×


Ճապոնացի վիրտուոզ Նոբույուկի Ցուջին ելույթ է ունեցել Երեւանում

Սեպտեմբերի 6-ին ճապոնացի վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով մեկնարկեց «Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը։


Համերգից առաջ Նոբույուկի Ցուջին նշեց, որ ցանկանում է հանդիսատեսին ներկայացնել իր սիրելի երեք կոմպոզիտորներին։ Նա կատարեց Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի եւ Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններից։

«Երբ հրավեր ստացա, Հայաստանի մասին շատ բան չգիտեի, բայց երբ այստեղ եկա, զգացի՝ մարդիկ շատ ջերմ են։ Ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել` լավ երաժշտություն պարգեւելով»,- ասում է դաշնակահարը։

Նոբույուկի Ցուջին


Ի ծնե կույր երաժիշտը պատմում է, որ նվագել սկսել է դեռ փոքրուց, երբ մայրը խաղալիք դաշնամուր էր նվիրել։ Սկզբում դրանով միայն խաղում էր, իսկ արդեն 4 տարեկանից կարողանում էր երաժշտություն ստանալ։


Նոբույուկի Ցուջին «The Observer» պարբերականի կողմից արժանացել է «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին։ Դաշնակահարը 2009 թվականին ստացել է Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետեւել է նրա հեղինակության տարածումը ողջ աշխարհում` այն յուրահատուկ ուժի եւ հուզմունքայնություն համար, որ առկա է նրա կատարումներում։ Երաժիշտը նշում է, որ այս իրադարձությունը վճռորոշ եղավ իր կյանքում եւ օգնեց հանդիպել բազմաթիվ մարդկանց, որ այս կամ այն կերպ ազդեցություն ունեցան նրա երաժշտական կարիերայի վրա։

Նոբույուկի Ցուջիի երեւանյան համերգին


Նոբույուկիի երազանքն է իր ներդրումն ունենալ երաժշտության պատմության մեջ ու հնարավորինս շատ մարդկանց ցույց տալ դասական երաժշտության գեղեցկությունը:

«Հանձին այս մարդու` ես տեսա, որ ամենամեծ հանճարները դեռ պետք է բացահայտվեն 21-րդ դարում։ Լավ նվագողներ շատ կան, բայց անհատականություններ` քիչ»,- կարծում է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը։


Նոբուն հանդես է եկել բազմաթիվ առաջատար նվագախմբերի հետ, որոնցից են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Տոկիոյի սիմֆոնիկ եւ Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Տոկիոյի «Յոմիուրի Նիպպոն» սիմֆոնիկ նվագախումբը, Մյունխենի, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբերը եւ այլն։

Նոբույուկի Ցուջիի երեւանյան համերգին


2018-2019թթ. համերգաշրջանում Նոբուն ելույթ է ունենալու Իսլանդիայի սիմֆոնիկ նվագախմբի եւ Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ Վլադիմիր Աշքենազիի եւ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ։ Այնուհետեւ դաշնակահարը կմեկնի համերգային շրջագայության դեպի ԱՄՆ-ի արեւելյան ափ եւ ասիական մի շարք երկրներ՝ «Օրփեոս» կամերային նվագախմբի հետ։ Ավելի ուշ Նոբուն առաջնելույթով հանդես է գալու Լոնդոնի Սաութբենք կենտրոնում՝ «Միջազգային դաշնամուրային շարք» միջոցառման շրջանակում։


«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինկաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը եւ այլք:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport