×


Հասմիկ Կարապետյան.«Ուզում եմ՝ աղջիկս գիտակցի, որ իր մայրիկի հարսանիքն է»

Կան կերպարներ, որոնք ստեղծում են իրենց ոճը ու երբեք չեն դավաճանում դրան` անկախ կյանքի տարբեր իրավիճակներից: Հենց այդպիսին է Հասմիկ Կարապետյանը, ով այս շրջանում նոր երգերով ու հոլովակներով չի հայտնվում էկրանին ու հիշեցնում իր մասին: Բայց սեփական ոճին հավատարիմ երգչուհին հայկական էստրադայում վաղուց թողել է իր անունը, եւ այդ անունը լսելիս շատերը ժպտում են ու շշուկով երգում` «Ես գնում եմ, սիրելիս, եւ փակում եմ դուռը իմ ետեւից…»: 

Հասմիկ Կարապետյանը եւ Շանթ Քիրմիզյանը


Հասմիկն արդեն մի քանի ամիս է՝ իր երազած կարգավիճակում է: Թեեւ դժվարությամբ, բայց անչափ հոգատար մայրիկը գտավ ժամանակ BRAVO.am-ի համար ու թույլ տվեց մեզ ներխուժել անցյալ, խոսել չքննարկվածի մասին ու հասնել ներկա, որը երգչուհու համար թերեւս ամենալուսավոր շրջանն է…

-Հասմիկ, ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելը պարզապես ցանկությո՞ւն էր: Ինչո՞ւ լրագրողի մասնագիտությունը չդարձրիք Ձերը:


-Փոքր տարիքից բանաստեղծություններ էի գրում, շփվող էի, լեզու էի գտնում տարբեր բնավորություններ ունեցող մարդկանց հետ: Ուզում էի հեռուստալրագրող դառնալ: «Գլաձոր» համալսարանում էլ ծանոթացա Էմանուել Մանուկյանի հետ, ով իմ դասախոսներից էր: Նա իմ մեջ նոր որակներ էր բացահայտում, օգնում էր վերագտնել ինձ հենց այդ բնագավառում, բայց այդպես էլ ինձ չզգացի` ինչպես ձուկը՝ ջրում, չզգացի, որ վերջնականապես գտել եմ իմ տեղը: Բայց դա այն կրթությունն էր, որ հետո պետք է ինձ շատ օգներ: Տարիներ անց այդ մասնագիտության շնորհիվ  հեշտությամբ կարողացա հաղորդում վարել:

- Նաեւ խոհարարական հաղորդում եք վարել: Համե՞ղ եք պատրաստում:

- Երբեք ինձ տնային լավ տնտեսուհի չեմ համարել եւ երբեք էլ չեմ համարի: Ես ճամփորդում էի, զբաղվում իմ աշխատանքով, իսկ տնային տնտեսուհի լինելն ինձ համար ճղճիմ մի բան էր( ծիծաղում է-հեղ.): Սակայն, ասում են՝ մայրանալուց հետո շատ բան է փոխվել: Եթե առաջ կզարմանային, երբ տեսնեին` պատրաստում եմ, հիմա դա իմ առօրյայի մի մասն է: Ամուսնանալուց հետո հույսս ինձ վրա էր, ու հեշտությամբ պատրաստում էի: Մինչ օրս թունավորումներ չեն եղել:

-Դեռ դպրոցական տարիքում հաճախ սիրահարվել եք: Կպատմե՞ք ժամադրությունների ու խոստովանությունների մասին:

-Անգամ մանկապարտեզում էի սիրահարվում: Ես այն քիչ համարձակ կանանցից եմ, որոնք կյանքում գոնե մեկ անգամ սիրո խոստովանություն առաջինն են արել: Ես դա արել եմ ու հասկացել, որ դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Չէ՞ որ գուցե նա էլ քո հանդեպ անտարբեր չէ, բայց ամաչում է բարձրաձայնել: Իհարկե, ինձ էլ արել են գեղեցիկ խոստովանություններ. բակում վառված բազում մոմեր, նամակներ պատուհանագոգին, թակել դուռն ու նվեր թողնել բնակարանի մուտքի առջեւ: Մի անգամ էլ 999 վարդ եմ նվեր ստացել: Այնքան շատ էին, որ որոշեցի համբերությամբ հաշվել ու իմանալ քանակը: Բայց այդպես էլ չիմացա` ով է նվիրել:

Չեմ մոռանա այն ժամադրությունը, որը գիշերվա ժամը 3-ին էր: Ես պատուհանից դուրս եկա, գնացի ժամադրության, վերադարձա ու ներս մտա պատուհանից: Քանի որ հայրիկս ֆուտբոլ էր դիտում, չզգաց իմ բացակայությունը, ու ոչ ոք չիմացավ` ինչպես գնացի, ինչպես եկա:

Հանուն սիրո համարձակ քայլեր շատ եմ արել…

Հասմիկ Կարապետյանը


-Ձեր սիրո պատմությունը ֆիլմային է. օտար երկրում ապրող տղան սիրահարվում է երգչուհուն էկրանից ու ապրում նրան իր կինը դարձնելու մտքով: Ինչպիսի՞ն է այդ անհավանական սիրո շարունակությունը: Երեւի հիմա պաշտելի կին եք:

-Պաշտելի կանայք, իհարկե, լինում են: Բայց ես չեմ հավատացել այն միֆին, որ լինում են զույգեր, որոնք մինչեւ կյանքի վերջ լինում են հաշտ, ներդաշնակ… Դա անհնար է, նորմալ չէ: Չեմ կարող ժպտալով, աչքերս թարթելով ռոմանտիկ բաներ պատմել: Ռոմանտիզմը բնորոշ է միայն հարաբերությունների սկզբնական շրջանին:

Իմ ու Շանթի միությունը համարձակ քայլ էր: Մենք տարբեր երկրներում ենք ծնվել ու մեծացել, տարբեր մշակույթներով ապրել: Մեր մտածելակերպը տարբեր է, կան հարցեր, որոնց մասին մենք կտրուկ կարծիքներ ունենք: Սկզբնական շրջանում դա չի զգացվում, որովհետեւ սավառնում ենք, որովհետեւ առօրյան դեռ չի ներխուժել մեր կյանք:

Մի քիչ անխոնարհ կին եմ. չեմ սիրում ամեն հարցում տղամարդու հետ համաձայնել, թե մածունը սեւ է, այո, հոգիս, սեւ է:

Շանթը բարդույթներ չունի, ինչը լավ է: Նա էլ ամուսնացած է եղել, մի կնոջ հետ է ապրել, ասում է՝ 18 տարեկանում չենք հանդիպել իրար: Նա ինձնից յոթ տարի փոքր է, դա էլ չի խանգարել միասին լինել:

-Մայրանալու ցանկության մասին առանձնահատուկ  քնքշանքով էիք խոսում, բայց թաքցրիք հղիությունը: Ո՞րն էր պատճառը:

-Ես սնահավատ մարդ չեմ, բայց հասկացել եմ, որ կան բաներ, որոնց մասին պետք չէ խոսել շուտ: Չար աչք, վատ էներգիա, նախանձություն՝ սրանք երեւույթներ են, որոնց մարդիկ միստիկական անկյունից են նայում ու ձեռք են առնում, բայց իրականում զգալի են: Երբ իմ հաջողության մասին ժամանակից շուտ եմ խոսել, այն տապալվել է: Ժամանակի հետ հասկացա, որ երջանիկ լինելու համար պետք է լուռ եւ գաղտնի ապրել:
Տարիներ եմ սպասել մայրանալուն: Ինձ համար այնքան նուրբ թեմա էր, որ պետք է լռեի այդ մասին:

-Շանթը առաջնեկին տղա էր սպասում, բայց ծնվեց Տաթեւը:

-Ասում է` ինչ լավ է` աղջիկ է ծնվել: Գիտեք, եթե թույլ տամ, նա ամեն վայրկյան երեխային կպահի: Նա տեղեկացված հայրիկ է, գիտի` ինչպես հոգ տանել փոքրիկին այս կամ այն ամսում: Տաթեւի համար խելագարվում է, ուզում է անընդհատ նրա կողքին լինել:

Շանթ Քիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանն՝ իրենց դստեր հետ


-Աղջնակի անվան ընտրության մասին կպատմե՞ք:

-Շանթը պահանջել էր ընտրել միայն հայկական անուն: Ես հակառակն էի ուզում: Անի եւ Տաթեւ անունների շուրջ էինք տատանվում: Ես Շանթին ասացի՝ թող ծնվի, ես կնայեմ նրան ու կասեմ` Տաթեւն է, թե Անին: Երբ առաջին անգամ գրկեցի, աղջիկս ինձ ասաց` ես Տաթեւն եմ, ես Անին չեմ: Կարեւոր էր նաեւ անվան նշանակությունը` Տերը տա թեւ:

-Այսօր, երբ Ձեր երազելի՝ մայրիկի կարգավիճակում եք, բեմին ու կարիերային այլեւս կարեւորություն չեք տալիս:

-Կարիերայից շատ եմ հեռացել, բայց չեմ դադարում ստեղծագործել: Երկու նոր երգ եմ պատրաստել այս ընթացքում, որոնցից մեկը կոչվում է «Իմ Տաթեւ»: Երգի վրա աշխատում ենք ԴերՀովայի հետ: Երգի համար տեսահոլովակ եմ պլանավորել: Այս երգն իմ հոգու պոռթկումն է՝ արդեն որպես մայրիկ: Մյուս երգը կոչվում է «Դու պիտի ապրես»: Սրա խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, իսկ երաժշտությունը` ԴերՀովան:

Հիմա ինձ համար առաջնայինը երեխան է. ֆիզիկապես անհնար է ամեն ինչ հասցնել, դե, ես էլ պատասխանատու մայրիկ եմ: Տաթեւի հետ օրն ակնկթարթ է թվում:

-Համերգներ ու փառատոններ են լինում, որոնց չեք մասնակցում: Ինչո՞ւ:

-Չեն հրավիրում: Կան համերգներ էլ, որոնցից ես եմ հրաժարվում, որովհետեւ ցածր մակարդակի են: Բայց նորմալ եմ համարում, որ չեն հրավիրում, որովհետեւ արդեն քանի տարի է` նոր երգ չունեմ: Ես մնացի իմ ոճին հավատարիմ, չդարձա ռեստորանային երգչուհի: Գումարի համար երբեք չեմ աշխատի. դա էլ է անցողիկ:

-Ձեր ամուսինն էլ երաժիշտ է: Ինչո՞ւ միասին նախագծեր չեք ներկայացնում:

-Շանթը հրաշալի երգում է, բայց խուսափում է բեմից: Հաճախ առաջարկել եմ միասին երգել, բայց հրաժարվել է: Միասին զուգերգ ենք ուզում ներկայացնել, որը, կարծում եմ, շուտով կիրականանա:

-Դուք երազում էիք ճերմակ զգեստի մասին, Շանթն էլ էր ուզում Ձեզ հարսի զգեստով տեսնել, բայց այդպես էլ չկրեցիք:

-Չկրեցի, որովհետեւ հարսանիք չեղավ: Ավանդական երեւույթներից խուսափում եմ: Ուզում եմ՝ Տաթեւը մեծանա, հասկանա, գիտակցի, որ իր մայրիկի հարսանիքն է: Ամեն ինչ դեռ առջեւում է …

Զրուցեց Լիանա Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի արխիվից, Արտյոմ Հարությունյանի, BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW