×


Հովիկ Դեմիրճյան.«Մի քիչ ռոմանտիկ եմ, բայց դա լավ է»

Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում կներկայացնի կիպրահայ երաժիշտ Հովիկ Դեմիրճյանը, ով հայաստանյան հանդիսատեսին ներկայացավ նախորդ տարեվերջին` որպես «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուր: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչն ասել է, որ առաջին անգամ էր Երեւանում, բայց վստահ է՝ ոչ վերջին:

Հովիկ Դեմիրճյանը


- Հովիկ, ինչպե՞ս ստացվեց, որ թողեցիր հաշվապահությունն ու մարքեթինգը եւ սկսեցիր երաժշտությամբ զբաղվել:
-Միշտ էլ սիրել եմ երաժշտությունը: Ինձ համար մշտապես ավելի հեշտ է եղել երգի միջոցով ինքնաարտահայտվել: Սակայն դպրոցից հետո որոշեցի հաշվապահությամբ զբաղվել. գնահատականներս լավ էին: Վեց ամիս անց ձանձրացա եւ սկսեցի մարքեթինգ ուսումնասիրել: Դա էլ ձանձրալի էր ինձ համար: Նորից վերադարձա երաժշտության աշխարհ ու սկսեցի ջազ ուսումնասիրել: 2009 թվականին արդեն մասնակցեցի «X Factor» նախագծին:

-Ընտանիքդ աջակցե՞ց քեզ այդ փոփոխության հարցում:
-Մտերիմներս, հարազատներս միշտ քաջալերել են ինձ, որ իրականացնեմ երազանքներս: Նրանք միշտ կողքիս են, դրա համար էլ շատ երջանիկ մարդ եմ: Հավատում են ինձ, ու դա ուժ է տալիս իրականացնել բոլոր երազանքներս:

-Ինչպե՞ս կայացրեցիր «X Factor» նախագծին մասնակցելու որոշումը:
-Նախ՝ մտածում էի, որ մեծ փորձ կլինի, որովհետեւ ի սկզբանե չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում նախագծի շրջանակում: Ընդամենը 19 տարեկան էի, շատ ռիսկով էի ու ինքնավստահ: Այդ տարիքում միշտ էլ ավելի ինքնավստահ ես: Մի քիչ ռոմանտիկ անձնավորություն եմ, բայց դա լավ է: Միշտ հավատում եմ երազանքներիս ու իրականացնում եմ դրանք: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, բայց առ այսօր երազանքներս իրականանում են: Ընդհանրապես, շատ կուզեի՝ մարդիկ գնային իրենց երազանքի ետեւից, եւ այդ ժամանակ աշխարհն ավելի լավը կլիներ:

-Երկու անգամ մասնակցել ես «Եվրատեսիլ»-ի կիպրոսյան նախընտրական փուլերին՝ այս անգամ ընտրվելով որպես երկրի ներկայացուցիչ: Ինչո՞ւ է քեզ համար այդքան կարեւոր այս մրցույթը:
-Մանկուց միշտ էլ դիտել եմ «Եվրատեսիլ»-ն ու միշտ էլ երազել եմ մասնակցելու մասին: Փառք Տիրոջը, վերջապես իրականացավ եւս մի երազանք: Աշխարհի ամենակարեւոր երգի մրցույթներից մեկն է: Գիտեմ, որ մասնակցելով շատ բան կստանամ: Հենց «Եվրատեսիլ»-ն է պատճառը, որ այսօր հանդիպել ու զրուցում ենք:

Հովիկ Դեմիրճյանը


-Ազգությամբ հայ ես, հրաշալի խոսում ես հայերեն, բայց ներկայացնում ես Կիպրոսը: Որքանո՞վ դա քեզ կօգնի:
-Հայ լինելն ինձ համար շատ կարեւոր է: Հայությունը սիրում է միմյանց օգնել, ու ես զգում եմ այդ աջակցությունը: Երգիչ եմ, մեկնում եմ մրցելու, ամեն ինչ էլ հնարավոր է:

-«Եվրատեսիլյան» երգը քեզ համար գրում է շվեդ կոմպոզիտոր Թոմաս Գիսոն: Կպատմե՞ս համագործակցության մասին:
-Նա բավական հայտնի կոմպոզիտոր է, 2012 թվականին «Եվրատեսիլ» մրցույթում հաղթած «Euphoria» երգի հեղինակը: Իր հետ աշխատելը մեծ պատիվ է: 

-Ինչպե՞ս եւ որտե՞ղ ես ստեղծագործում:
-Նիկոսիայում եմ ապրում, տանը ստուդիա ունեմ, հենց այնտեղ էլ աշխատում եմ: Բայց ստեղծագործ մարդիկ գիտեն, որ երաժշտությունը կարող է ծնվել ցանկացած պահի, անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում: Այն սկսում է քեզ խանգարել, պիտի նստես ու գրես:

Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW