×


Հարություն Մովսիսյան.«Հավատացեք, առանց նրա չեմ ապրել»

Վաղը մեծ էկրան կբարձրանա «Որոգայթ»  գեղարվեստական ֆիլմը: «Շանթ»-ի եթերում տարիներ առաջ ցուցադրված նույնանուն սերիալի մոտիվներով նկարահանված քրեական դրամայի պրեմիերայից առաջ BRAVO.am-ը զրուցել է գլխավոր հերոս Հովիկի դերակատար Հարություն Մովսիսյանի հետ, որն էլ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել ինչպես իր կերպարի, այնպես էլ առհասարակ ֆիլմի վերաբերյալ:

Հարություն Մովսիսյանը


- Պարոն Մովսիսյան, մոտ 6 տարի առանց Հովիկի եք ապրել. շա՞տ էիք հեռվացել նրանից:


- Այդ տարիների ընթացքում Հովիկին չեմ մարմնավորել, բայց, հավատացեք, առանց նրա չեմ ապրել: Այնքան դեպքեր են եղել, որ փողոցում անծանոթ մարդիկ մոտեցել են, շփվել հետս, ասես Հովոն եմ, ու հեռացել: Հատկապես ֆիլմի նկարահանումներից հետո արդեն կարող եմ ասել, որ դերի վրա այնքան եմ աշխատել, որ կարծես այլ մարդ եմ բերել մեջս մտցրել։ Եվ մենք իրականում շատ տարբեր չենք. ես պարզապես ավելի ուրախ եմ, իսկ Հովիկին կյանքը թույլ չի տալիս շատ ուրախ լինել:

- Իսկ նկարահանման հրապարակում ու հատկապես առաջին օրերին հե՞շտ մտաք այդ լուրջ ու ծանր կերպարի մեջ:


- Բարդությունների միջով, ինչ խոսք, անցել եմ: Առաջին օրն եկա նկարահանման,  նստած եմ, հագել եմ Հովոյի հագուստը, բայց զգում եմ, որ չեմ տեսնում նրան, չեմ կարողանում գտնել, նկարահանումն արդեն սկսվում է, իսկ ես դեռ դերի մեջ չեմ: Այդ պահին պատուհանից դուրս նայեցի, մեկ էլ որ ցանկապատից այն կողմ չտեսա Հովոյին` իր սեւ վերնաշապիկով… Նա իրեն բնորոշ հայացքով նայեց ինձ ու գնաց: Այդ պահին մի տեսակ տաք հոսանք զգացի, ու երբ վեր կացա եւ առաջ շարժվեցի, զգացի, որ քայլվածքս փոխվել է: Նկարահանման հրապարակում բոլորը սկսեցին ծափահարել` Հովոն վերադարձել էր:

Հարություն Մովսիսյանը


- Վերադարձել է ոչ միայն Հովոն, այլեւ նրա երիտասարդությունը` Սարգիս Գրիգորյանի դերակատարմամբ: Վերջինս արդյո՞ք հեշտ մտավ տարիներ շարունակ Ձեր կերտած դերի մեջ:

- Առանձնակի դժվարություններ չունեցանք այդ գործընթացում: Ասեմ ավելին` մի քանի ժեստ հենց ես վերցրի Սարգսից, եւ հակառակը: Հետաքրքիր է` հանդիսատեսը կնկատի՞ դրանք...

- Սերիալային Հովիկը եւ ֆիլմային Հովիկը շա՞տ են տարբերվում իրարից:


- Կերպարը հիմնականում պահպանվել է, բայց կարծում եմ` ֆիլմում նա ավելի մեղմ է: Ոչ սերիալում, ու առավել եւս ոչ էլ ֆիլմում Հովոն պարզապես քրեական աշխարհի մարդ չէ, որ փառաբանվում է, ուղղակի դրա միջոցով ներկայացնում ենք իսկական տղամարդու կերպար, որ դեմ է ստին, կեղծիքին, դավաճանությանն ու ագահությանը:

- Ենթադրում եմ, որ “Որոգայթ”-ի ֆիլմային տարբերակն ավելի դինամիկ է, ավելի քիչ ինտրիգներով...


- Դե, իհարկե, սերիալն ունի իր սկզբունքները, ֆիլմն` իր: Չնայած` պահպանել ենք ֆոնը, սյուժեն ու դրանից խմորել ենք ֆիլմը, այնուամենայնիվ, ֆիլմն ավելի տեմպով է, ինտրիգներ եւս կան: Այստեղ նաեւ շեշտադրվել է դրաման, այսինքն` մարդկային կյանքի բնական վիճակները, միջանձնային բարդ հարաբերությունները, կոնֆլիկտները: Հենց սրա շնորհիվ էլ ֆիլմը կվայելեն ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք ու աղջիկները, նաեւ բոլոր նրանք, ովքեր երբեւէ սերիալը չեն դիտել:

Հարություն Մովսիսյանը


- Քրեական դրամայի հիմքում մարդն է, որ հայտնվում է որոգայթում ու փորձում դուրս գալ, սակայն կյանքը նրա համար նոր որոգայթներ է պատրաստում… Դիտելով ֆիլմը` հանդիսատեսը կյանքի պատրաստած որոգայթներից դուրս գալու դասեր կքաղի՞:

- Ծայրից ծայր... Բայց եկեք չմոռանանք, որ ֆիլմը մտածելու առիթ է տալիս, եւ ոչ թե դաստիարակում:

-  Պարոն Մովսիսյան, վստահ եմ` արդեն տեսել եք ֆիլմը. գո՞հ եք արդյունքից:


-Ճիշտ է` որշակի հատվածներ դեռ չեմ դիտել, բայց այն, ինչ տեսել եմ, գոհացրել է ինձ: Ասեմ, որ մեծ ռիսկի ենք դիմել` նկարահանելով “Որոգայթ” սերիալի ֆիլմը, բայց գիտեինք` ինչ ենք անում: Ամեն բան արել ենք, որ ֆիլմը կրկնի լեգենդար սերիալի հաջողությունը: Կարծում եմ` հենց այդպես էլ պետք է լինի, ու ժողովրդին դուր կգա:

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW