“Շանթ”-ի “Քաղաքում” սերիալում Նարեկի դերակատար Հայկ Պետրոսյանը գրեթե մեկ տարի է` հայրիկի կարգավիճակում է: Փետրվարի 11-ին դերասանը պատրաստվում է տոնել որդու առաջին տարեդարձը եւ ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, Նարեկն իր փոքրիկ ընկերն է:
Հայկ Պետրոսյանը` կնոջ եւ որդու հետ
Բազմազբաղ հայրիկն իր ազատ ժամանակը տրամադրում է ընտանիքին.“Նարեկը մեզ հետ այցելում է ֆիլմերի դիտման, թատրոն, թանգարան առանց անհանգստություն պատճառելու: Դեռեւս չի հաջողվել միասին դիտել իմ մասնակցությամբ սերիալը, որովհետեւ դրա փոխարեն սիրում եմ նրա հետ խաղալ: Ուրախանում է, երբ իր համար տարբեր ազդանշաններ եմ արձակում”:
Երաժշտական կամերային թատրոնի դերասանը թատերական եւ սերիալային գործունեությանը զուգահեռ զբաղվում է հանդիսավարությամբ, գործընկերն էլ Անդրանիկ Անտոնյանն է.“Մեզ սիրող եւ հարգող մարդիկ վստահում են մեզ վարել իրենց տոնական երեկոն: Մեծ նվիրումով եմ կատարում աշխատանքս: Հարգում եմ բոլոր նրանց, ովքեր այս բնագավառում են աշխատում, որովհետեւ այն իսկապես բարդ է: Երբ դադարեմ խաղալ թատրոնում եւ նկարահանվել սերիալներում, գուցե մտածեմ միայն հանդիսավարությամբ զբաղվելու մասին: Չեմ թաքցնում` այն ինձ համար գումար աշխատելու միջոց է”:
Հայկ Պետրոսյանը` որդու հետ
Նա հանդես է գալիս “Հրեշն ու գեղեցկուհին”, “Մոխրոտը”,“Թոմը եւ Ջերին”, “Սասունցի Դավիթ”, “Անուշ”, “Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում” եւ այլ ներկայացումներում: Առաջարկ է ստացել խաղալ նաեւ “Ռոմեո եւ Ջուլիետ” մյուզիքլում:
Խոսելով սերիալի մասին` Հայկը նշել է, որ երկար ժամանակ նույն կերպարը կերտելը չի հոգնեցրել, փորձում է ավելի հետաքրքիր դրվագներ մտածել.“Բայց այն հաճույքը, որ պարգեւում է թատրոնը, սերիալից չեմ ստանում: Թատրոնն այն վայրն է, որտեղ անդադար սովորում ես, աշխատում եւ ծուլանալու իրավունք չունես: Հանդիսավարությունն էլ հնարավորություն է տալիս տիրապետել հաղորդավարական խոսքին: Պետք է կարողանաս այնպես խոսել, որ հաճելի լինի եւ լսեն քեզ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: