդգրկված չէ, իսկ թե որն է պատճառը, պարզել ենք նրա հետ նոր զրույցի ընթացքում. «Լավ առաջարկ դեռեւս չեմ ունեցել»,-BRAVO.am-ին ասել է Հայկը եւ հավելել, որ այս շրջանում զբաղված է Կամերային երաժշտական թատրոնի աշխատանքներով.«Խաղացանկային ներկայացումներից բացի, պատրաստվում ենք հանդիսատեսին ներկայացնել նոր գործ, որում ոչ միայն խաղում եմ, այլեւ պրոդյուսերն եմ»:

Հայկ Պետրոսյանը` «Անկոչ հյուրը» ներկայացմանը


«Անկոչ հյուրը» կատակերգական մելոդրամա է, բեմադրող ռեժիսորն Արման Նավասարդյանն է, իսկ Հայկի խաղընկերուհին` Անի Նիկոյանը.«Տարիներ առաջ մեկ-երկու անգամ խաղացել ենք, սակայն ընթացք չենք տվել: Քանի որ հիմա զբաղվածությունս ներում է, որոշեցինք վերականգնել եւ նոր պրեմիերան անել հունիսի 15-ին: Բելառուսցի դրամատուրգ Սվետլանա Բարտոխովայի այս գործը տղամարդու եւ կնոջ փոխհարաբերությունների մասին է: Խոսվում է նույնիսկ ամենանուրբ ու թվացյալ կենցաղային հարցերի մասին, որոնց կարող է բախվել ցանկացածը՝ ավանդապաշտ հայ, ֆրանսիացի, թե հնդիկ»:

Բացի դերասանական ստուդիաներից մեկում բեմական խոսք դասավանդելը, Հայկը ձայնագրում է տարբեր ժանրերի եւ հեղինակների գործեր, ինչի շնորհիվ մարդիկ հնարավորություն են ունենում աուդիո տաբերակով ծանոթանալ այս կամ այն հեղինակի աշխատանքներին:

Հայկ Պետրոսյանի ընտանիքը


Դերասանից հետաքրքրվել ենք` արդյոք մի քանի աշխատանք կատարելը ֆինանսական կայունություն ունենալու նպատակով է.«Անշուշտ: Երբ սերիալում ես նկարահանվում, ավելի շատ ես վաստակում: Բոլորս էլ գիտենք, որ կյանքում գումարը կարեւոր է, սակայն երբ սկսենք դրան մեծ նշանակություն տալ, ինչ-որ բան սխալ կլինի: Մարդը պետք է շնորհակալ լինի ամենահզորին, որ կա, առողջ է եւ շնչում է օդը: Իսկ ֆինանսի հարցում միշտ փորձում եմ բավարարվել կյանքի տվյալ շրջանով ու վայելել այդ ժամանակահատվածը այնպիսին, ինչպիսին կա»:

Անդրադառնալով ընտանիքին` Հայկն ասել է, որ փորձում է շատ ժամանակ անցկացնել կնոջ եւ որդու հետ.«Զբոսնում ենք Նարեկի հետ, գնդակով ենք խաղում, գիրք ենք կարդում կամ մեքենա ենք վարում: Արդեն մտածում եմ, որ մոտ մեկ տարուց պետք է որեւէ մարզաձեւով զբաղվի, ինչը շատ կարեւոր է տղայի դեպքում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկ Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW