×


Հասմիկը, Միշոն, Արամ MP3-ը, Նարինեն, Ռոլանդը, Սյուզին, Ջուսը եւ այլք` “Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն” համերգին

“Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն” խորագիրը կրող համերգը, որը կայացավ հունիսի 20-ին` Հյուսիսային պողոտայում, նվիրված էր արյան դոնորների միջազգային օրվան: Դոնորների օրը պաշտոնապես նշվում է հունիսի 14-ին, բայց արյան դոնոր կարելի է դառնալ տարվա ցանկացած օր, եւ այդ գործընթացը խթանելու նպատակով էլ կազմակերպվել էր բացօթյա միջոցառումը:

Սուրեն Առուստամյանը, դիջեյ Vakcina-ն, Նարինե Դովլաթյանը եւ Բագրատ Տերտերյանը


Բարեգործական համերգ-ակցիան վարում էին հաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Ժակը, Եգոր Գլումովը եւ Սիմա Բաղդասարյանը: Հյուսիսային պողոտայում հավաքվածների ու անցորդների համար երգում էին Հասմիկ Կարապետյանը, Նարինե Դովլաթյանը, Արամ MP3-ը, Նիկ Էգիբյանը, Աիդա Արամին, Մարինե Հակոբյանը, R.P.-ն, Այդին Դավուդին, Ալին Գոյանը, “Մի քանի հոգի”-ն, Սյուզի Մելիքյանը, Սուրեն Առուստամյանը, Ջուսը, Արարատը, ելույթ են ունեցել նաեւ Lazzaro-ն, “M-dance studio”-ի պարողները եւ այլք: Մասնակից երգիչներն ու  աջակից գործընկերները ստացել են պատվոգրեր` Հայաստանում արյան դոնորության զարգացմանը նպաստելու համար:

Հասմիկ Կարապետյանը


“Շատ կարեւոր է, որ մարդ կարողանա կարեկից լինել ոչ միայն ինքն իրեն ու իր մտերիմներին, այլեւ բացարձակապես անծանոթ մարդու, որն ունի օգնության կարիք: Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած օր ոչ ցանկալի հանգամանքներում հնարավոր է` արյան դոնորի կարիք ունենա եւ լավ է, որ կան երիտասարդներ, որոնք մտահոգված են այս խնդրով”,-նշեց Ժակը:

Բարեգործական համերգի նախաձեռնող-կազմակերպիչներն էին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը եւ “The Laboratory” ընկերությունը, իսկ կազմակերպչական հարցերով համատեղ զբաղվել էին Արյան դոնորների ռեեստրի ղեկավար Աննա Սահակյանը եւ դիջեյ Vakcina-ն: Նրանք դեռ նախորդ տարվանից պարբերաբար կազմակերպում են արյունատվության ակցիաներ, այս անգամ էլ ակցիայի շրջանակները մեծացրել են` ներգրավելով երգիչների, տարբեր կազմակերպությունների եւ նոր համախոհների: Արուսիկը եւ Աննան նաեւ հայտնի “Ծառ տնկել, տուն կառուցել, որդի ունենալ” արտահայտությանը ավելացրել են իրենց կարգախոսը` “Դառնալ արյան դոնոր”:).

Մարինե Հակոբյանը


“Ուզում ենք մարդկանց իրազեկել, որ կարելի է անվճար հիմունքներով արյուն հանձնել ու բարի գործ անել: Մեր սպասելիքները միանգամայն արդարացան, քանի որ շատ երգիչներ դրական արձագանքեցին ու սիրով համաձայնեցին մասնակցել, իսկ համերգի միջոցով հնարավոր է երիտասարդների ուշադրությունը հրավիրել դոնորության խնդիրներին: Չափահաս առողջ մարդիկ, մասնակցելով արյունատվությանը, կարող են փոխել իրավիճակը, ինչը հաստատ ծառայելու է իր նպատակին”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Vakcina-ն, որ բազմիցս դարձել է արյան դոնոր.“Ցանկալի է, որ տարեկան գոնե մեկ անգամ արյուն հանձնեն, դա ե՛ւ օգտակար է արյան կարիք ունեցող մարդկանց, ե՛ւ արյուն հանձնողների համար”:

"Մի քանի հոգի"-ն եւ դիջեյ Vakcina-ն


Միջոցառումը ոչ միայն ժամանցային էր, այլեւ տեղեկատվական բնույթ էր կրում. համերգի ողջ ընթացքում բեմին կից տաղավարներում անցկացվեց կամավոր դոնորների տվյալների հավաքագրում, որոնց տրվում էին արյան կաթիլի տեսքով կրծքանշաններ: Համերգի ավարտին Աննա Սահակյանը BRAVO.am-ին տեղեկացրեց, որ գրանցված 154 հոգին կհրավիրվեն Արյունաբանական կենտրոն` մասնակցելու արյունատվությանը:

Ցանկության դեպքում դուք էլ կարող եք դառնալ դոնոր: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 010 283800 հեռախոսահամարով: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հասցեն է` Ներսիսյան 7:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW