Մաշա Մնջոյանը նորություններ ունի: Նա BRAVO.am-ին պատմել է, թե ինչով է զբաղվել վերջին ամիսներին եւ ուր է պատրաստվում մեկնել նոյեմբերին։ Երգչուհին մեզ է տրամադրել նաեւ իր նոր ֆոտոշարքը, որի շրջանակում համագործակցել է դիզայներ Վահան Խաչատրյանի հետ:
Մաշա Մնջոյանը
«Հայաստանի ձայնը 1» նախագծի հաղթողը 3 ամսով մեկնել էր Ավստրալիա, իսկ նպատակը «X Factor»-ին մասնակցությունն էր.«Որոշեցի հետաքրքրության համար հայտ ներկայացնել, ամիսներ անց արդեն մոռացել եւ չէի էլ սպասում պատասխանի, երբ էլ. փոստիս նամակ եկավ, որ լսումների համար ինձ սպասում են Մելբուրնում։ Այդ ժամանակ որպես բեք-վոկալիստ մասնակցում էի «Եվրատեսիլ 2016»-ին, որից հետո միանգամից մեկնեցի։ Մարտական էի տրամադրված, բայց մասնակցությունս չստացվեց, քանի որ վիզայիս մեջ մի կարեւոր կետ կար, որ չեմ կարող նկարահանվել հեռուստաշոուներում։ Եթե հետագայում ստացվի մասնակցել կամ տեղափոխվել՝ կրթություն ստանալու, միայն ուրախ կլինեմ»։
21-ամյա երգչուհին նախապես չպլանավորված համերգներ է ունեցել տեղի հայ երաժիշտների հետ.«Ելույթ եմ ունեցել Սիդնեյի ամենահայտնի ջազ ակումբներից մեկում, որտեղ հայտնի երգիչները գոնե մեկ անգամ լինում են։ Այդտեղ բախտ ունեցա ներկայանալ այլազգի հանդիսատեսի առջեւ, մյուս համերգը հայ համայնքի համար էր։ Խմբի հետ հետաքրքիր գաղափարներ ունենք, գուցե հետագայում էլ միասին աշխատենք։ Շատ լեցուն ու բուռն ամառ ստացվեց. բարեկամներիս հետ հասցրել եմ հետաքրքիր վայրերում շրջել»։
Մաշա Մնջոյանը՝ Ավստրալիայում
Մաշան այժմ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի ջազ վոկալի բաժնի 4-րդ կուրսում.«Բավական շատ բացակայել էի դասերից, ըմբռնումով վերաբերվեցին ու շանս տվեցին, որ բացթողումներս լրացնեմ։ Նաեւ մի քանի երգ կա, որ վաղուց ուզում եմ ձայնագրել, բայց հետաձգվում է, հուսամ՝ շուտով կձայնագրեմ»։
Նոյեմբերին նա կմեկնի Կանադա: Տորոնտոյում համերգի կմասնակցի գյումրեցի երգիչներ Մուրադ Մալխասյանի եւ Գագիկ Մկոյանի հետ.«Մեծ համերգ է լինելու, երեքս էլ տարբեր ժանրերում ենք ներկայանալու։ Սփյուռքում կազմակերպվող համերգներին ինձնից միշտ պահանջում են հայկական երգեր կատարել, բայց ի զարմանս ինձ, այս անգամ անգլալեզու երգեր կկատարեմ»։
Մաշան զբաղվածության պատճառով վերջերս հազվադեպ է իր հարազատ տուն վերադառնում. «Ափսոսում եմ, բայց ամիսը մեկ անգամ եմ կարողանում Գյումրի գնալ։ Երբ մի քիչ ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ զբաղվել աղջկական գործերով: Գուցե անլուրջ է, բայց որոշել եմ ինքս ինձ համար դիմահարդարում ու եղունգների հարդարում սովորել, արդեն որքան ժամանակ է՝ հետաքրքրված եմ»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի եւ Մաշա Մնջոյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: