Հասմիկ Կարապետյանը Երեւանում մեծ մենահամերգ դեռ չի ունեցել, բայց տարվա ընթացքում երբեմն հանդիպում է երկրպագուների հետ եւ իր ստեղծագործությունները հնչեցնում նրանց համար: Օրերս երգչուհու երգի սիրահարները հավաքվել էին ունկնդրելու նրան “Երկիր մեդիա” հեռուստաընկերության “Մաեստրո շոու” ծրագրի նկարահանումների շրջանակում:
Հասմիկ Կարապետյանը
“Ես մեծ հաճույքով եմ շփվում իմ հավատարիմ երկրպագուների հետ, աղջիկներից մի քանիսի հետ վաղուց ընկերացել եմ: Նույնիսկ ունեմ ընկերուհի, որը կարծես որդեգրած դուստրս լինի:)”, - պատմել է նա:
Հասմիկը երաժիշտների նվագակցությամբ կենդանի ձայնով կատարել է ինչպես իր հին երգերից “Ես գնում եմ, սիրելիս”, “Գաղտնի վեպ”, “Հոգիս”, այնպես էլ վերջին շրջանի փոփ-ռոք երգերը` “Քո սիրո դիմաց”, “Երբեք չես իմանա”, “Կրակի պար” եւ այլն.“Պատահական չէ, որ ռոքային երգեր եմ կատարում: Հիշում եմ, թե ինչպես էի 8 տարեկանում ռոք-խմբերի լսում ու մազերս թափահարում, եւ ռոք չլսող ընտանիքս մտածում էր` այս երեխայի մեջ որտեղից այդ սերը: Հիմա հասկանում եմ, որ իմ մեջ դեռ մանկուց կար այդ պայքարը, ինձ ռոքը միշտ գրավել է իր տեսակով ու պինդ ասելիքով”,-նշել է երգչուհին:
Հասմիկ Կարապետյանը
Նրա խոսքով` որքան էլ բաց ու ազատ է շփման մեջ, ունի իր գաղտնիքներն ու անձնական կյանքը, որտեղ ոչ ոք չի կարող ներխուժել.“Բայց շատ գաղտնիքներ չունեմ, ինձ միշտ բնութագրում են որպես “բաց գիրք””,-ասել է նա ու կատարել “Գաղտնի վեպ” երգը, որի երաժշտությունը գրել է ծովափին:
“Իսկական ու անաղարտ սիրո համար պատրաստ եմ բազմաթիվ խենթությունների, սակայն տարիների ընթացքում ավելի լուրջ եմ դարձել եւ դա կանեմ միայն արժանի մարդու համար”,-համոզված է երգչուհին: Նա “Հոգիս” երգը կատարել է իր իսկ նվագակցությամբ եւ խոստովանել, որ դաշնամուրի մոտ փոքր-ինչ հուզված է. “Ստեղներին դիպչելիս ձեռքերս դողում են: Զարդերս հանեմ, որ նվագելիս ինձ ոչինչ չխանգարի:)”:
Հասմիկ Կարապետյանը
“Որ կգամ” երգը պրեմիերա էր.“Առաջին անգամ եմ կատարելու եւ շատ հուզմունքով, որովհետեւ այս երգը նվիրված է իմ կողմից շատ սիրելի մի կնոջ` տիկին Անժելային: Նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց երկնքից հետեւում է, վստահ եմ` եթե կենդանի լիներ, այստեղ առաջին շարքում նստած կլիներ”:
Հաղորդավարներ Տիգրան Հարությունյանը եւ Մարինա Թագակչյանը մեծ էկրանին ցույց են տվել, թե ինչպիսի արտաքին տեսք կունենա Հասմիկ Կարապետյանը 2048 թվականին:): Երգչուհին էլ կատակել է.“Հասմիկ տատիկը կլինեմ, բայց վստահ եմ, որ այսքան ծեր չեմ երեւա”:
Հասմիկ Կարապետյանը, Մարինա Թագակչյանը եւ Տիգրան Հարությունյանը
Շնորհակալություն հայտնելով իր երգերի հեղինակներին` նա փոքրիկ մենահամերգը եզրափակել է “Կգնամ հեռու” երգով, որը ծրագրից դուրս կատարել է հատուկ ներկա երկրպագուների համար, իսկ ավարտին լուսանկարվել ու շփվել նրանց հետ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: