×


Մարինե Գյուլումյան. “Ամուսնությունից հետո եմ սովորել ֆրանսերեն”

Ֆրանսիայում բնակվող Մարինե Գյուլումյանը մոտ մեկ ամսով վերադարձել է Հայաստան: Հայ երգիչների համար հայերեն բազմաթիվ երգեր գրած երաժիշտն այժմ ավելի շատ ստեղծագործում է ֆրանսիացիների համար, նաեւ պատրաստվում է  ներկայացնել իր հայերեն օրատորիան:

Երաժիշտ Մարինե Գյուլումյանը


Մարինե Գյուլումյանի եւ նրա 4-ամյա դստեր` Մադլենի հետ հանդիպեցինք Երեւնաի Տիկնիկային թատրոնում, որը նրանց համար հարազատ վայր է. աղջիկը ներկայացում դիտելու ցանկությամբ էլ եկել էր թատրոն, բայց փոխարենը լուսանկարվեց եւ մանկական ատրակցիոն նստեց:): BRAVO.am-ի հետ զրույցում Մարինեն պատմել է իր ընտանիքի, աշխատանքի, ֆրանսիական շոու-բիզնեսի մասին եւ որոշ գաղտնիքներ բացահայտել:

Շուտով վեցերորդ տարին կլրանա, ինչ ամուսնուս` Ադրիան Տաբանուի հետ բնակվում ենք Ֆրանսիայում: Ես միայն ամուսնությունից հետո եմ սովորել ֆրանսերեն, ամուսինս էլ` հայերեն, մինչ այդ իրար հետ շփվում էինք անգլերենով:): Թեկուզ նա հայ չէ, բայց ինձ համար կարեւոր է հայ առաքելական քրիստոնյա լինելը, այդ պատճառով Ադրիանը մկրտվել է Հայաստանում, իսկ մինչ այդ որեւէ կրոնի չի պատկանել: Վերջերս Մադլենին էլ կնքեցինք Էջմիածնում. նա իր չափով հասկանում է` ինչ է նշանակում լինել քրիստոնյա, երբ մեծանա, ավելի լավ կպատկերացնի հավատքի ուժը:

Մադլենն ինձ հետ խոսում է հայերեն, հայրիկի հետ` ֆրանսերեն, երկու լեզվին էլ լավ տիրապետում է: Մանկապարտեզ հաճախելիս սկսեց ինձ ֆրանսերենով պատասխանել, բայց ես միայն հայերեն եմ խոսում եւ փորձում եմ հայրենիքի հետ կապը պահել: Ամեն անգամ վերադառնալիս նրան էլ ինձ հետ բերում եմ Երեւան: Ծնողներս բիզնես ունեն, որը Մադլենի օգտին է. քաղաքի տարբեր այգիներում դրված ատրակցիոններն են հսկում, Մադլենն էլ անգիր գիտի` որ այգում ինչ մանեժ կա:):

Մարինե Գյուլումյանի դուստրը` Մադլեն Տաբանուն


Աղջիկս տանը միշտ լսում է իմ ու ամուսնուս նվագը, սիրում է երգել, վարագույրները պարտադիր բացում է, որ հարեւանները լսեն, բայց երբ հյուրերի մոտ պաշտոնական խնդրում ենք` չի երգում: Նաեւ շատ է սիրում նկարել, Երեւանում տանն անընդհատ տեսնում է, թե ինչպես է մայրս նկարում, ինքն էլ է նկարում:

Ի դեպ, վերջերս թողարկել եմ իմ հեղինակային մանկական երգերի ժողովածուն, որը նկարազարդել է նկարչուհի մայրս` Կարինե Հարությունյանը: “Իմ մանկության հետքերով” գիրքը նոր է տպագրվել, զետեղված են դեռ 1996 թվականին ծնված երգեր, որոնք ֆինանսների բացակայության պատճառով այն ժամանակ չեն տպագրվել: Վերջերս դարակիցս պատահաբար գտա, հասկացա, որ մանկական երգերի պակաս կա եւ ճիշտ պահն է այն տպագրելու Հայաստանում:

Մադլենը անգիր է արել “Նեղացկոտ շնիկը” երգը, հաճախ է լսում ձայնագրությունը: Ափսոս, ոչ բոլոր երգերն ունեն ձայնագրություններ, որ կարողանայի ձայնասկավառակն էլ ներառել: Հետաքրքիր է, որ իմ մանկական երգերից մեկը` “Մանուշակը”, կատարել է Նարինե Դովլաթյանը, բայց ես չէի հիշում: Միայն վերջերս հեռուստացույցով նրա “Beautiful Sunday” տեսահոլովակն էի դիտում, անունը կարդալով հիշեցի, թեեւ ամուսինս ասում էր` դժվար թե հայ լինի:): Լինելով ֆրանսիացի` նա լավ գիտի, որ հայկական տեսահոլովակներում չափից շատ շպար, արդուզարդ, մեքենաներ, բջջային հեռախոսներ են երեւում, իր համար էլ զարմանալի էր այդ ոճի տեսահոլովակը:

Մարինե Գյուլումյանը դստեր եւ ամուսնու հետ


Հերթական այցիս ժամանակ Երեւանում Նարինեի հետ իմ երգերից մեկի փոքրիկ մակետը սարքեցինք, որը լսեց ֆրանսիացի արտիստներից մեկը: Նա չէր ուզում շատ գովաբանել, բայց փշաքաղվել էր եւ շնորհիվ Նարինեի գեղեցիկ կատարման, երգը վերցրեց, որ իր ալբոմում ընդգրկի:

Քանի դեռ չէի առնչվել դրսի շոու-բիզնեսի հետ, կարծում էի` Հայաստանում ունենք շոու-բիզնես, բայց երբ սկսեցի նրանց հետ շփվել, հյուրախաղերի գնալ, ներքին խոհանոցին ծանոթանալ, հասկացա, որ միայն տաղանդի շնորհիվ ենք մակարդակ պահում, գումարային առումով այստեղ չնչին փող է շրջանառվում, տեխնիկապես լավ վիճակում չենք: Համեմատելու համար միայն բավական են հեռուստատեսային ծրագրերը: Այնտեղ հեռուստաշոուներին տեսնում ես` ինչ թիմ է աշխատում, իսկ այստեղ Հանրային հեռուստաընկերություն ես գնում եւ ուղիղ եթերում քեզ առաջարկում են դաշնամուր նվագել, բայց հետո փոշմանում ես, որովհետեւ դաշնամուրը լարված չէր…

Շատերի համար զարմանալի է, որ հայ աղջիկը կարողացավ իր ոտքը դնել ֆրանսիական շոու-բիզնես, բայց հեշտ գործ չէ, քանի որ իրենք փակ են, օրինակ` ֆիլմերի երաժշտություն գրելու համար կա թիմ, նոր մարդկանց երգերը չեն վերցնում:

Մարինե Գյուլումյանը եւ Մադլենը


Ինձ համար լավ հիմք դարձավ Շառլ Ազնավուրի ղեկավարած “Les Editions Raoul Breton” ընկերությունում պայմանագրով աշխատելը: Հասկացա` միայն տաղանդը քիչ է, պետք է տեխնիկայից լավ հասկանաս, ինքդ քո սեփական գործիքն ունենաս, իմանաս` ինչ հագնել գործնական հանդիպման գնալիս, ինչպես խոսել, որ ֆրանսիացի հեղինակի փոխարեն ընտրեն հայ երաժշտի երգը: Ինձ խորհուրդ էին տալիս խաչատրյանական, ռախմանինովյան դասական հարմոնիաները մոռանալ եւ մինիմալիստական սկզբունքով, քիչ նոտաներով շատ էմոցիա արտահայտել, այսինքն` պարզ, բայց ոչ պարզունակ ու պրիմիտիվ: Ադելի հաջողությունը հենց այդ նույն երեք նոտայի, նույն հարմոնայի կրկնության մեջ է, որին ավելացնում է իր զգացմունքային ձայնը, որին երբեւէ չեն ասի պարզունակ:

Ամուսինս, լինելով երաժիշտ, ինձ շատ հարցերում է օգնում, օրինակ, երբ էլեկտրոնային նամակ եմ գրում ֆրանսիացի երգիչներին, ինքն անպայման պետք է վերանայի, որ հանկարծ մտքային սխալներ թույլ չտամ, թե չէ նամակներս անպատասխան կմնան: Ես ավտոմեքենա չեմ վարում, գործնական հանդիպումներին էլ ամուսինս է ուղեկցում, բայց ինչքան էլ որ բարի է, չեմ ուզում չարաշահել, պետք է ինքս սովորեմ վարել, բայց ընթացքի մեջ հաճախ գրում եմ, ժամանակս ճանապարհներին օպտիմալ եմ ծախսում:

Երաժիշտ Մարինե Գյուլումյանը


Մի հետաքրքիր իրավիճակի ականատես եղա, երբ ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի Իռեն Բոյի հետ մեքենայով մի քաղաքից մյուսն էինք գնում` մասնակցելու Բիլլի Փոլի համերգներին: Ես շատ էի զարմացել Իռենի` մեքենա վարելու ձեւի վրա. քանի որ տեքստեր է գրում, ղեկը պահում էր ծնկներով եւ ստեղծագործում էր ձեռքերով: Նրա համար շատ սովորական էր, իսկ ես վախենում էի, որ տեղ չենք հասնի:): Ոչ միայն բարեհաջող տեղ հասանք, այլեւ ֆրանսիացի հանդիսատեսի համար հոյակապ համերգներ ունեցանք: Հայկական ազգանվամբ միակ հայն էի ու հպարտ էի, որ թեկուզ սխալ, բայց իմ ազգանունն են արտասանում: Պարտավորեցնող էր նրանց հետ հավասար նույն բեմում լինելը, պետք է ոչ մի ավելորդ աքսեսուար, ավելորդ ցուցամոլություն, պահվածքիդ մեջ ավելորդ գոռոզություն չլինի, որ քեզ հետ անմիջական լինեն, նաեւ պետք է հարգես, առիթից չօգտվես ու չփորձես երգչի ճանաչվածության հաշվին առաջ գնալ:

Ֆրանսիայում անընդհատ լինելով աշխատանքային արագ ռիթմի մեջ` կարոտի պես մի բան էր Փարիզում հայ համայնքի համար հեղինակային համերգ ունենալը: Հրաշալի էր հայերեն երգերս նվագել այնպիսի ռոյալի վրա, որով դասական արվեստի հանճարներն են նվագում: Ցավոք, հայրենիքում հեղինակային երգերով համերգ դեռ չեմ ունեցել, չեմ ուզում ինքնանպատակ լինի ու ինքս կազմակերպեմ, բայց մեկ այլ նախագիծ ունեմ` կապված դասական երաժշտության հետ:

Մարինե Գյուլումյանը եւ Մադլենը


Կոնսերվատորիայի դիպլոմային աշխատանքս` “Ամենափրկիչը” վերնագրով օրատորիան, գրել եմ Մետաքսեի համանուն պոեմի հիման վրա: Այն նվագախմբի ու երգչախմբի 160 երաժշտի համար է` 40 րոպե տեւողությամբ: Իմ ամենածավալուն ստեղծագործությունն է, ուղիղ մեկ տարի` 2005-ին, օրնիբուն աշխատել եմ: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման աշխատանքների պատճառով, ինչպես շատ համերգներ, այս մեկն էլ հետաձգվել է, բայց կարծում եմ` մյուս տարի բեմից կհնչի` Կարեն Դուրգարյանի խմբավարությամբ:

Կցանկանամ գրել երկրորդ օրատորիան, բայց ցավալի է, որ նման մեծածավալ գործերը չեն հնչում: Հիմա սովորում եմ Սորբոնի համալսարանի մագիստրատուրայի էթնոերաժշտագիտության բաժնում, թեզիս թեման է` “21-րդ դարի երաժշտությունը Հայաստանում”: Խոսելով երիտասարդ կոմպոզիտորների հետ` գիտեմ ինչ խնդիրներ կան Հայաստանում… Ֆրանսիայում էլ այդքան հեշտ չէ եւ պետք է շատ աշխատել հաջողության հասնելու համար:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW