×


Հրանտ Թոխատյան.\"Ինձնից ավելի շատ վաստակող դերասան հիմա չկա\"

Հրանտ Թոխատյանը սիրում է պատմել իր անցած ճանապարհի, բարձրաձայնել իրեն մտահոգող խնդիրների մասին: Դերասան-հաղորդավարը երեկ “Լոֆթ” կենտրոնում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: BRAVO.am-ն առանձնացրել է նրա հետաքրքիր մտքերը:

Հրանտ Թոխատյանը


“Վերջին Մահիկյանը” կատակերգական սերիալում միակ հայը ես եմ: Հեղինակները բելառուսներ ու ուկրաինացիներ են, ռեժիսորը վրացի է, պրոդյուսերը՝ աբխազ: Երբեմն անիմաստ սցենար են գրում, բայց մեղք չունեն: Երբ հայի նոր կերպար պիտի հայտնվեր, նրանց համոզում էի, որ հենց հայ դերասան խաղա, մերոնք իսկապես փայլուն խաղում էին ու հետ գալիս Հայաստան: Սկզբում ոչ ոք չէր հավատում սերիալի հաջողությանը, պետք է մեկ եթերաշրջան նկարվեր ու ավարտվեր, իսկ հիմա հինգերորդն է: Հայաստանում ավելի քիչ հետաքրքրությամբ է դիտվում, բայց Վրաստանում հաճույքով են նայում՝ վրացերեն թարգմանությամբ: Շատ զվարճալի էր ինձ վրացերեն խոսելիս լսել:

Դերասան դառնալն իմ մանկության երազանքը չի եղել, երազում էի ծաղրածու դառնալ, հուսով եմ՝ մի օր կդառնամ: Բարեբախտաբար, այն երջանիկներից եմ, ով շփվել է Լեոնիդ Ենգիբարյանի հետ: Հայրս լավ հարաբերություններ ուներ նրա հետ, ամենամեծ ազդեցությունը նա է թողել ինձ վրա: Կրկեսն էի ինձ ապագա համարում:

Երիտասարդ տարիներին զբաղվել եմ մանկավարժությամբ. մեծ սիրով դասավանդում էի դպրոցում: Երկու աշխատանքով չէի կարող զբաղվել, թատրոնը մի քիչ հաղթեց: Ուսուցչի ու դերասանի մասնագիտությունները նմանություն ունեն, եթե հավեսով ես դասարան մտնում, աշակերտը հասկանում է, որ քո գործը քեզ հաճույք է պարգեւում, նա ավելի ուշադիր է լինում քո առարկային, ինչն ուսուցչի համար հաղթանակ է:

Հրանտ Թոխատյանը հանդիպել է երիտասարդների հետ


Ժամանակին վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվել եմ, օրեր առաջ էլ ՀՀ ժողովրդական արտիստի կոչում տվեցին, բայց ինձ ոչ ոք չի համոզել, ոչ ոք չի եկել մեր տուն: Ստանալուց հետո նախագահի հետ խոսեցի, հարցրեց՝ ուրախ եմ արդյոք… Դե, դժվար է ասել, որ ուրախ եմ, վաղը, մյուս օր, որ նոր ներկայացում ծնվի, ես ավելի ուրախ կլինեմ: Մեր մասնագիտության մեջ կարեւորը հանդիսատեսի գնահատականն է, երեւի հանդիսատեսը գնահատել է, դրա համար պետությունը կոչում տվեց: Բայց կոչումները վաղուց պետք է հանել, դա խթան չի, եթե դերասանը կոչման համար պիտի աշխատի, ավելի լավ է չաշխատի: Իհարկե, շնորհակալ եմ, որ գնահատել են, բայց դրա համար չեմ պայքարել, չեմ մտածել, թե երբ են ինձ տալու:

Ինձ համար կարեւորը թատրոնի բեմ բարձրանալն է. ես միշտ ուզում եմ խաղալ, այս հանդիպումից հետո էլ ներկայացում ունեմ: Ես այս քաղաքի ու աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որովհետեւ ինձ դահլիճում սպասում է 700 հոգի, դրանով ո՞վ կարող է պարծենալ: Ամենակարեւորը նրանք պարտավորված չեն, դեռ մի բան էլ փող են տվել, որ գան ու սպասեն:

Հիմար բան եմ ասում, բայց ուզում եմ ձեզ հետ անկեղծորեն կիսվել` ես այսօր Հայաստանի ամենահարուստ դերասանն եմ: Ինձնից ավելի շատ վաստակող դերասան հիմա չկա: Ուզում եմ կիսվեմ իմ գործընկերների հետ, թե բեմին չդավաճանելով, ոնց կարելի է լավ վաստակել, ոչ թե մտածել՝ այ, կողքից մի հատ էլ “պեռաշկիանոց” բացեմ: Իրար խանգարելու փոխարեն, պետք է ձեռք մեկնենք ու օգնենք: Պետք է ձգտենք ավելիին. խորհրդային տարիներին, երբ ուսանող էինք, ծամոն ունենալու համար գնում էինք Զեյթունի հանրակացարանում կիթառով երգում էինք, որ հայ կամ հնդիկ ուսանողները պատուհանից ծամոն գցեին:

Իմ կարգախոսն է՝ երիտասարդությունն անցնում է, անտաղանդությունը՝ մնում: Սա պետք է հասկանանք, մեկ-մեկ ինքներս մեզ հաշիվ չենք տալիս: Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ վաղը կմեծանամ ու բեմում էլ չեմ խաղա, դրա համար ուզում եմ իմ թատրոնն ունենալ: Իմ երազանքն է ստեղծել մանկական թատրոն, ու այն կլինի:

Հրանտ Թոխատյանը

Հրանտ Թոխատյանը հանդիպել է երիտասարդների հետ


Շառլ Ազնավուրին շատ եմ սիրում, մեքենայիս մեջ նրա երգերն եմ լսում: Շատ կուզեի, որ իր մենահամերգին աստվածատուր ձայնով որեւէ երիտասարդի հետ երգեր, ու այդ տաղանդի համար ճանապարհ բացվեր: Թող հազարավոր մարդիկ իմանան, որ հեռավոր ինչ-որ “Պլտլուկ” գյուղում կա մի “Պողոս”, որ աստվածատուր ձայն ունի: Հետո էլ երիտասարդն արդեն առանց Ազնավուրի կերգեր Լոնդոնում, Մոսկվայում կամ աշխարհի այլ մեծ բեմում: Իսկ հիմա մինչեւ խեղճ երիտասարդը գնա հասնի մեծ բեմեր, չի էլ հասնի, ճանապարհին, ցավոք, կծերանա: Ես մի անգամ առիթ ունեցա ներկա լինել միջոցառման, որտեղ վատառողջ լինելու պատճառով Շառլ Ազնավուրը չկար, բայց ներկա էր նրա իմպրեսարիոն՝ Լեւոն Սայանը, որին այս նույնն ասացի, խնդրեցի, որ փոխանցի: Ցավոք, Ազնավուրի երեւանյան համերգի ժամանակ նկարահանումների եմ, Երեւանում չեմ լինելու:

Արմեն Ջիգարխանյանն ինձնից նեղացել է. պատմությունը սկսվեց մի քանի տարի առաջ, երբ Երեւանի պատվավոր քաղաքացի կոչում տալու համար ցուցակ էին կազմել, եւ դրա տակ ստորագրողներից մեկը ես էի: Ես ասացի, որ դեմ եմ Արմեն Ջիգարխանյանին կոչում տալուն, որովհետեւ նա կարող է լինել ՀՀ ժողովրդական արտիստ, նրա արձանը կարող են կանգնեցնել Թատերական ինստիտուտի անկյուններից մեկում, բայց ինչո՞ւ նա պետք է լինի Երեւանի պատվավոր քաղաքացի, ինչո՞ւ չպիտի լինի Արթուր Ութմազյանը կամ Ռուբեն Մաթեւոսյանը, այլ հայազգի ռուսական դերասանը: Հետո նա ինձ ասաց, թե չեմ ամաչում, որ նման բան եմ ասել, ես էլ պատասխանեցի, որ չեմ ամաչում, իրեն պաշտում եմ, դրա համար էլ ինձ թույլ եմ տվել ասել: Այդ ցուցակում էլի անուններ կային՝ Անդրե Աղասի, Շերիլին Սարգսյան, հա, բոլորս էլ միշտ հպարտանում ենք, որ հայ են, բայց իմ քաղաքի բնակիչը չեն:

Սիրում եմ լսել դասական ռոք-խմբերի՝  “Deep Purple”, “Pink Floyd”, “Black Sabbath”, “Led Zeppelin”, նաեւ Շառլ Ազնավուրի երգերը: Այս պահին վերընթերցում եմ Մարկեսի “100 տարվա մենություն”-ը, իսկ դրանից առաջ կարդում էի Վահրամ Սահակյանի գիրքը:

Ի՞նչ է երջանկությունը… Չգիտեմ, ես երջանիկ եմ:):

 BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW