×


Հասմիկ Կարապետյան. «Շատ ենք ցանկանում բալիկ ունենալ, մնում է կատարվի Աստծո կամքը»

Հասմիկ Կարապետյանի կյանքում այսօր առաջին պլանում իր նորաստեղծ ընտանիքն է, սակայն երգարվեստն էլ չի անտեսում: Bravo.am-ը երգչուհու հետ զրուցել է նոր երգի ձայնագրման, Իգի անունով շունիկ ունենալու, պաշտոնապես ամուսնանալու եւ բալիկ ունենալու մասին:

Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Քիրմիզյանը


 «Պիտի ապրես»-ը տեսահոլովակ կունենա

«Այս շրջանում ավելի շատ ժամանակ եմ հատկացնում իմ սիրելիին եւ այն մթնոլորտին, որի մասին երազում էի: Կյանքիս շատ տարիներ երգարվեստին եմ նվիրել, ու այն առաջին պլանում է եղել, ուստի այդ ասպարեզում վայելել եմ ամեն վայրկյանը, հասցրել եմ ինքնահաստատվել եւ հանդիսատեսին մատուցել իմ արվեստը»,- մեզ հետ զրույցում ասել է երգչուհին:

Հասմիկ Կարապետյանն այս պահին զբաղված է իր համար շատ կարեւոր գործով: Երգչուհին պատմել է, որ շուտով կձայնագրի նոր՝ «Պիտի ապրես» երգը: Ստեղծագործության խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ գործիքավորման վրա աշխատում է Արսեն Գրիգորյանը:

«Որպես երգչուհի եւ գործիքավորող` Արսենի հետ մեր առաջին համագործակցությունն է: Սա երգացանկիս այն քիչ երգերից է, որ սիրո մասին չէ, այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին»,- նշել է երգչուհին ու հավելել, որ չի հասցրել ներկայացնել երգը ապրիլի 24-ին, կատարումը պատրաստ կլինի աշնանը:

Հասմիկը պատմել է, որ «Պիտի ապրես» երգը ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ առհասարակ հայի պատմության մասին է: Ի դեպ, երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի, որը եւս պատրաստ կլինի աշնանը:

Հասմիկ Կարապետյանն ու Շանթ Քիրմիզյանը


Ներքին սկզբունքներն ու ակտիվ աշխատանքը

Հասմիկն իր համար ներքին սկզբունքներ է մշակել՝ ավելի լավ է առհասարակ ոչինչ չանել, քան  ներկայացնել հերթական մի բան. «Այդ իսկ պատճառով լռում եմ այնքան, մինչեւ կմատուցեմ այն, ինչն իսկապես ես եմ ուզում ներկայացնել»:

Bravo.am-ի այն հարցին, թե արդյոք ընտանիք կազմելն է պասիվ ստեղծագործելու պատճառը, Հասմիկը պատասխանել է. «Երգն ինձ համար միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել: Ընտանիք կազմելուց հետո շարունակում եմ աշխատել, մեկնել հյուրախաղերի, մասնակցել տարբեր համերգների: Բացի այդ, շաբաթվա մեջ մի քանի օր աշխատում եմ ակումբում: Երգն իմ կյանքից չի վերացել, բայց քանի-որ հանդիսատեսը շատ բան չի տեսնում, ինքնըստինքյան այդ կարծիքն է կազմում”:

Իգի անունով շունիկ պահելու մասին

Հասմիկի հետ զրուցել ենք նաեւ նորաստեղծ ընտանիքի նոր «անդամի» մասին. «Ամուսնուս ընտրությամբ եւ իմ զոհաբերությամբ մեր տանն է բնակվում Շանթի շունիկը՝ Իգին: Շանթը նրան  արդեն 7 տարի պահում է: Շատ բարի, մարդասեր եւ մարդամոտ շունիկ է: Եթե անկեղծ ասեմ, երբեւէ չէի պատկերացնի, որ տանը կենդանի կհանդուրժեմ, բայց հանուն կարեւոր մարդկանց զոհողությունների ենք գնում: Հիմա արդեն հասկանում եմ, որ տանը շնիկ պահելն այնքան էլ սարսափելի չէ, եւ արդեն մեկ տարի է, ինչ ես էլ եմ վայելում նրա ներկայությունը մեր տանը»:

Շանթ Քիրմիզյանն ու Հասմիկ Կարապետյանը


Եկեղեցում օրհնվելու արարողությունը կարեւոր է

Խոսելով Աստծո խորանի առջեւ հարսի ճերմակ զգեստով միությունն օրհնելու մասին՝ Հասմիկը նշել է. «Ինձ համար պարտադրված օրենքներ չկան, բայց, լինելով հայուհի, ընդունում եմ, որ այդ իրադարձությունը պետք է պարտադիր լինի մեր կյանքում: Արդեն մեկ տարուց ավել է միասին ենք եւ կյանքի մնացած հատվածում միասին լինելու մեր որոշումը կայացրել ենք: Եկեղեցում օրհնվելու արարողությունը շատ կարեւոր է ու մոտ ժամանակներում հստակ դա մեր կյանքում կլինի»:

Երգչուհին հավելել է, որ գուցե եկեղեցում օրհնությունը ստանան բալիկ ունենալուց հետո. «Ինձ համար յուրահատուկ գեղեցիկ է, երբ սիրո պտուղը մասնակցում է ծնողների հարսանիքին: Մենք շատ ենք ցանկանում բալիկ ունենալ, մնում է կատարվի Աստծո կամքը»:

Տեքստը՝ Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW