×


Մաշա Մնջոյան.“Եթե առաջարկի, մեծ հաճույքով կհամաձայնեմ”

Մաշա Մնջոյանը 2013 թվականի մարտին հաղթեց “Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանում, հուլիսին 7-րդ տեղը զբաղեցրեց “Նոր ալիք” միջազգային մրցույթում, իսկ սեպտեմբերին դարձավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող: 18-ամյա երգչուհին BRAVO.am-ին պատմել է, թե իրադարձություններով հագեցած նախորդ տարվանից հետո ինչ ծրագրեր ունի այս տարի:

Մաշա Մնջոյանը


Նա փետրվարի 22-ին եւ 23-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կմասնակցի “70-ականների Երեւան” խորագրով համերգներին.“Շատ ուրախ եմ, որ նույն բեմում ելույթ կունենամ Զառա Տոնիկյանի, Էռնա Յուզբաշյանի եւ մյուս արտիստների հետ: Երգերն արդեն ընտրված են, երաժիշտների հետ փորձերն ենք անում: Նույն կազմով մարտին կմեկնենք Լոս Անջելես` ելույթ ունենալու ամերիկաբնակ հայերի համար”: 

“Հայաստանի ձայնը” նախագծի ավարտից հետո Մաշան աշխատում է առանց պրոդյուսերի, բայց պայմանագիր ունի “Արմենիա” հեռուստաընկերության հետ. “Անկեղծ ասած` իմ պրոդյուսինգով զբաղվելու լուրջ առաջարկ չեմ ստացել: Նա պետք է շատ վստահելի մարդ լինի եւ ինձ համար մտածի այնքան շատ, որքան` ծնողներս: Իսկ իմ մարզիչ Սոնան պրոդյուսերից էլ ավելին է, իր խորհուրդներով շատ է օգնում ու քաջալերում: Եթե նա առաջարկի ռուսաստանյան համերգների մասնակցել, մեծ հաճույքով կհամաձայնեմ”:

Մաշա Մնջոյանը եւ Սոնան


Խոսելով իր հաղթանակի եւ դրանից հետո տեւական լռության մասին` նա նշել է, որ հնարավորության դեպքում ավելի հաճախ ելույթ կունենա.“Եթե չլիներ “Հայաստանի ձայնը”, վստահ եմ` շատ ավելի դժվար էր լինելու իմ ուղին, այդ հաղթանակն ինձ հարկավոր էր, բայց նաեւ դժվար է հաղթելուց հետո կարգավիճակդ պահելը: Այս շրջանում ինձ համար հեշտ չէ առաջ գնալ, դեռ բավարարվում եմ հրավերներով, մինչեւ մի քիչ էլ մեծանամ, ուսումս ավարտեմ, կփնտրեմ նոր ելքեր ու հնարավորություններ: Ցավոք, այն դարը չէ, որ սպասես, թե ով քեզ լավ առաջարկ կանի, հասկանում ես, որ ճարպիկներն են առաջ գնում: Իմ փորձից զգացել եմ, որ համեստ լինելը խանգարում է, բայց ինչպես ասում են` թող ուշ լինի, նուշ լինի”:

Սովորելով կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի առաջին կուրսում` նա ժամանակի մեծ մասն այժմ տրամադրում է ուսմանը.“Համակուրսեցիներս շատ լավն են, դասախոսներս էլ պահանջկոտ են, բայց ըմբռնումով են մոտենում, երբ հազվադեպ բացակայում եմ: Քննական շրջանում ստուգարքիցս հետո մեր դասախոս Երվանդ Երզնկյանը, որը Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, ինձ 8 երգ տվեց եւ առաջարկեց իր նվագախմբի փորձերին մասնակցեմ ու ջազային ստեղծագործություններ երգեմ”:

Մաշա Մնջոյանը


Մաշա Մնջոյանը նաեւ “Հայաստանի ձայնը” երկրորդ եթերաշրջանի մասնակիցների հետ Երեւանում կմասնակցի ակումբային համերգի, իսկ անհատական տեսահոլովակ կներկայացնի միայն նոր երգի գործիքավորումից հետո.“Նախապես որոշված էր, որ հոլովակը կնկարվի “Նոր ալիք” մրցույթին հնչած “Ես ու դու” երգի հիման վրա, բայց քանի որ հետաձգվեց, պատրաստում ենք մեկ այլ` դեռեւս չլսված երգ, որի հեղինակը գյումրեցի Արմինե Հովհաննիսյանն է: Նա ինձ համար երկու երգ է գրել, երբ երգում էի “Դեղձանիկ” մանկապատանեկան համույթում: Հնարավորություն դեպքում կցանկանայի ինչպես իմ հին, այնպես էլ նոր երգերս ձայնագրել ու հանդիսատեսին ներկայացնել”:

BRAVO.am
Լուսանկարները` Մաշա Մնջոյանի անձնական արխիվից եւ VP Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW