Հասմիկ Կարապետյանն այս տարի ծննդյան օրն առանձնահատուկ է անցկացրել, իսկ պատճառն, իհարկե, սիրելիի` երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Քիրմիզյանի ներկայությունն է:): Երգչուհին BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում պատմել է ոչ միայն տարեդարձի անակնկալների, այլեւ իր հոգեվիճակի, նոր բնակարան տեղափոխվելու եւ այլ նորությունների մասին:
Ինչպես նախորդ մի քանի տարին, այս անգամ էլ խնջույք ու տոնակատարություն չէի նախատեսել, պարզապես ընտրյալիս եւ արտերկրից ժամանած մեր ընկերների հետ այցելեցի երեւանյան ժամանցի վայրերից մեկը: Ուղիղ կեսգիշերին մատուցողներն ինքնատիպ տորթ բերեցին, մոմը փչեցի, եւ ամբողջ փաբը հասկացավ, որ իմ ծննդյան օրն է:): Այնուհետեւ 3 ժամից ավելի անդադար պարում էինք ակումբում, հետո էլ երգեցի կարաոկեում, ինչը հազվադեպ է պատահում: Մինչեւ լուսաբաց տոնեցինք տարեդարձս:
Շանթը շատ ուշադիր է. նա առանց առիթի էլ հաճախ է ծաղիկներ նվիրում: 2014-ի հուլիսի 4-ն ինձ համար ոգեւորիչ ու պատմական դարձավ, քանի որ նախորդ տարիներին ծննդյանս օրը միայնակ էի դիմավորում: Փառք Աստծուն, այս անգամ ամեն ինչ ներդաշնակ էր: Երբ կողքիդ կա մարդ, ով քեզ շատ-շատ է սիրում եւ հանուն քեզ պատրաստ է ամեն ինչի, առանց որեւէ տոնակատարության տարեդարձդ դառնում է լիարժեք:
Ընկերներիցս, ծանոթներիցս եւ երկրպագուներիցս ստացել եմ բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ, ծաղիկներ, իմ լուսանկարներից պատրաստված ալբոմներ ու տարբեր նվերներ: Ոգեւորիչ էր, որ իմ օրը հիշում էին այն մարդիկ, որոնց հետ արտերկրում մեկ-երկու անգամ շփվել եմ համերգների շրջանակում:
Խոստովանեմ` ծննդյանս օրը վերջերս սկսել եմ չսիրել, բայց դա կապված չէ մեծանալու հետ: Հոգեպես չեմ զգում, որ մեծացել եմ, երբեւէ չեմ թաքցրել իմ տարիքը, քանի որ ֆիզիկական տարիքն ինձ համար ոչ մի նշանակություն չունի:
Այս պահին ես ու Շանթը զբաղված ենք մեր նոր բնակարան տեղափոխվելու հարցերով: Երկար տարիներ ես երազում էի ունենալ իմ բնակարանը… Արդեն մեր անձնական բնակարանն ունենք:
Շուտով կպսակադրվենք, բայց հստակ չգիտեմ` երբ: Նախկինում ճերմակ զգեստ կրել եմ միայն բեմադրված նկարահանումների ժամանակ եւ առաջին անգամ հարսի զգեստ կհագնեմ այն տղամարդու համար, ում իսկապես սիրում եմ:
Ինձ համար հարսանիքի ճոխությունը, հյուրերի քանակը ոչ մի նշանակություն չունեն, ամենից կարեւորը երջանկությունն է: Շնորհակալ եմ, որ Աստված ինձ տվել է սիրված կին լինելու բերկրանքը:
Իմ մտածելակերպով ու աշխարհընկալմամբ, կարծում եմ, տարբերվում եմ շատ ու շատ հայուհիներից, իմ կյանքում ոչինչ միօրինակ չէ, բայց թվացյալ ավանդապաշտ մարդկանցից շատ ավելի կայուն ու բարոյական նորմեր ունեմ, քան` ծեծված նշանադրություն, ամուսնություն, երեխա հերթականությունը:
Ստեղծագործական նորություններ եւս ունեմ. ԴերՀովայի հետ աշխատում եմ իմ հեղինակած նոր` “Ո՞վ է ճանաչել” երգի գործիքավորման վրա: Հուսով եմ` լսարանին դուր կգա, որովհետեւ երաժշտական յուրահատուկ լուծումներով է: Այն լուսավոր սիրո մասին է. խոսքերը տխրություն ու թախիծ չեն փոխանցի: Առաջին հնչյունները կհուշեն, որ հեղինակը ես եմ, բայց նորություն է եւ իմ նախորդ երգերից տարբերվում է:
BRAVO.am
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: