Հասմիկ Կարապետյանի հետ BRAVO.am-ի նոր հարցազրույցը լի է հետաքրքիր բացահայտումներով: Երգչուհուն այս շրջանում ավելի հաճախ կարելի է տեսնել Գյումրիում, քան Երեւանում: Թե որն է պատճառը, ինչպիսին են իր եւ ամուսնու հարաբերությունները, ինչով է զբաղված այս շրջանում եւ ապագայի ինչ պլաններ ունի, կարդացեք ստորեւ:):
Հասմիկ Կարապետյանն` ամուսնու հետ
«Այն, ինչ տեղի ունեցավ իմ անձնական կյանքում»
«Իմ կյանքում ոչինչ պատահական չէ: Զգում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ իմ անձնական կյանքում, պետք է լիներ: Ամուսինս՝ Շանթ Քիրմիզյանը, ծնվելով ԱՄՆ Դեթրոիթ քաղաքում, միշտ երազել էր լինել Հայաստանում: Երբ առաջին անգամ տեսել է ինձ՝ որպես երգչուհի, ասել է՝ իր կինն եմ լինելու: Չե՞ք կարծում, որ սա հեքիաթի է նման: Ես սիրում եմ հաճախ խոսել այս մասին... Նրա երազանքներն իրականացան՝ հանդիպեց ինձ եւ ապրում է հայրենիքում»,-պատմել է նա:
Հասմիկն ամուսնությունից հետո նույնիսկ ազգանունն է փոխել.«Շանթի համար սկզբունքային հարց էր: Նա շատ է կարեւորում, որ ամուսինները կրեն միեւնույն ազգանունը: Նրա համար հենց դա է ընտանիք հասկացողությունը: Թեեւ, բնական է, ինձ համար սկզբնական շրջանում խորթ էր, բայց, հավատացեք, այդ քայլն իմ բեմական կյանքի վրա որեւէ ազդեցություն չի ունենալու: Ինձ ամենուր կրկին ճանաչում են որպես երգչուհի Հասմիկ Կարապետյան»:
«Դրսում ծնված հայ տղամարդիկ ավելի կնամեծար են»
Նա նշել է, որ երգարվեստում լռությունն իր ընտրությունն է.«15 տարի ապրել եմ բեմի համար, հաճախ ճամփորդել, մասնակցել բազմաթիվ համերգների, նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացրել: Այժմ ուզում եմ վայելել ամուսնուս հետ յուրաքանչյուր վայրկյանը: Ես կարիերիստ չեմ, այսինքն` այդպիսին եմ այնքանով, որքան` կամ: Ինձ համար ընտանիքն ավելի կարեւոր է: Իսկ հարյուր տոկոսով ընտանիք եւ կարիերա համատեղելն անհնար է: Ես երջանիկ եմ իմ ամուսնու հետ: Նա պատրաստ է ինձ օգնել ամեն վայրկյան: Նա կարող է պատրաստել ինձ համար, երբ ես հոգնած եմ: Շանթն ամեն քայլափոխիս կողքիս է. մի՞թե դա հրաշք չէ: Ասեմ՝ դրսում ծնված հայ տղամարդիկ ավելի կնամեծար են: Առայժմ չեմ պատրաստվում մայրանալ, երբ Աստծո կամոք նման բան լինի, վստահեցնում եմ՝ բոլորը կիմանան»:
Հասմիկ Կարապետյանն` ամուսնու հետ
«Նիհարությանս գլխավոր պատճառը…»
Հասմիկը խոսել է նաեւ իր նոր կարգավիճակի մասին.«Երբ նոր էինք հանդիպում Շանթի հետ, բոլորը նկատում էին, որ շատ եմ նիհարել: Շատերը դա կապում էին այն բանի հետ, որ ամուսինս բուսակեր է, եւ ես եւս սկսել եմ կենդանական ոչինչ չուտել: Այդպես չէ: Նիհարությանս գլխավոր պատճառը կենսակերպիս փոփոխությունն է: Նախկինում գրեթե ամբողջ օրը տանը չէի լինում՝ համերգներ, շրջագայություններ, ազատ ժամանակս էլ ընկերներիս հետ էի անցկացնում եւ տնային որեւէ գործի չէի մասնակցում: Մեկ օրում փոխեցի իմ երկար տարիների կենսակերպը եւ դարձա տնտեսուհի: Զարմանալի է, բայց այդ փուլն արդեն հաղթահարված եմ համարում: Ու շատ երջանիկ եմ, որ ամեն բան հասցնում եմ»:
«Կարող են քեզ ժպտալ, հետո էլ ետեւիցդ վատաբանել»
Վերջին տարիներին երգչուհին հազվադեպ է մասնակցում տարբեր երեկույթների. «Ճիշտ եք նկատել, որ հազվադեպ եմ լինում «գլամուրային» միջոցառումներին: Գիտեք` դրանք իրենց սպառել են թե մարդկային շփումների, թե էներգետիկ առումով: Դեռ տարիներ առաջ, երբ հաճախ էի լինում նմանատիպ երեկույթներին, գրեթե միշտ խոր հիասթափված էի գալիս տուն: Հիասթափված կեղծ մարդկանցից, ովքեր կարող են քեզ ժպտալ, հետո էլ ետեւիցդ վատաբանել: Ես այդ ամենը հրաշալի եմ զգում: Նմանատիպ միջոցառումներն արհեստական են եւ այլեւս ինձ չեն գրավում: Ես անցել եմ այդ շրջանը»:
Հասմիկ Կարապետյանն` ամուսնու հետ
«Այդ խոսքերն ինձ այնքան ուժ են տալիս»
Այժմ Հասմիկը ստեղծագործական ակտիվ փուլում է.«Վերջին շրջանում ամուսնուս հետ հաճախ ենք լինում Գյումրիում, կարծես ՝ապրում ենք այնտեղ: Պատճառն այն է, որ Շանթը գլխավորում է «Հույս» Գյումրիի շենացման ծրագիրը: Բարեգործական այս հիմնադրամը շատ կարեւոր գործեր է անում Գյումրիի համար: Գյումրիի «Ջազ» ակումբում վերջերս ծանոթացել եմ հրաշալի երաժիշտների հետ, եւ մինչ Ամանոր պատրաստվում եմ նոր համերգի: Այն բաղկացած է լինելու երկու մասից. նախ հնչելու են հիթային երգերս, իսկ հետո հայկական ժողովրդական գործեր` իմ մեկնաբանությամբ: Վաղուց էի ուզում ինձ փորձել այս ոճում: Առաջին համերգը կլինի վերոնշյալ ակումբում, ապա մտադիր ենք նույն ծրագրով հանդես գալ Երեւանում եւ այլ վայրերում»:
«Այնքան ուրախ եմ, որ հետաքրքրված են ինձնով: Հաճախ դրսում ամենատարբեր տարիքի մարդիկ հարցնում են, թե ինչու նոր երգեր չեմ ներկայացնում: Հավատացեք՝ այդ խոսքերն ինձ այնքան ուժ են տալիս: Ես երջանիկ եմ իմ հավատարիմ լսարանով, գիտեմ, որ իրավունք չունեմ չերգելու»,-ասել է նա եւ տեղեկացրել, որ նորությամբ հանդես կգա գալիք գարնանը.«Կլինի նոր՝ «Դու պիտի ապրես» երգիս տեսահոլովակի պրեմիերան: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Գործիքավորումը ԴերՀովայինն է, երաժշտությունն ես եմ գրել, խոսքերը` Ավետ Բարսեղյանը: Երգը դեռ այս տարի պետք է ներկայացնեի, բայց տարբեր պատճառներով չստացվեց: Թե ինչ կլինի հետո, չգիտեմ: Սովորել եմ այլեւս չպլանավորել կյանքս»:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: