×


Հայ եւ ճապոնացի լուսանկարիչների աշխատանքները` Հայկական առաջին ֆոտոփառատոնին

Երեւանի կենտրոնում՝ ավելի քան 38 ցուցահանդեսային հարթակներում, այս օրերին անցկացվում է Հայկական լուսանկարչական միջազգային առաջին փառատոնը, որի մեկնարկն օգոստոսի 24-ին էր: Մոտ քսան երկրի հայտնի լուսանկարիչներ իրենց աշխատանքները ներկայացրել են փառատոնի շրջանակում, որն աչքի է ընկնում ոչ միայն հետաքրքիր ցուցահանդեսներով, այլեւ վարպետության դասերով, նկարիչների հետ հանդիպում-քննարկումներով եւ այլն: Երեկ էլ՝ սեպտեմբերի 3-ին, «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» պատկերասրահում ճապոնացի լուսանկարիչներ Շոթա Նագասեի, Ջուն Սատոյի եւ ֆրանսահայ նկարիչ Դավիթ Ապիկյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր:


Ներկայացված աշխատանքների թիվը մեծ չէր, բայց դրանցից յուրաքանչյուրն այնպիսի միտք ու ձգողականություն ուներ, որ կարելի էր անվերջ նայել եւ ուսումնասիրել՝ նորանոր բացահայտումներ անելով: Թեեւ ցուցահանդեսը բաց էր դեռեւս օգոստոսի 24-ից, սակայն պաշտոնական շնորհանդեսը նախատեսված էր սեպտեմբերի 3-ին, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան նաեւ Գեղարվեստի ակադեմիայի՝ հարեւանությամբ սովորող ուսանողները: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել հյուրերին, ինչպես նաեւ զրուցել փառատոնի հեղինակ եւ կազմակերպիչ Տաթեւ Մնացականյանի հետ:

Նա նշել է՝ քանի որ ինքն էլ լուսանկարիչ է եւ հաճախ է մասնակցում արտասահմանում կազմակերպվող փառատոների, միշտ հարց է առաջացել, թե ինչու Հայաստանում էլ չեն կազմակերպվում նման միջազգային ֆոտոփառատոներ: Ի վերջո որոշել է հենց ինքը մշակել նախագիծն ու կազմակերպել մեր երկրում միջազգային առաջին ֆոտոփառատոնը: Ասում է՝ դժվարությունները շատ են եղել, սակայն եթե կա ցանկություն եւ լավ մարդկանցից բաղկացած աշխատանքային թիմ, ապա անհնարին ոչինչ չկա:


«Երբ ուսումնասիրում ես լուսանկարչության համաշխարհային պատմությունը, կարդում ես տարբեր երկրների անվանի լուսանկարիչների մասին, հասկանում ես, որ նրանց մեծ մասը հայեր են եղել, ովքեր աշխատել են նույնիսկ պետությունների ղեկավարների հետ: Եվ այս դեպքում ցավալի է, որ ոչ միայն դեռեւս չունենք լուսանկարչության թանգարան, այլեւ երբեւիցե չեն կազմակերպվել ֆոտոփառատոներ: Սա մեր առաջին քայլն էր այդ ուղղությամբ եւ հուսով ենք` հաջորդ տարիներին ավելի մեծ կլինի մասնակցությունը ոչ միայն արտերկրից, այլեւ հենց Հայաստանից»,- ասաց Տաթեւը:


Նա նշեց, որ փառատոնի ցուցահանդեսային հարթակների թվում են Երեւանի քաղաքապետարանի շենքը, Ազգային ժողովի այգին, Հյուսիսային պողոտան, մետրոյի կայարանները, թանգարանները, պատկերասրահները, սրճարանները եւ այլն: Հատկանշական է, որ փառատոնը տեւելու է ոչ թե, օրինակ, մեկ շաբաթ կամ տասն օր, այլ ավելի քան մեկ ամիս`մինչեւ սեպտեմբերի 28-ը: Մասնակից լուսանկարիչներ կան Հայաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Իրանից, Իրաքից եւ այլ երկրներից: Լայնորեն ներկայացված են հատկապես իսպանացի լուսանկարիչ Անտոնիո Մորայի աշխատանքները`ցուցադրված լինելով ավելի քան հինգ տարբեր հարթակներում:

Նախագծի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ պաշտոնական կայքէջում եւ փառատոնի ֆեյսբուքյան էջում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport