Շուտով հայկական արտադրության ֆիլմերի շարքին կավելանա եւս մեկը. ռեժիսոր եւ սցենարիստ Մհեր Մկրտչյանը նկարահանում է «Հաջողակները» անվանումով նոր կինոնկար, որտեղ մարդկանց զանազան պատմությունները միահյուսվում են եւ դառնում գեղեցիկ պատմություն, իսկ հերոսները պետք է փորձեն բացել այդ պատմության խճճված քարկապերը:
Նազենի Հովհաննիսյանը` "Հաջողակները" ֆիլմի նկարահանումներին
BRAVO.am-ը զրուցել է ֆիլմի դերակատարներից Նազենի Հովհաննիսյանի հետ, ով պատմել է իր մարմնավորած կերպարի մասին.“Քառասունն արդեն բոլորած կին է, որը, սակայն, չի դադարում մնալ աղջնակ եւ երազել մեծ ու մաքուր սիրո մասին: Նա կին է, որ պատրաստ է քայլերի` հանուն ամուսնու եւ նրա հետ։ Կին, որը չի ուզում զոհել իր ընտանիքը` առաջնորդվելով հարմարավետ կոմֆորմիզմով, այլ առողջացնել այն, թեկուզ կորուստների գնով”:
Դերասանուհին նաեւ պատմել է, որ նախկինում ռեժիսոր Մհեր Մկրտչյանը մի առիթով իրեն ուղարկել է այս պատմությունը, եւ կարդալիս նա իր մտքում ամբողջությամբ պատկերացրել ու նկարել է ֆիլմը.“Շատ վառ սցենար է` լի կյանքով ու հետաքրքրությամբ: Այնուհետեւ ստացա առաջարկ կերպավորելու գլխավոր հերոսուհիներից մեկին... Հետո, ինչպես ընդունված է ըստ հաջորդականության, իմ տաղանդաշատ եւ իրենց գործի մեջ առաջատար դերասանների հետ մասնակցեցի քասթինգին։ Կամ ցանկությունս էր շատ մեծ, կամ էլ արդեն լիարժեք պատկերել էի մտքումս իմ հերոսուհուն... Ընտրվեցի”,-նշեց նա՝ հավելելով, որ նկարահանումը սկզբից մինչեւ վերջ անցել է շատ արագ, ինչպես ակնթարթ:
Նազենի Հովհաննիսյանը
Ինչ վերաբերում է նկարահանման հրապարակում ռեժիսոր-դերասաններ փոխհարաբերությանը, Նազենին անկեղծացել է, որ Մհերը պահանջկոտ է որպես ռեժիսոր, երբեմն խնդիր է տալիս առանց խոսքի, եւ պետք է նրբանկատ լինել, որպեսզի նկարահանման հրապարակում համատեղ կյանքը ստացվի.“Նա տանել չի կարողանում կեղծիքը, եւ աշխարհի մեծագույն դերասանն էլ լինի նկարահանման հրապարակում, եթե անկեղծ եւ իսկական չլինի, ապա կլսի հետեւյալ արտահայտությունը` «Դու շատ տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ դերասան ես, բայց ես անկեղծություն եմ ուզում, ոչ թե պրոֆեսիոնալիզմ»։ Մհերը խճանկարի պես հավաքում է ֆիլմը, գուցե շատերին անհասկանալի նրբերանգներով, բայց նրա համար անկարեւոր պահ, կադր, լույս կամ դերասան չկա։ Էներգիայի փոխանակման պարզ սկզբունքով նա տալիս է դերասանին իրենը եւ փոխադարձաբար սպասում նույնը նրա կողմից”:
Զրույցի վերջում դերասանուհին նշել է, որ «Հաջողակներ»-ը պետք է դիտել, նկատել, կարդալ նշանները եւ հետեւել դրանց. սա է ֆիլմի փիլիսոփայությունը եւ իր ապրելու կերպը։
Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: