×


Հռոմի խճանկարների ամբողջ ներկաապնակը՝ մեկ ցուցահանդեսում

Իտալական մշակույթի կանգառը Երեւանում. երեկ Ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվեց «Հին Հռոմի գունեղ տեսիլները. խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» վերնագրով ցուցահանդեսը: Հռոմեական խճանկարների Կապիտոլյան հավաքածուն ձեւավորվել է մի քանի տասնամյակների ընթացքում` 19-րդ դարեվերջից մինչեւ 20-րդ դարեսկիզբն ընկած ժամանակահատվածում, իսկ ստեղծվել են դրանք մ.թ. 2-4-րդ դարերում:

Ցուցահանդեսին ներկայացված են Հռոմի բնակելի շինությունների եւ գերեզմանների ձեւավորման 21 օրիգինալ նմուշներ` ռեստավրացիայից հետո ցուցադրված միայն Օստրիայում: Հռոմի գերեզմանոցներում հայտնաբերված ու ցուցահանդեսում ներկայացված խճանկարները կոչված են եղել արտացոլել հանգուցյալի արժանիքներն ու հանդերձյալ կյանքի հետ կապված սպասումները: Նմուշները հնարավորություն են տալիս մտորելու դրանցում պատկերված զարդանախշերի բնույթի, որոնք բազմազան են իրենց նշաններով ու գույներով, եւ մեր արվեստի հասկացությունների ու գրաֆիկական դիզայնի հետ ունեցած նմանության շուրջ:


Աշխարհի ամենահին թանգարանի նմուշները Հայաստանում ցուցադրման կազմակերպիչներն են Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Գլոկալ Փրոջեքթ» խորհրդատվական ընկերությունը եւ Հռոմի մշակութային ժառանգության կապիտոլյան բաժնի ղեկավար Մարիա-Վիկտորիա Մարինի Կլարելին:

Դեսպան Վինչեցո Դել Մոնակոյի խոսքով, մշակույթը հույժ կարեւոր բաղադրիչ է հայ-իտալական հարաբերությունների առաջընթացի գործում. «Կարծում եմ, ցուցահանդեսի վերնագիրը պատկերավոր ներկայացնում է այդ դարաշրջանի արվեստի նմուշները: Դրանք ներկայացնում են հռոմեական հասարակության հարստությունն ու ճոխությունը»:


Կապիտոլյան թանգարանների հավքածուի խճանկարները գեղեցկացրել են տարբեր պատմական անձանց, օրինակ` Հուլիոս Կեսարի առանձնատունը: Ազգային պատկերասրահի կիրառական-դեկորատիվ արվեստի բաժնի ղեկավար Սաթենիկ Չուգասզյանը ցուցադրված հավքածուից հատկապես առանձնացրեց հռոմեացի զորավարի տանը հայտնաբերված նմուշը. «Այստեղ կարող ենք տեսնել բազմաթիվ տեխնիկաների կիրառում: Աննկարագրելի է այս նմուշի արժեքը: Խճանկարում պատկերված է շատրվան` խեցիներով հարդարված»:

Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: BRAVO.am-ի հետ զրույցում նախարարը ընդգծեց, որ նման նախաձեռնությունները կրթական տեսակետից շատ կարեւոր են. «Անցած մեկ տարվա ընթացքում թանգարաններում կրթության կազմակերպան ուղղությամբ մեծ աշխատանք ենք տարել: Մեր աշակերտները նման նմուշների հետ շփման կարիք ունեն: Դպրոցականների համար պատրաստվում ենք կազմակերպել հենց այս ցուցահանդեսի անվճար դիտում»:


Եթե դուք էլ եք ուզում տեսնել Կեսարի առանձնատան նմուշը, ինչպես նաեւ շատ այլ հետաքրքիր խճանակարներ, կարող եք այցելել Ազգային պատկերասրահ մինչեւ սեպտեմբերի 29-ը:

Տեքստը`Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները`Մարիաննա Պետրոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport