×


Հասմիկ Շիրոյան․ Շատ եմ սիրում Երեւանը, իմ սիրտն այստեղ է, սա իմ հայրենիքն է

Նախորդ տարի անցկացված «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը բացահայտեց նոր անուններ, իսկ քիչ թե շատ հայտնի երգիչ-երգչուհիներին հնարավորություն տվեց ավելի մեծ ճանաչում եւ սեր վայելելու հայ երաժշտասերների շրջանում: Այդ մասնակիցների թվում էր նաեւ ուկրաինաբնակ երգչուհի Հասմիկ Շիրոյանը, ում կատարումներին առաջին անգամ ծանոթացել էինք դեռեւս 2014-ին, երբ նա մասնակցեց «Ուկրաինայի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանին: Հասմիկն այս օրերին գտնվում է Երեւանում, եւ օգտվելով առիթից՝ նրա հետ զրուցեցինք նոր համագործակցությունների, շուտով կայանալիք երեւանյան համերգի եւ այլ նախագծերի մասին.

Հասմիկ Շիրոյանը


- Հասմիկ, նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ շուտով միանալու եք հեղինակավոր «The Famous Company»-ին՝ երաժշտական ուղեւորության նոր փուլ սկսելու նպատակով: Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը բրիտանական հայտնի ընկերության հետ:

- Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ծանոթացա ընկերության ղեկավարի հետ: Համացանցում նա տեսել էր իմ հեղինակային աշխատանքները, հավանել ու մեկնաբանություն թողել: Այդպես սկսվեց մեր շփումը, ինչպես սովորաբար լինում է: Մենք որոշեցինք համագործակցել, քանի որ նրանք շատ հետաքրքրված են իմ գործունեությամբ, եւ ես էլ շատ հետաքրքրված եմ նրանց աշխատանքով: Իմ երազանքն է աշխատել այնպիսի հեղինակավոր ընկերության հետ, ինչպիսին բրիտանական «The Famous Company»-ն է:

Ինչպես գիտեք, իմ ոճն էլ ավելի արեւմտյան է, ամերիկյան, այդ իսկ պատճառով նրանց դա շատ էր դուր եկել, մեր նախասիրությունները համընկել են: Արդեն իսկ կան որոշակի արդյունքներ մեր համագործակցության: Ինձ համար երկու նոր երգ են գրում շատ հայտնի պրոդյուսերներ Կառլոս Բետին եւ Ուիլ Բերին: Նրանք գրել են ու գրում են երգեր Մադոննայի, Ջասթին Բիբերի, Արիանա Գրանդեի, Բեյոնսեի եւ այլ աշխարհահռչակ կատարողների համար: Հուսով եմ`շատ շուտով մենք կուրախացնենք մեր համագործակցության արդյունքներով: Դա միշտ եղել է իմ երազանքն ու նպատակը՝ աշխատել այդպիսի տաղանդավոր ու հայտնի երաժշտական պրոդյուսերների հետ:

- Ի՞նչ սպասելիքներ եւ հեռանկարներ կան նոր համագործակցության արդյունքում:

- Սպասելիքն այն է, որ այդ երգերը կդառնան հիթեր նախեւառաջ Անգլիայում, Ամերիկայում, միեւնույն ժամանակ՝ համերգային շրջագայություն կունենանք Անգլիայում, որը, հույս ունեմ, կլինի հաջորդ տարվա սկզբին:

Հասմիկ Շիրոյանը


- Գիտեմ նաեւ, որ շուտով համերգ ես ունենալու Երեւանում: Կպատմե՞ս այդ մասին:

- Այո, օգոստոսի 31-ին համերգ կլինի «Մեցցո» ակումբում: Ես վաղուց էի ցանկանում համերգ տալ Երեւանում, քանի որ Ուկրաինայի «The Voice» եւ Հայաստանի «Դեպի Եվրատեսիլ»  նախագծերում ելույթ ունենալուց հետո ինձ սկսեցին ավելի շատ ճանաչել Հայաստանում, քիչ թե շատ հայտնի դարձա այստեղ, նույնիսկ փողոցում հանդիպելիս մոտենում էին, ասում, որ իրենց դուր է գալիս իմ արվեստը: Եվ ես մտածեցի` ինչո՞ւ ոչ, չէ՞ որ իմ հարազատ քաղաքն է: Ես հասկացա, որ այստեղ պետք է համերգ ունենամ, թեկուզ ոչ մեծ: Դրա համար էլ օգոստոսի 31-ին կլինի շատ ուրախ եւ գունեղ շոու, որին կմասնակցեն նաեւ իմ ընկերներն ու «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մյուս անդամները, մասնավորապես`Մարտան, Ալեքսանդր Պլատոն, «Օպերա Վիվան» եւ Քրիստինե Մանգասարյանը: Նրանք շատ տաղանդավոր մարդիկ են եւ իմ ընկերները: Կլինի շատ ուրախ, երաժշտական, պարային շոու: Հրավիրում եմ բոլորին :)։

- Ի դեպ՝ Իվետա Մուկուչյանի հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է, կապը պահպանվե՞լ է նրա հետ («Դեպի Եվրատեսիլ» նախագծում Հասմիկը հանդես էր գալիս Իվետա Մուկուչյանի խմբում):

- Մենք այդ ընթացքում, իհարկե, շատ էինք շփվում, բայց ամեն դեպքում նա շատ զբաղված մարդ է, ես նույնպես ունեմ իմ պլանները, եւ կյանքի այդպիսի ռիթմում` այն էլ տարբեր երկրներում, չենք հասցնում նախկինի նման հաճախ զրուցել, հանդիպել: Բայց մեր կապը կա, եւ ես շատ ուրախ կլինեմ նրան նորից տեսնել:

- Համոզված եմ` «Եվրատեսիլ»-ում Արծվիկի ելույթին հետեւել ես: Ի՞նչ կասես այդ մասին, քեզ դուր եկա՞վ նրա կատարումը եւ այն, թե ինչպես էր մեր թիմը պատրաստվել նախագծին:

- Արծվիկը շատ ապրի: Ես գիտեմ, թե ինչպես է աշխատել այդ թիմը, նրանք իրենց հրաշալի են դրսեւորել մինչեւ վերջ: Արծվիկը հրաշալի ցույց տվեց իր տեխնիկան, ձայնը, բոլոր հնարավորությունները: Ես գնացի նրան աջակցելու եւ ոգեւորելու հենց Կիեւում, քանի որ այնտեղ եմ ապրում: Ես գնացի, տեսա, թե ինչպես նա ելույթ ունեցավ, ներկա էի նաեւ մամուլի ասուլիսին եւ շատ ուրախ էի այդ առիթով: Ես կարծում եմ՝ արել ենք ամեն հնարավորը, ցույց ենք տվել մեր լավագույն որակները:

Հասմիկ Շիրոյանը


- Հետաքրքիր է՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ավարտից հետո, երբ վերադարձաք Ուկրաինա, ինչո՞վ էիք այնտեղ զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Կիեւում ես հանդես եմ գալիս թե՛ կորպորատիվ միջոցառումներում, թե՛ տարբեր փառատոններում ու մրցանակաբաշխություններում: «Դեպի Եվրատեսիլից» անմիջապես հետո ես գնացի Կիեւ, որից հետո էլ մեկնեցի Լաս Վեգաս`մասնակցելու «Ոսկե երազանք» միջազգային մրցույթին, որտեղ ես հաղթեցի եւ ստացա Գրան պրի: Այնտեղ փոքր-ինչ ծանոթացա տեղական շոու-բիզնեսին, երաժշտական ասպարեզին, եւ դա ինձ շատ հետաքրքրեց: Կարծում եմ` ցանկացած արտիստի եւ երգչի երազանքն է հայտնվել այնտեղ, որտեղ ծնվում է ամենաորակյալ երաժշտությունը: Ինձ համար նույնպես մեծ ձեռքբերում էր մասնակցել տեղի հեղինակավոր մրցույթին, ստանալ Գրան պրի: Այսինքն` Կիեւ վերադարձա հաղթանակով: Ես միշտ ապրում եմ իմ տեմպով`աշխատում եմ, երգում, միեւնույն ժամանակ՝ երաժշտություն գրում, ունեմ հեղինակային աշխատանքներ, համագործակցում եմ տարբեր կոմպոզիտորների հետ, օրինակ`հայ կոմպոզիտոր Դեր Հովայի հետ: Մենք այս պահին համատեղ նախագծի շուրջ ենք աշխատում, որը, հույս ունեմ, շատ շուտով ինքներդ էլ կտեսնեք:

- Այս պահին նոր հեղինակային աշխատանքներ կա՞ն:


- Այո, մեկ երգ արդեն կա՝ լեհ դիջեյ Մատեո Պազի հետ, որը շատ տաղանդավոր տղա է, ստեղծում է հիանալի երաժշտություն շատ հետաքրքիր ոճում: Մեր հետաքրքրությունները համընկան, եւ մենք սկսեցինք համագործակցել ու գրեցինք 4 երգ, որոնցից մեկն արդեն թողարկվել է, երգը կոչվում է «Mine alone»: Մյուսները կլինեն շատ շուտով: Ինչո՞ւ լեհ դիջեյ։ Քանի որ ես բավական հայտնի եմ Լեհաստանում՝ շնորհիվ իմ լեհական երգի, որը «Youtube»-ում գրանցեց 7 միլիոնից ավելի դիտում: Հենց դրա համար էլ այնտեղ կան շատ մարդիկ, որոնց դուր է գալիս իմ գործունեությունը, որոնք հավանում են իմ երգերը: Ինձ հրավիրել են, ես այնտեղ մասնակցել եմ բազմաթիվ համերգների, մրցանակաբաշխությունների ու միջոցառումների: Հենց այդպես էլ մենք ծանոթացանք դիջեյ Մատեոյի հետ, որի հետ այժմ հեղինակային նախագծի շուրջ ենք աշխատում:

- Նոր մրցույթների մասնակցելու ցանկություն կա՞: Օրինակ՝ շուտով Ուկրաինայում մեկնարկելու է «X-factor» նախագիծը, որի հաղթողը նախորդ տարի մեր հայրենակից Սեւակ Խանաղյանը դարձավ:


- Ինչպես գիտեք, մրցույթները տարբեր ոճերի ու մասշտաբների են լինում: Այնպիսի նախագծին, ինչպիսին է The Voice-ը, ես արդեն մասնակցել եմ, իսկ X-factor-ը, իմ կարծիքով, ավելի շատ շոու է:  Իսկ ահա այնպիսի նախագիծ, ինչպիսինն Եվրատեսիլն է, գուցե փորձեմ մասնակցել: Տեսնենք, թե այս տարի ինչպես կստացվի:

Հասմիկ Շիրոյանը


- Որպեսզի Հայաստա՞նը, թե՞ Ուկրաինան ներկայացնեք:

- Դա շատ լավ հարց է (ժպտում է,- հեղ.): Չգիտեմ՝ ինչպես կստացվի: Ես շատ սիրում եմ թե՛ Հաստանը, թե՛ Ուկրաինան: Հայաստանն իմ հայրենիքն է, Ուկրաինան իմ երկրորդ տունն է, ես այնտեղ ապրում եմ 20 տարուց ավելի եւ ուրախ կլինեմ ներկայացնել թե՛ Հայաստանը, թե՛ Ուկրաինան: Ես արդեն որոշակի դասեր քաղել եմ՝ մասնակցելով «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Այնուամենայնիվ, եթե ընտրության հարց լինի, ես նախապատվությունը կտամ Հայաստանին, իհարկե:

- Իսկ Ձեր կարծիքով՝ նման մրցույթները մասնակիցներին ի՞նչ հնարավորություններ են ընձեռում՝ խթանո՞ւմ են մասնագիտական առաջընթացը, թե՞ երբեմն կոտրում ու հիասթափեցնում:


- Դա կախված չէ նախագծից, դա կախված է մասնակցից, քանի որ կան մարդիկ, որոնք զենքերը վայր են դնում ժամանակից շուտ՝ չիմանալով, որ գուցե շատ մոտ էին հաղթանակին: Դա իմ փիլիսոփայությունը չէ, իմ ոճը չէ: Ես բոլոր դեպքերում առաջ եմ նայում: Ես գիտեմ, որ սիրում եմ այն, ինչ անում եմ, եւ գիտեմ, որ ինձ չեն դավաճանի ո՛չ իմ ինտուիցիան, ո՛չ իմ տաղանդը, ո՛չ էլ իմ սերը աշխատանքիս հանդեպ: Դա իմ մասին չէ, եւ կարծում եմ՝ ավելի շատ մարդկանց մասին է, այլ ոչ թե նախագծի:

- Հասմիկ, մի փոքր էլ խոսենք Երեւանի մասին, որի փողոցներում էլ այսօր իրականացրինք մեր ֆոտոշարքը: Սիրո՞ւմ ես Երեւանը, եւ հետաքրքիր է՝ ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս այս քաղաքում, կամ հակառակը ...


- Երեւանը մեծ ձգողականություն ունի, այն միշտ կանչում է, ստիպում է կարոտել ու սիրել իրեն: Ես շատ եմ սիրում այս քաղաքը, իմ սիրտն այստեղ է, սա իմ հայրենիքն է: Ես այստեղ ծնվել եմ եւ դրա համար էլ միշտ ցանկանում եմ գալ, ինչ-որ բան անել Հայաստանի համար, ինչ-որ կերպ օգտակար լինել: Դրա համար էլ որոշեցի մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին, եւ մեծ էր ցանկությունը Հայաստանը ներկայացնելու: Երեւանում ինձ ամենաշատը դուր են գալիս կոլորիտը, գույները, մարդիկ, արեւը, որովհետեւ Կիեւում այսպես արեւոտ չէ: Ես պաշտում եմ արեւը, եւ երբ գալիս եմ Հայաստան, այստեղ միշտ արեւոտ է, քաղաքը կարծես միշտ ժպիտով է դիմավորում մարդկանց:

Հարցազրույցը՝ Աստղիկ Իսկանդարյանի
Լուսանկարները՝ Էմիլ Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW