Երեկ Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացման պրեմիերան էր, իսկ նա առաջին հանդիսականներին սպասում էր ինչպես Երեւանն է սպասում արեւին, ինչպես Լեոնարդո ԴիԿապրիոն սպասում էր «Օսկար»-ին, ինչպես սիրահարված տղան է ծաղիկը ձեռքին սպասում սիրած աղջկան:)։
Նազենի Հովհաննիսյանը` Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացման պրեմիերային
Երեւանի պետական տիկնիկային թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսն էլ սպասում էր գլխավոր դերակատարին.«Իսկապես շատ ուրախ եմ, որովհետեւ դուք դահլիճում եք, տոմսերը վաճառվել են, մի քիչ փող կաշխատեմ, չնայած` փողը ձեռքի կեղտ է:)»: Ողջույնի խոսքից էլ պարզ էր, որ ներկաներին սպասվում է հումորաշատ երեկո։
Հայկը պատմել է, թե ինչպես է ծագել ներկայացման գաղափարը.«Ամեն ինչ սկսվեց, երբ ծառայում էի բանակում։ Զինվորների մեծամասնությունը ծառայությունից հետո իրենց ապագայի երկու զարգացում էին պատկերացնում՝ կամ գնալ Ռուսաստան՝ խոպանի, կամ էլ ամուսնանալ։ Ճիշտն ասած՝ ես Ռուսաստան գնալու պլաններ չունեի, մտածեցի մյուս տարբերակը՝ ամուսնանամ, կնոջս հետ գիշերները զարկ կտանք բնակչության աճին, ես էլ կդառնամ տոհմի նահապետը, համապատասխան անունն էլ ունեմ»։
Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացման պրեմիերային
Հումորային երաժշտական մենաներկայացման ընթացքում նա վերլուծում է, թե ինչպես են երիտասարդ աղջիկներն ու տղաները հարաբերություններ ձեւավորում եւ ինչպես ընտանիք ստեղծում, պատմում է Գլենդելում, Փարիզում ու երեւանյան փաբում իր ծանոթությունների մասին, երգում «լոպազ» տղաների մասին։ Նա հարցադրում է անում`«ո՞րն է ֆինանսապես ավելի ձեռնտու. ունենալ կին ու երեխաներ, թե՞ սիրուհի ու մեկ կատու:)»։
Կատակ-երգերով, հեղինակային երգերով, իմպրովիզներով ու հանդիսատեսի հետ ինտերակտիվ շփմամբ ներկայացման ընթացքում Հայկ Պետրոսյանը կրկնօրինակում է Ռեյ Չարլզի, Շառլ Ազնավուրի, «Ռեինկարնացիա»-ի Ռոլանդի, հայ ռեփերների երգելաոճերը, հիշում վանաձորցի իր ծանոթներին, նաեւ հարեւան Ժորա ձյաձյային:)։ Այնուհետեւ տեղի է ունենում երեւակայական «ծննդաբերություն», որից հետո նա անցում է կատարում երեխաներին, զուգահեռներ տանում իր եւ այսօրվա երեխաների մանկության միջեւ, հիշում իր սերնդակիցների դպրոցական օրերը.«Մութ ու ցուրտ տարիներ էին, բայց մարդկանց սրտերը ջերմ էին, դժվարությունները համախմբել էին, մարդիկ ապրում էին` մեկը մյուսի հոգսը կիսելով»։
Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացման պրեմիերային
Ներկայացման եզրափակիչ հատվածում նա երեւակայական զրույց է ունենում իր ապագա երեխայի հետ, տալիս այն հարցի պատասխանը, թե ինչ կաներ, եթե դառնար պապա.«Իմ հայրն ինձ սովորեցրել է… ախր, ո՞ր մեկն ասեմ, այնքան բան կա… Մտածում եմ` ես ինչ եմ փոխանցելու, կկարողանամ քեզ համար անել այն, ինչ մեր ծնողներն անում են մեզ համար»։
Վարդան Պետրոսյանի որդին իր մոնոներկայացման սցենարի հեղինակն է, հոր խորհրդով որոշ դրվագներ հանել է, որոշ հումորներ էլ ավելացրել։ Շուրջ 1 ժամ 40 րոպե տեւողությամբ մոնոներկայացման ընթացքում նա զվարճացնում է, հաղորդում դրական լիցքեր՝ միաժամանակ փոխանցելով իր ասելիքը։ Իսկ բեմում դերասանին նվագակցում են դաշնակահար Կարեն Անանյանը, կիթառահար Ալեքսանդր Հակոբյանը, բաս-կիթառահար Դավիթ Պողոսյանը եւ հարվածային գործիքներ նվագող Արմեն Ավետիսյանը։
Իսկ թե որ երգը նա կփոխանցեր իր երեխային, ինչու է ցանկանում, որ իրեն պսակադրի ներկայիս ոստիկանապետը, ինչու է իր կրտսեր քույրիկի համար հորինել «Քաջ սառնարանի արկածները» հեքիաթը, ավելի լավ է անձամբ դիտել ու գնահատել Երեւանի տիկնիկային թատրոնում՝ մարտի 28-ին ու 29-ին։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: