×


Հերմինե Ստեփանյանը հեքիաթ պատմելու փոխարեն անկեղծացել է :)

Հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանն ու լուսանկարիչ Արմեն Աղայանը Նոր տարին առաջին անգամ դիմավորելու են իրենց առաջնեկի` Մարիայի հետ: Նորաթուխ մայրիկը BRAVO.am-ին անկեղծորեն պատմել է, թե ինչու չի սիրում ամանորյա եռուզեռը եւ ինչպես է այն նշում:):  

Հերմինե Ստեփանյանը` դստեր հետ


Նրա խոսքով` վերջին չորս տարվա ընթացքում տանը եղեւնի չեն զարդարել, բայց այս անգամ փոքրիկ Մարիան տոնածառ կունենա.“Միգուցե շատերը մտածեն` ինչ է հասկանալու 6 ամսական երեխան, բայց լույսերն ու խաղալիքներն անհրաժեշտ դրական էմոցիաներ են հաղորդում: Ինքս էլ շատ եմ սիրում տոնածառի լույսերը, կարող եմ ժամերով պառկել բազմոցին ու լույսերի ներքո երաժշտություն լսել, ինչն ինձ համար իսկական տոն է”:

Ամանորյա այս լուսանկարների հեղինակը Մարիայի հայրիկն է, ֆոտոշարքը ծրագրված չի եղել եւ աշխատանքային գործընթացում է ստացվել.“Տոնածառերի խանութում նկարահանվում էր Էմմիի “Նոր տարի” երգի համար նախատեսված սկավառակի շապիկը, մյուս փոքրիկների հետ նկարվում էր նաեւ Մարիան: Քանի որ լուսանկարիչն Արմեն Աղայանն էր, չմերժեցինք եւ կանգնեցինք լուսանկարվելու, որ լույսը կարգավորի: Լավ ստացվեց, մենք էլ լուսանկարներ ունեցանք:)”,-կեսկատակ-կեսլուրջ նշել է Հերմինեն:

Հերմինե Ստեփանյանն ու փոքրիկ Մարիան


“Դար 21” հեռուստաընկերության հաղորդավարուհին թեեւ սիրում է խոհանոցում տարբեր ուտեստներ պատրաստել ու հյուրասիրել, բայց տոնական սեղան գցելը դառնում է նրա ոչ սիրելի երեւույթը: Այս տարի գուցե վարվի այնպես, ինչպես մի քանի տարի առաջ.“Երբ մեր ընկերները Նոր տարին մեզ հետ դիմավորելու ցանկություն հայտնեցին, անշուշտ, համաձայնեցինք, մանավանդ, որ հավաքույթները մեր տանը մշտական բնույթ են կրում: Հյուրերիս նախապես ասացի, որ չեմ պատրաստվում միայնակ սեղան գցել եւ յուրաքանչյուրն, ով կգա, թող իր հետ պատրաստի ուտելիք բերի:): Մոտ 30 խենթ մեր հարկի տակ հավաքվեց, երեւի պատկերացնում եք` ինչպիսի սեղան էինք գցել: Մեծ խնջույք էր` առանց տանջանքի:): Միգուցե նորից նույն կերպ տոնենք”:

Նա անկեղծորեն ասել է, որ տարեմուտի գիշերներն իր համար հեքիաթային չեն անցնում.“Կարող եմ մի մեծ ու գեղեցիկ հեքիաթ պատմել, թե ինչ է ինձ հետ կատարվում Ամանորին, բայց թույլ տվեք անկեղծ լինել. դեռեւս ոչ մի անգամ չի կատարվել եւ չեմ ունեցել այն զգացողությունը, որը կուզեի ունենալ: Գուցե պատճառն այն է, որ ոչ մի անգամ Նոր տարին չեմ դիմավորել այնպես, ինչպես երազել եմ… Կարծում եմ` սա կլինի ձեր ամենաանհետաքրքիր հարցազրույցը, որովհետեւ չեք լսի, որ նվերներ գնելու նպատակով ողջ օրը ման եմ գալիս խանութներով, նույնիսկ ժամերով չեմ կանգնում ջեռոցի կողքին` հետաքրքիր կերակուր պատրաստելու համար: Իրականում տոնը ոչ խանութներում է, ոչ էլ ջեռոցի թավայում, այն բոլորովին այլ վայրում է:)”:

Հերմինե Ստեփանյանը` դստեր հետ


Հերմինեն մատնանշել է նաեւ Նոր տարվա հայկական ձեւաչափի իր չսիրած երեւույթները.“Ինձ դուր չի գալիս, որ մարդիկ ամբողջ տարվա ընթացքում ժամանակ չեն գտնում միմյանց տեսնելու համար, մեկ էլ ստիպված շոկոլադի տուփը ձեռքներին իրար այցի են գնում: Եթե կարոտում են եւ ուզում են հանդիպել, ապա օրացույցն այստեղ չպետք է գործ ունենա, այն էլ Երեւանի նման քաղաքում, որտեղ կես ժամ է հարկավոր մի տեղից մյուսը հասնելու համար”:

Եթե Ձմեռ պապիկին նամակ գրեր, թե՛ իր, թե՛ մարդկության համար կխնդրեր, որ վերջինիս գոյության հանդեպ հավատ լիներ.“Դա կօգներ հուսալ, որ ինչ-որ մի օր մի գեղեցիկ բան է տեղի ունենալու, որ կա մեկը, ով կիրականացնի երազանքդ”,-նշել է հաղորդավարուհին` չմոռանալով շնորհավորել բոլորի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը:):

BRAVO.am
Լուսանկարները` Արմեն Աղայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW