Մեկ ամսից կարոտն ու աշխատանքը Մարինե Գյուլումյանին կրկին կբերեն Հայաստան, իսկ մինչ այդ ռոմանտիկան նրան տարել է մեկ այլ երկիր:): Ֆրանսիայում բնակություն հաստատած երաժիշտն ամուսնու` Ադրիան Տաբանուի հետ Վենետիկում նշել է սիրահարների օրը եւ մասնակցել հայտնի դիմակահանդեսին:
Մարինե Գյուլումյանն` ամուսնու հետ
BRAVO.am-ի հետ առցանց զրույցում Մարինեն պատմել է, որ իտալական այս քաղաքը շատ է հավանել եւ թերություններ գրեթե չի նկատել.“Արդեն մի քանի օր է` վերադարձել ենք Ֆրանսիա, բայց փորձում ենք ապրել նույն շնչով: Գրեթե բոլոր իտալացիների հոգում երգն էր ապրում, ինչի շնորհիվ ամենուրեք հիանալի մթնոլորտ էր տիրում: Այն մարդը, որը վարում էր մեր “գոնդոլա” վենետիկյան նավակը, ճանապարհին մեզ համար հաճույքով երգեց իր ողջ ռեպերտուարը: Կարծում եմ` պատահական չէ, որ հայերին նմանեցնում են իտալացիներին, երկու ազգերի հոգում էլ երգն է ապրում:)”։
Զույգը ճամփորդության ընթացքում ուղեկցող չի ունեցել, ինքնուրույն է բացահայտել քաղաքը եւ արկածային իրավիճակում հայտնվել: Մարինեն համոզված է` հենց դրա շնորհիվ է ուղեւորությունը տպավորիչ դարձել.“Քանի որ Վենետիկում մեքենաներին փոխարինում են նավերը, իսկ տաքսուն` արագընթաց մոտորանավակները, գիշերվա ուշ ժամին ամուսնուս հետ փորձում էինք հյուրանոց վերադառնալ, իսկ այնտեղի փողոցները չափազանց նեղ են ու անվերջանալի լաբիրինթոս են հիշեցնում: Երբ հասկացանք, որ կորել ենք, փորձեցինք հարցուփորձով գտնել, բայց մեզ պատահած հատուկենտ իտալացիների պատասխանը նույնն էր` Վենետիկում ոչ ոք չի կորում, ինչ փողոցով էլ գնանք, տեղ կհասնենք: Ես էլ արագ քայլերով առաջ էի գնում, երբ ամուսինս ինձ բռնեց… Հետո հասկացա, որ ընդամենը մեկ քայլ առաջանալու դեպքում ընկնելու էի ջրի մեջ: Հիմա եմ գիտակցում, եթե նա կողքիս չլիներ, հայտնվելու էի անհայտ կորածների ցուցակում:)”:
Մարինե Գյուլումյանը` Վենետիկում
2013-ի դեկտեմբերին երկրորդ անգամ մայրացած երաժշտի դուստրերը` փոքրիկ Մադլենն ու Բելլա Նազենին ճամփորդության ընթացքում ծնողների հետ չեն եղել. “Երեխաներիս համար հանգիստ էի, քանի որ վայելում էին Հայաստանից Փարիզ ժամանակ տատիկի` մայրիկիս ջերմությունը”:
Մարինե Գյուլումյանը Երեւան է գալու Վանսան Բագյանի հետ.“Նա ֆրանսիական շոու-բիզնեսում իր հաստատուն տեղը գտած իմ լավագույն ընկերներից է, որը վերջերս հաջողություն ունեցավ իր “Մոցարտ” ռոք-օպերայով։ Մի շարք ձայնագրություններ ունենք անելու։ Եվ ընդհանրապես, բոլոր շրջագայություններից հետո իմ փոքրիկ քաղաքն ինձ համար մնում է ամենաջերմն ու ստեղծագործելուս յուրահատուկ աղբյուրը”։
Մարինե Գյուլումյանն` ամուսնու հետ
Խոսելով աշխատանքային նորությունների մասին` Մարինե Գյուլումյանն առանձնացրել է նաեւ Արթուր Ալեքի հետ վերջին համագործակցությունը` “Save your world” երգը, եւ հայտնել, որ կշարունակեն միասին նոր գործեր ներկայացնել.“Ուրախ եմ, որ մեր հեղինակած երգը ջերմ ընդունվեց, հուսով եմ` յուրաքանչյուրն իր ձեւով կփրկի իր իսկ աշխարհը: Սիրում եմ առողջ ու համարձակ մտածող երիտասարդ երաժիշտներին։ Իսկ իմ ստեղծագործական կյանքում միշտ փնտրտուքների մեջ եմ, հիմա աշխատում եմ նաեւ դասական ժանրում՝ գրելով կամերային երաժշտություն՝ նվիրված Մեծ Եղեռնի 100 ամյակին...”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Մարինե Գյուլումյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: