×


Մարիամ Ալեքսանյանի անակնկալ նշանադրությունը տարեդարձի օրը

Մարիամ Ալեքսանյանը հունիսի 8-ին դարձել է 22 տարեկան: Օրը դերասանուհու համար նշանավորվել է անակնկալ իրադարձություններով: Նրա տարեդարձի խնջույքին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը եւ ականատես եղել, թե ինչպես է սիրելին՝ դերասան Գոռ Համբարձումյանը, ամուսնության առաջարկություն անում:

«Երբեւէ այսպիսի ծնունդ չեմ ունեցել, իմ կյանքի 22-րդ տարին միշտ հիշելու եմ, միշտ, միշտ: Առհասարակ համեստ ծնունդների կողմնակից եմ, ճոխություններ չեմ սիրում»,-ասել է հոբելյարը:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


Պարզվում է՝ տարեդարձի օրը Գոռը խնդրել է Մարիամին պատրաստվել, որպեսզի միասին ընթրելու գնան: «Աչքերս փակել էր, եւ բացարձակ չգիտեի, թե ուր ենք գնում: Երբ սրահ մտանք, եւ տեսա հյուրերին, իմ ընկերներին, աչքերիս չէի հավատում, միայն գոռում էի: Քանի որ կեսգիշերին ընկերներս եկել էին շնորհավորելու, իսկ Գոռը խնդրել էր՝ այս տարեդարձս երկուսով նշենք, բացարձակ չէի մտածել, որ հնարավոր է՝ խնջույք նախաձեռնած լինի: Գիտեի՝ անակնկալ կանի, բայց որ այսպիսի, չէի էլ կարող ենթադրել»,-պատմել է Մարիամը:

Նրան նաեւ մեկ այլ հանգամանք է հուզել.«Երեկույթին ներկա էին մարդիկ, որոնց հետ ուղիղ մեկ տարի առաջ ես վիճել էի, չէինք խոսում՝ մեր կուրսի Ռուզաննան, Աննաները, իսկ այսօր նրանք իմ մտերիմ մարդիկ են: Երբեք չէի մտածի, որ իրար անծանոթ ընկերներս մեկ օրում մտերիմ կդառնան: Բոլորն ուրախանում էին, պարում, գոռում, իմ օրը տոն դարձնում: Շնորհակալ եմ ընկերներիս, ծնողներիս, Գոռին եւ նրա ծնողներին»:

Մարիամ Ալեքսանյանի 22-ամյակին


Երեկոյի երկրորդ հատվածում Գոռն ամուսնության առաջարկ է արել սիրելիին.«Դա լրիվ ուրիշ բան էր, հրաշք էր, անիրական… Ընդունել եմ մատանին՝ առանց երկար մտածելու: Ես սիրում եմ, իսկ դա շատ կարեւոր է: Երբ սիրում են, չեն մտածում համաձայնելու մասին, ավելին ասեմ՝ չեմ էլ լսել, որ առաջարկել է ամուսնանալ, ես միայն գոռում էի՝ այո՜: Փաստորեն, Գոռը կազմակերպել էր նաեւ մեր նշանադրությունը: Նա միշտ առանձնահատուկ է եւ տարբերվող նման հարցերում»:

Մարիամ Ալեքսանյանի 22-ամյակին


Մարիամից հետաքրքրվել ենք՝ արդյոք մատանին իր սրտով է.«Գոռի ճաշակը լավն է, բայց քանի որ ես էգոիստ անձնավորություն եմ, չէի կարողանում մատանուն նայել, վախենում էի չհավանել: Իսկ եթե կատակը մի կողմ` շատ վաղուց ցույց էի տվել, իսկ նա ինչպես միշտ շատ ուշադիր է գտնվել: Շնորհակալ եմ իմ Գոռ, սիրում եմ»:

Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը


BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport