“Փրկագին”. այսպես է կոչվում 16 մասից բաղկացած գեղարվեստական նոր ֆիլմաշարը, որի զարգացումներին կարող եք հետեւել սեպտեմբերի 8-ից` Առաջին ալիքով: Գլխավոր դերերում նկարահանվել են դերասաններ Հովակ Գալոյանը, Թամարա Պետրոսյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Մարջան Ավետիսյանը, Նարինե Պետրոսյանը, Սամվել Թոփալյանը, Տաթեւ Մելքոնյանը, Սերգեյ Թովմասյանը եւ Արման Ղազարյանը:
Հովակ Գալոյանը եւ Մարջան Ավետիսյանը` "Փրկագին" ֆիլմաշարի նկարահանումներին
Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է: Պատմության հիմքում Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված ոստիկանական համակարգի նախկին աշխատակցի` Վռամի փորձություններն են հայրենիքում, երբ նա դստեր` Լիլիթի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ժամանում է հայրենիք: Հասնելով Երեւան՝ Վռամը հայտնաբերում է Լիլիթի մորաքրոջ դանակահարված դին, տեղեկանում, որ աղջկան առեւանգել են, եւ ակամայից ներքաշվում ծանր հանցագործության բացահայտման գործի մեջ: Ֆիլմի ընթացքում պարզ է դառնում, որ Լիլիթի առեւանգումը կապված է Վռամի գործունեության եւ Հայաստանում քիմիական զենքի առկայության մասին տեղեկություն ունենալու հետ:
“Փրկագնի” գաղափարը գլխավոր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանինն է, որի խոսքով` սցենարը գրելուց առաջ քննարկել ու ընտրել են հեռուստատեսային ամենամատչելի ժանրերից մեկը.“Խնդիր էի դրել, որ այս աշխատանքը պետք է առանձնանա դերասանական բարձր խաղով, քանի որ այն հայկական սերիալների ամենաթույլ կողմերից մեկն է: Դիտելով վերջնական տարբերակը` ակնկալիքներս արդարացան”:
"Փրկագին" ֆիլմաշարի նկարահանումներին
Բեմադրող ռեժիսոր եւ գործադիր պրոդյուսեր Արտյոմ Հարությունյանը, որը նկարահանել է “Կյանքի գինը”, “Վերադարձ” բազմասերիանոց ֆիլմերը եւ մի շարք տեսահոլովակներ, BRAVO.am-ին պատմել է, որ գլխավոր հերոսի թեկնածուին երկար են փնտրել.“Կարեւորել ենք ամեն մանրուք` Ամերիկայից վերադարձածի տպավորություն ստեղծելու համար: Մեր նպատակը կենցաղային հարս-սկեսուր թեմաներից դուրս մասշտաբային նախագիծ ստեղծելն էր”,-նշել է նա` հավելելով, որ նկարահանումը տեւել է 48 օր.“Նկարել ենք ոչ թե սերիալի, այլ գեղարվեստական ֆիլմի չափանիշներով` օրական 3-4 տեսարան, ինչը Հայաստանում ֆինանսական տեսանկյունից դժվար է”:
ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Հովակ Գալոյանը, հավանելով սցենարը եւ նկարահանող անձնակազմին, սիրով է կատարել իր աշխատանքը.“Կարեւոր է ամբողջովին պատրաստել կինոարտադրանքը, հետո ցուցադրել եթերում: Բազմասերիանոց ֆիլմում, ի տարբերություն սերիալների, որոնց դեմ չեմ, հնարավորություն ու ժամանակ ունես քո կերպարն ավելի ճիշտ ընկալելու եւ մատուցելու: Կարծում եմ` խաղընկերներս էլ կարողացան իրենց կերպարները հնարավորինս լավ մարմնավորել, բայց ամենակարեւորը հեռուստադիտողի կարծիքն է”:
"Փրկագին" ֆիլմաշարի նկարահանումներին
Գլխավոր հերոսի դստերը` Լիլիթին մարմնավորող Թամարա Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում պատմել է, որ այս դերասանական կազմի հետ առաջին անգամ է աշխատել. “Նախկինում նման կերպար չէի կերտել, ինչն արդեն հետաքրքիր էր: Այս ժանրի ֆիլմերում հերոսուհին բարի եւ խելացի է լինում, բայց կարեւոր հանգամանք կա. քանի որ Լիլիթը գրեթե ողջ ընթացքում զոհի կարգավիճակում է, փորձել եմ ավարտին ավելի ուժեղ ու համարձակ դարձնել: Ռեժիսորի հետ գտել ենք նրա կերպարի զարգացումը”:
Ֆիլմաշարն Առաջին ալիքի եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 22:30-ին:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: