Նոր տաղանդներ փնտրող “Շանթ’’ հեռուստաընկերությունը, շարունակելով որոնումները, ազդարարել է “Հայսուպերսթար’’ նախագծի հերթական եթերաշրջանի գալա-համերգների մեկնարկը: Այս անգամ նախագիծը տոնում է իր հոբելյանը` “Հայսուպերսթար’’ –ը հինգ տարեկան է: Հոբելյանական եթերաշրջանը խոստանում է տոնական ու անակնկալներով լի լինել:):
"Հայսուպերսթար 5"-ի հաղորդավար Արամ MP3-ը
4-րդ հեռուստաշոուի ավարտից մեկ տարի է անցել: Այս ընթացքում հանդիսատեսը շարունակել է հետեւել նախագծի մասնակիցների արդեն անհատական կարիերային: Նախկին սուպերսթարցիների` հայկական շոու-բիզնեսում երաժշտական գործունեությունը շարունակելն էլ խթան է հանդիսացել, որ Հայաստանում ու արտերկրում բնակվող բազմաթիվ հայեր հայտ ներկայացնեն այս մրցույթին մասնակցելու եւ “5-րդ սուպերսթար” կոչմանն արժանանալու համար:
Հոբելյանական “Հայսուպերսթար”-ին մասնակցելու հնարավորություն ստացած 12 մասնակիցը ներկայացել են հանդիսատեսին առաջին գալա-համերգի շրջանակներում: Հուզմունք, վախ, նաեւ խիզախություն ու երջանկություն. հենց այս զգացմունքներն էին առանձնացնում Անահիտ Հարությունյանը, Լիլիթ Խաչատրյանը, Արմեն Մարդանյանը, Վարդինե Ավագյանը, Էլիզաբեթ Ադիկյանը, Երվանդ Մաթեւոսյանը, Ջուլիետա Սարգսյանը, Լիաննա Արոյանը, Արաքսյա Ամիրխանյանը, Սոնա Ռուբենյանը, Արթուր Մացակյանն ու Ռիմա Ֆարսյանը:
Մեկնարկել է "Հայսուպերսթար 5"-ը
Մեկնարկային գալա-համերգը նվիրված էր հայկական եւ միջազգային հիթերին: Մասնակիցները կատարեցին Մայլի Սայրսի, Բրիթնի Սփիրզի, Արսեն Սաֆարյանի, Նելի Ֆուրտադոյի, Աստղիկ Սաֆարյանի, Լուսինե Աղաբեկյանի, Սոնա Շահգելդյանի, Անդրեի, Քրիսթինա Փերիի, Սարա Ջեյսոն Մրազի, Սուսաննա Պետրոսյանի հայտնի հիթերը: Ի դեպ, “Առաջին հայսուպերսթար” հաղթական տիտղոսը կրող Սուսաննան եւս ներկա էր համերգին:
Նշենք, որ ժյուրիի անդամներն էլ խոստովանել են, որ իրենց համար միայն մեկ հիթ գոյություն ունի եւ միասին կատարել են Լեյլա Սարիբեկյանի “Միասնության շուրջպար’’-ը:):
Մեկնարկել է "Հայսուպերսթար 5"-ը
“Կարծում եմ` բնական է, որ բոլորը հուզվում էին` սա առաջին համերգն էր. նոր բեմ, լուսավորություն, հանդիսատես: Մասնակիցները երգեցին իրենց կարողության կես չափով: Համոզված եմ` հաջորդ համերգներին կերեւա նրանց ամբողջ պոտենցիալը’’, -ասել է “Հայսուպերսթար 5’’ նախագծի ռեժիսոր Աննա Թադեւոսյանը:
Յուրաքանչյուր գալա-համերգից հետո ժյուրիի անդամներն իրենց կարծքը կհայտնեն մասնակիցների կատարումների վերաբերյալ: Նախագծի ժյուրիի անդամներն են Անդրեն, որը “զգույշ է արտահայտվում մասնակիցների թերությունների վերաբերյալ”, Լեյլա Սարիբեկյանը, որը “սիրում է, երբ մասնակիցները հոգով են երգում”, Ավետ Բարսեղյանը, որը, “երբեմն կարող է խոսքով ապտակել”, եւ Գարիկ Պապոյանը, որը “նույնիսկ հասարակի մեջ կարող է հիանալին տեսնել”:
"Հայսուպերսթար 5"-ի մասնակիցները
“Հուզմունք եմ ապրում, որովհետեւ նրանց հիշում եմ դեռեւս ընտրական առաջին փուլից, որը, ի դեպ, ինձ համար ամենից սիրելին էր: Յուրաքանչյուրի հետ կապված մեծ հույսեր ունենք’’,- ասել է Անդրեն նախագծի մասնակիցների վերաբերյալ, Գարիկն էլ հետեւյալն է հավելել. “Երեխաները շատ են պարապել ու տանջվել: Ուզում եմ գնահատենք նրանց մեջ առավելություններն ու պլյուսները’’:
“Ի տարբերություն նախորդ ‘’Հայսուպերսթար’’ –ների, այս անգամ շեշտը դնելու ենք հայկական երգերի վրա: Կներկայացնենք նոր գործիքավորմամբ հին երգերը կամ նոր հայտնի հիթերը: Մեր նպատակն է պրոպագանդել հայկական երաժշտությունը’’,- նշել է նախագծի երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Սարգսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: