×


Մարիան միայն զանգահարելու էր եկել

Գաբրիել Գարսիա Մարկեսի “Ես միայն զանգահարելու եմ եկել” պատմվածքի հիման վրա ստեղծած իրենց բեմադրությունն են երեկ խաղացել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական 4-րդ կուրսի ուսանողները:

“Ես միայն զանգահարելու եմ եկել” ներկայացմանը


Նիկոլայ Ծատուրյանը, որը հանդիսանում է կուրսի ղեկավարը, եւ ներկայացման բեմադրիչ Նարինե Գրիգորյանը ողջունել են հանդիսատեսին, նշել, որ երիտասարդների հետ հավատով ու հաճույքով են աշխատել: “Սա համատեղ աշխատանք է, որը երիտասարդների նոր հայացքն է ցույց տալիս: Ըստ իս՝ թատրոնը պետք է հուզի, հիմա “խրխնջիզմ” է թատրոնի բեմից: Կամ ես եմ խելագար, կամ հանդիսատեսը, համարենք` ես եմ խելագարը”, - ասել է Նիկոլայ Ծատուրյանը` հորդորելով, որ ներկայացման վերջում հանդիսատեսը ծաղիկներով բեմ չբարձրանա. “Դերասանը չպիտի տեսնի մեկին ծաղիկ բերեցին, իրեն՝ չէ, միայն կուլիսներում կնվիրեք ձեր ծաղիկները”:

“Ես միայն զանգահարելու եմ եկել” ներկայացմանը


Ուսանողական ներկայացումը ստեղծվել է մոտ մեկ տարվա աշխատանքի արդյունքում: Մարկեսի պատմվածքը նրանք վերածել են պիեսի, ավելացրել հոգեբուժարանում հայտնված կանանց երկխոսություններն ու տեսարանները: Ըստ էտյուդների՝ Սերգեյ Թովմասյանը գրել է նոր երկխոսություններ ու ստեղծել երկու գործողությամբ ծավալուն ներկայացում:

Գործը երիտասարդ կնոջ՝  Մարիայի հոգեբանական վարքի մասին, թե ինչպես է նա իր կամքից անկախ հայտնվում հոգեբուժարանում: Անձրեւոտ մի երեկո Մարիա դե լա Լուս Սերվանտեսը վարձած մեքենայով միայնակ գնալիս ավտովթարի է ենթարկվում, տեղատարափ անձրեւի տակ թրջվելուց հետո նստում է կիսաքանդ մի ավտոբուս, որի մեջ անորոշ տարիքի ու տարբեր բնույթի կանայք էին: Մարիային ընդամենը հարկավոր էր տեղ հասնել ու զանգահարել աճպարար ամուսնուն, որպեսզի տեղյակ պահեր կատարվածի մասին ու հայտներ, որ կուշանա երեկոյան ներկայացումից: Նա բռնի ուժով պահվում է փակ պատերի ներքո, սեփական աչքերով տեսնում, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչպես են կոծկում սպանությունները, բռնաբարում կանանց, դեղեր ներարկում եւ այլն:

“Ես միայն զանգահարելու եմ եկել” ներկայացմանը


Մարիայի դերակատար Լիլի Միքայելյանը BRAVO.am-ին ասել է, որ դերը ստանձնելիս շփվել է տարբեր խառնվածքով մարդկանց հետ, որ հասկանա հերոսուհու հոգեվիճակը: Նա չի ցանկանում, որ Մարիայի կերպարը միանգամից վերանա իր կյանքից. “Տարօրինակ ու զզվելի զգացում է, երբ հասնում ես նպատակիդ, խաղում դերը, բայց հետո դատարկություն զգում”:

Հոգեբուժարանի կանանցից մեկին մարմնավորող Լիլիթ Ղազարյանն էլ նշել է, որ նախքան բեմադրությունը չեն հասկացել ու գիտակցել իրենց կերպարները. “Մի ֆիլմ էի նայել երեխաների մասին, որոնցից մեկն անընդհատ ասում էր՝ արի համբուրվենք, այդ արտահայտությունը հետո փորձերի ընթացքում օգտագործեցի ու իմ դերի առանցքային խոսքը դարձավ”:

“Ես միայն զանգահարելու եմ եկել” ներկայացմանը


Ներկայացումից հետո նաեւ զրուցել ենք դերասան, բեմադրիչ, Թատերական ինստիտուտի դասախոս Նարինե Գրիգորյանի հետ. “Երեխաներն էին ինձ ոգեշնչում, որովհետեւ ծանր գործ էինք սկսել, չգիտեի՝ որքանով են ուսանողները պատրաստ իմպրովիզացիա անել, դիալոգ ստեղծել այս հոգեբանական գործի համար: Ես սկզբում չասացի, թե ով կլինի Մարիան. աղջիկների հետ փոքրիկ էտյուդներ էինք անում, երկու հոգի ընտրվեցին Մարիայի դերակատար՝ Լիլին ու Սոնան, պարբերաբար փոխվելու է դերակատարը”:

“Ես միայն զանգահարելու եմ եկել” ներկայացմանը


“Շատ լավ եմ հասկանում, որ աղջիկներն անհատապես լավն են, ամեն մեկն իր դերի վրա աշխատել է: Կարծում եմ՝ պետք է մի քիչ էլ հասունանան, խաղալով փորձ ձեռք բերեն: Ընթացքում իրենց հետ տառապում էի, մտապահում, թե ում քանի անգամ եմ “ծեծելու”:), թեեւ դերասանուհի լինելով` հասկանում եմ, որ միշտ չէ, որ կարող ես զգացմունքներդ ճիշտ փոխանցել հանդիսականին”,- նշել է Նարինեն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW