Կենսուրախ, պարզ, տարբերվող, անկանխատեսելի… Այսպիսին է հաղորդավարուհի Մարինա Գրեգը, ով օրերս Երեւանի ժամանցի վայրերից մեկում ամենամտերիմ ընկերուհիների հետ նշել է ծննդյան տարեդարձը, իսկ երեկոյի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ը: Տոնական սեղանի շուրջ արծարծվող թեմաները թեժ են եղել`զրույց հակառակ սեռի ներկայացուցիչների մասին. թեմաներ, որոնցից կարող են խոսել միայն աղջիկները, եւ որոնք չեն կարող հասկանալ տղաները:):
Մարինա Գրեգը եւ Անի Դաշյանը
-Մարինա, արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում ես “Արմնյուզ” հեռուստաընկերությունում: Այս ընթացքում բավական փոխվել ես եւ հատկապես արտաքնապես: Ինչո՞վ են պայմանավորված այդ փոփոխությունները:
-Արտաքնապես թերեւս մազերի գույնով եմ փոխվել, ինչը, գիտեք, իմ պարագայում այնքան էլ անսպասելի չէ: Ավելին` կարծում եմ` շատերը զարմացել էին, թե ինչու այլեւս համարձակ փոփոխություն չեմ անում:): Իսկ պայմանավորված է նրանով, որ միօրինակություն չեմ սիրում եւ հաճախ եմ փորձարկումներ անում:
-Մազերիդ նոր գույնը, նոր իմիջդ ի՞նչ տրամադրություն եւ հոգեվիճակ են քեզ հաղորդում:
-Այն, որ կասեն` հա, դե, սազում է, բայց մուգ վարսերով ուրիշ ես, ավելի գեղեցիկ ես. այս արձագանքն էի սպասում, բայց որ անգամ այդ մարդիկ նշեցին` տպավորություն ունեն, թե հենց այս գույնի մազերով եմ ծնվել եւ շատ խարակտերային եմ դարձել, իրոք անսպասելի էր: Կարող եմ ենթադրել, որ շատ ճիշտ գույն եմ ընտրել, եւ այս գույնով ինձ ավելի աղջկական եմ զգում, չգիտեմ` ինչից է:):
Մարինա Գրեգը
-Բացի նոր աշխատանքից, ի՞նչ նորություններ ես գրանցել քո կյանքում վերջին կես տարում:
-Հիմա այնքան բուռն ենք աշխատում, որ այլ բաներ հազիվ եմ հասցնում անել. գալիս եմ տուն եւ միանգամից քնում եմ: Բայց ֆիլմում փոքր դերով հանդես գալու առաջարկ եմ ստացել, նաեւ պատրաստվում եմ նոր հաղորդումներին:
-Ի՞նչ կերպարով ես հանդես գալու այդ ֆիլմում: Հետագայում քեզ տեսնո՞ւմ ես դերասանուհու դերում:
-Միշտ նշել եմ, որ կցանկանայի ինձ փորձել դերասանական ասպարեզում: Ֆիլմը նկարում է ընկերներիցս մեկը, առաջարկեց հանդես գալ էպիզոդիկ դերով, բայց կերպարը դեռ հստակեցված չէ. խոստանում եմ` երբ նորություններ լինեն, կկիսվեմ BRAVO.am-ի հետ: Ինչ վերաբերում է ապագային, եթե անգամ լուրջ դերեր խաղալու առաջարկներ ունենամ, եւ շատ լավ ստացվի, ինձ երբեք չեմ համարի դերասանուհի. կլինեմ հաղորդավարուհի, ով իրեն փորձում է նաեւ դերասանական ասպարեզում:
-Ի՞նչ ձգտումներ ու երազանքներ ունես:
-Ցանկություն կա մուտք գործել բիզնես ոլորտ. երազանք չէ, այլ` նպատակ, իսկ երազանքներս նյութական չեն, ուստի չեմ բարձրաձայնի:): Ձգտում եմ ավելի կայանալ աշխատանքում, եթե հասնում եմ ինչ-որ կետի, փորձում եմ շարունակել ճանապարհս, որպեսզի չլճանամ, փորձում եմ հղկվել նաեւ մարդկային հարաբերություններում, քանի որ դրանք ավելի եմ կարեւորում, եւ միշտ ձգտում եմ ավելի լավ մարդ դառնալ:
Մարինա Գրեգը դարձել է 27 տարեկան
-Ի՞նչ երազանք ես մտապահել ծննդյանդ տորթի մոմերը փչելիս:
- Այնքան հետաքրքիր է, որ միշտ ունենում ես ցանկություններ, երազանքներ, բայց հենց գալիս է մոմերը փչելու պահը, մտածում ես, խառնվում իրար… Երեւի պատճառն այն է, որ միանգամից մի քանի բան ես ցանկանում, սակայն այդ ամենի հիմքում ամենամեծ ցանկությունն է՝ ուզում եմ միշտ երջանիկ լինել: Չնայած` այս տարվա ծննդյանս տորթի մոմերը չէին հանգչում. փչում էի, եւ իրենք իրենց նորից վառվում էին, երեւի հատուկ իմ երազանքների համար էին:):
-Լավագույն բարեմաղթանքը, որ երբեւէ լսել ես:
-Այս տարի բոլորովին այլ ուշադրությամբ եմ լսել ու ընկալել ցանկացած բարեմաղթանք: Բոլորն այս տարի խոսում էին իմ անկեղծության մասին ու ցանկանում, որ այդչափ երջանիկ լինեմ: Ցանկանում էին կանացի երջանկություն: Պարզ, միեւնույն ժամանակ լավ բարեմաղթանք է:
-Ո՞րն է երբեւէ ստացածդ ամենատպավորիչ նվերը:
- Մի անգամ մի անծանոթից մեծ արկղ ստացա: Երբ բացեցի, անթիվ փուչիկներ վեր բարձրացան: Այնքան տպավորիչ էր, իսկապես անակնկալի եկա: Վերջերս էլ նույն կերպ անակնկալի բերեց մայրիկս. խոսքումս նշել էի, որ ուզում եմ նոր հեռախոս ձեռք բերել, նա էլ առանց զգուշացնելու նվեր էր ուղարկել: Երբ բացեցի արկղն ու տեսա նվերը, հուզվեցի… :)
Մարինա Գրեգը
- Անձնական կյանքում ի՞նչ շրջան է:
-Անձնական կյանքում հանգիստ շրջան է, ինքս բնույթով հանգիստ մարդ չեմ եւ չեմ կարող ասել` լավ է այդ հանգստությունը, թե` հակառակը, բայց կարծում եմ` սա այն դադարն է, որն ինձ պետք է նոր սկզբի համար:
-Ինչպիսի՞ տղամարդը կարող է արժանանալ քո ուշադրությանն ու սիրուն:
-Այն տղամարդը, ով ինձ կընդունի այնպիսին, ինչպիսին կամ, ով չի փորձի իմ կմախքի վրա իր պատկերացրած մարդուն կերտել, որովհետեւ ինքս դիմացինին ընդունում եմ ինչպիսին կա: Այն տղամարդը, ով միշտ կհիանա ինձնով եւ թույլ կտա, որ իր կողքին ինձ թույլ զգամ, որովհետեւ ուժեղ կարող եմ լինել նաեւ առանց կողակցի:
Տեքստը` Աշխեն Դաշյանի / Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: