×


Հելեն Սեգարան սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին

Ֆրանսիացի երգչուհի, «աշխարհի լավագույն Էսմերալդա» Հելեն Սեգարան անհամբեր սպասում է երեւանյան ելույթին: Հիշեցնենք, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ կանցկացվի, որին հանդես կգա նաեւ հայկական արմատներով երգչուհին:

Մինչ Հայաստան ժամանելը Հելեն Սեգարան հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է.«Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան՝ մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»:


Տեղեկացնենք, որ բացի Սեգարայից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան սիրված երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն եւ այլք: Նրանց կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը եւ «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:

Հելեն Սեգարան ծնվել է 1971թվականին՝ Ֆրանսիայում: Հայրն իտալացի է, մայրը` հայ: 15 տարեկանում թողել է ուսումը եւ շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում: 1993թ.-ին թողարկել է առաջին «Լոին» ձայնասկավառակը, որը հաջողություն չի ունեցել: 1996թ.-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ, ով դարձել է նրա պրոդյուսերը: Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել եւ արժանացրել մի շարք մրցանակների: Այդ եւ մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա 1999 թ.-ին թողարկած «Ապակե սիրտ» սկավառակում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ: Ձայերիզը վաճառվել է ավելի քան 600 հազար օրինակով: 1997թ.-ին նրան մեծ հաջողություն է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը: 1999թ. ստիպված է եղել լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստի պատճառով: Ձայնի վերականգնումից հետո թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ եւ շուրջ 25 սինգլ: Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները: 2011թ. ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը:

Տեղեկատվությունը՝ կազմակերպիչների

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport