Այսօր եւ վաղը հասցրու դիտել Էմին Արիստակեսյանի հեղինակած երեք տասնյակ լուսանկարներ, որոնք փակցված են “Retro” սրճարանի պատերին: BRAVO.am-ի լուսանկարչի “Իմ աչքերով” խորագիրը կրող ցուցահանդեսի բացումն երեկ էր, որին ներկա էին նրա հարազատներն ու ընկերները, նաեւ երգչուհիներ Մարիաննա Հովհաննիսյանը, Մարինե Հակոբյանը, դերասանուհի Նարինե Գրիգորյանը, երգիչ Նարեկ Մակարյանը, DJ Վակցինան, հաղորդավար Կարեն Քոչարյանը, “Դոգմա” խմբից Զառա Գեւորգյանն ու Վարդան Գրիգորյանը, “The Beautified Project”-ի տղաները եւ ուրիշներ:
BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը կնոջ հետ
Էմին Արիստակեսյանի անհատական առաջին ցուցահանդեսում կտեսնեք նրա մոտ հինգ տարվա աշխատանքի արդյունքի լավագույն նմուշները.“Չէի մտածել, որ հենց 30 լուսանկար կընտրեմ ցուցադրության համար. աշխատանքներս, կարծես, ինքնուրույն գտան իրենց ուրույն տեղը: Ընտրության հարցում իր խորհուրդներով ինձ մեծապես օգնել է նաեւ կինս` Ալիսան”:
Էմին Արիստակեսյանը եւ Սուսաննա Պետրոսյանը
Պար, երաժշտություն, բնություն ու կնոջ մերկ մարմին են պատկերված մետալ երաժշտության սիրահար լուսանկարիչի աշխատանքներում: Գերիշխող մուգ եւ մռայլ գույները ճանապարհ են դեպի հեղինակի խոր ու առեղծվածային ներաշխարհ.“Դեռ մանկուց սիրում եմ ռոք երաժշտություն, ինչն, իհարկե, մեծ ազդեցություն ունի մտածելակերպիս վրա եւ գույների ընտրության հարցում: Մուգ երանգները վատ երեւույթների հետ կապ չունեն, այլ կյանքի փիլիսոփայություն են: Չէի ուզում, որ լուսանկարներս պարզապես ինֆորմացիա փոխանցեն այցելուներին, նպատակս է նրանց էմոցիա ու դրական էներգիա տալ: Կյանքը հենց այդպիսին է՝ լի վատ ու լավ կողմերով”:
Էմին Արիստակեսյանի աշխատանքներից
Էմին Արիստակեսյանը ֆոտոշոփ ու տարբեր էֆեկտեր օգտագործելու հարցում բավական զուսպ է: Նրա խոսքով` ներկայացված աշխատանքները եւս քիչ են մշակված, բացի “Նյու” ոճի լուսանկարներից, որոնք առաջին անգամ է ներկայացնում հանրության դատին.“Այս տարի եմ սկսել “Նյու” լուսանկարներ անել. շատ պատասխանատու եւ լուրջ ոճ է, պետք է չանցնես այն եզրագիծը, որից հետո սկսում է գռեհկությունը: Ինչպես քանդակագործն է կերտում իր քանդակները, այնպես էլ ես եմ աշխատում մերկ մարմնի հետ: Մոդելը մերկանում է ֆոտոխցիկի, ոչ թե լուսանկարչի առջեւ”:
Էմին Արիստակեսյանի անհատական առաջին ցուցահանդեսին
Մասնագիտությամբ քաղաքագետ Էմինը շատերի մնան լուսանկարելու իր առաջին փորձերն արել է հասարակ թվային լուսանկարչական ապարատով, հետո որոշել, որ պետք է մասնագիտանա այս ոլորտում: Լուսանկարիչը, սովորելով Մոսկվայում, այնուհետեւ ավարտել է “Wish On” լուսանկարչական դպրոցը` լուսանկարիչ Դենիս Վայների կուրսը:
Էմին Արիստակեսյանի աշխատանքներից
Նա ոգեշնչվում է իր կնոջից, երաժշտությունից եւ գրականությունից.“Գրելն ու լուսանկարելն իմ ապրելակերպն են, բացի լուսանկարիչ լինելուց, ես նաեւ գրող եմ. այդպես եմ զգում եւ հույս ունեմ, որ մեկ օր էլ կկայանա իմ հեղինակած գրքի շնորհանդեսը”:
Էմին Արիստակեսյանի անհատական առաջին ցուցահանդեսին
Էմին Արիստակեսյանը նաեւ հետեւյալն է նշել. “Կյանքը տեսնում եմ առանց հստակ գծերի, ավելի եթերային, աբստրակտ: Երազկոտ եմ ու գուցե նաեւ ռոմանտիկ: Այսօրվանից ստեղծագործական նոր փուլ եմ սկսում: Լուսանկարներումս հիմնականում ստատիկ կադրեր չկան, նույնն էլ կարող եմ կյանքիս մասին ասել` չգիտեմ, թե վաղն ինչ կլինի, բայց կարեւորն այն է, որ հայելու մեջ նայելուց միշտ մարդ տեսնեմ”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Mana Litta-ի, Արգինե Մինասյանի/Bravo.am/ եւ Էմին Արիստակեսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: