×


Հայտնի որ դերասանի որդին է «Պատվից առավել» սերիալից Միքոն

«Պատվից առավել» հեռուստասերիալում Միքոյի դերը դեբյուտային է երիտասարդ դերասան Խոսրով Նալբանդյանի համար: BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա խոսել է ուսման, հոր` դերասան Արթուր Նալբանդյանի, սիրելի աշխատանքի եւ նկարահանումների մասին:

Ուսանելու տարիներին

Ավարտել եմ Թատերական ինստիտուտը` Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը: Այնտեղ ուսանելը նախ եւ առաջ ինձ տվել է լավ մարդկանց, լավ ուսում. շատ բաներ սովորեցի մեծ վարպետ Նիկոյալ Ծատուրյանից: Նա մեզ ծանոթացրեց բեմին, արվեստին, կինոյին, տվեց ազատություն մտածելու, կերպար կերտելու, կերպարների մասին ավելի խոր եւ ավելի լիարժեք մտածելու հնարավորություն:

Տարբեր մշակույթների հետ ծանոթանալու, նաեւ շրջագայելու հնարավորություն է տվել ինձ Թատերականը: Ուսանելու ընթացքում ներկայացումներով մասնակցել եմ փառատոնների, ունեցել եմ հաղթանակներ:

Խոսրովը հայրիկի` Արթուր Նալբանդյանի հետ


«Հայրս ինձ հետ մեծ հույսեր է կապում»

Հայրիկիս գործոնը շատ մեծ է իմ կյանքում: Ծնվել եւ մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, հորս ընկերները հաճախ էին լինում մեր տանը, եւ միշտ լսում էի նրանց զրույցները: Նաեւ շատ էի հաճախում թատրոն, դիտում էի ներկայացումները, փորձերը, եւ ամեն անգամ մի նոր ոգեւորություն էր առաջանում իմ մեջ: Տեսնում էի, որ բարդ ճանապարհ է, բայց նաեւ հասկանում էի, որ առանց բարդություններ հաղթահարելու չի լինի որեւէ արդյունք: Այդպես որոշեցի շարունակել հայրիկիս ճանապարհը եւ պատվով պետք է անեմ իմ աշխատանքը: Հայրս ինձ հետ մեծ հույսեր է կապում, որ կլինեմ արժանի զավակ հենց արվեստում:

Խորհուրդներ հայրիկից

Երբ որոշել էի ընտրել դերասանի ուղին, հայրս ինձ ասում էր` շատ բարդ ճանապարհ է սպասվում, երբեք պետք չէ հիասթափվել, կոտրվել, ընդհակառակը՝ պետք է միշտ աշխատել, մտածել, ստեղծագործել, եւ այդ ժամանակ ոչ մի փակ դուռ չի լինի: Այժմ էլ, երբ դիտում է մեր հեռուստասերիալը, քննարկումներ ենք ունենում:

Նրա տված խորհուրդները միշտ կյանքի մասին են՝ լինել ազնիվ, անկեղծ, սիրել, սիրվել եւ, ամենակարեւորը, պայքարել մինչեւ վերջ, որպեսզի արդյունքի հասնես:

Խոսրով Նալբանդյանը


«Բարդ էր նորից սկսելը»

Երբ 2018-ին ավարտեցի ծառայությունս, շատ բարդ էր նորից սկսելը. երկու տարվա դադարը մեծ բացթողում էր: Ուզում էի աշխատել, եւ այդ ժամանակ պրոդյուսեր Ելենա Արշակյանից քասթինգի մասնակցելու հրավեր ստացա: Ի դեպ, սկզբում ինձ առաջարկել էին «Մոր խոստումը» սերիալում նկարահանվել, բայց այն ժամանակ չընտրվեցի: Անկեղծ, այդ փաստը ծանր էի տանում, անընդհատ սպասումների մեջ էի եւ հրավեր ստացա «Պատվից առավել»-ի քասթինգին մասնակցելու: Ընտրվեցի: Կյանքում երբեւէ ոչնչից պետք չէ հետ կանգնել:

Ինձ համար այս սերիալն առանձնանում է: Հրաշալի խմբի հետ եմ աշխատում, ինչն ուղղակի հաճույք է: Խաղալով եւ աշխատելով պրոֆեսիոնալների հետ` կարծես ուսումդ շարունակվում է, նոր բաներ ես սովորում պարբերաբար:

Խոսրով Նալբանդյանը


Միքոյի կերպարի մասին

Միքոյի կերպարի վրա շատ եմ աշխատել` հայրիկիս եւ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի օգնությամբ: Իրականում շատ բարդ կերպար էր. սկզբում ոչ ոքի ցույց չէր տալիս իր բնավորությունը, թվում էր` դրական ոչ մի գիծ չունի, բայց պետք է զարգացում ունենար` դառնալով բարի եւ հոգատար: Ինձ թվում է՝ մեծ աշխատանքի շնորհիվ կարողացանք ցույց տալ այդ կերպարի էությունն ու բնավորությունը: Այս կերպարն ինձ շատ հոգեհարազատ է, միշտ առանձնացնելու եմ իմ կարիերայում: Նմանություններ շատ ունենք. միշտ ուրախանում եմ լավ գործ անելիս եւ մարդկանց օգնելիս, նման ենք նաեւ սիրո համար պայքարելով, ես էլ այդպես պայքարել եմ իմ սիրո համար:

Սերիալային խաղընկերների մասին

Խաղընկերներիս հետ շշմելի հարաբերություններ ունեմ: Ես նման թիմի հետ դեռ չէի աշխատել: Կան ավագ սերնդի խաղընկերներ, որոնցից աշխատում եմ սովորել, նոր դասեր քաղել: Իսկ սերնդակիցների հետ ավելի ազատ ենք շփվում, աշխատում ենք օգնել միմյանց: Այս նախագծի շնորհիվ շատ-շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ ամեն օր թե´ աշխատանքի ժամանակ, թե´ դրանից դուրս, քննարկումներ ենք ունենում: Այդ մարդիկ ինձ համար շատ մեծ ձեռքբերում են:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խոսրով Նալբանդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport