×


Մարինե Հակոբյանը` ամերիկյան ուղեւորության եւ մրցույթներին չմասնակցելու պատճառի մասին

Շուրջ երեք տարի է` նա երգում է Երեւանի ջազ-ակումբներում, նրա կատարումները հաճախ կարելի է ունկնդրել տարաբնույթ միջոցառումների ժամանակ, նրա հետ են “Free Form Band” քառյակի երաժիշտները: Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհի Մարինե Հակոբյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր նախասիրությունների, մրցույթներին չմասնակցելու պատճառների եւ վերջին ուղեւորության մասին:

Մարինե Հակոբյանը


Սիրում եմ աշխատանքս, որն իմ ապրելակերպն է դարձել: Ակումբներում երգելն ինձ տալիս է փորձ, ճկունություն եւ նոր մտքեր, որոնք փորձում եմ աստիճանաբար իրականացնել: Դեռ կոնսերվատորիայում սովորելու տարիներին ինձ խորհուրդներով օգնում էին դասախոսներս` Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Ռաիսա Մկրտչյանը, պատիվ ունեմ աշխատելու Արմեն Հյուսնունցի, Զառա Պետրոսյանի, Գարի Քեսայանի, Վազգեն Ասատրյանի, Վահագն Հայրապետյանի եւ պրոֆեսիոնալ այլ երաժիշտների հետ:

Տեսահոլովակներ թողարկելը հայտնի դառնալու կարճ ճանապարհ է, բայց ջազ երաժշտության մեջ դա երկրորդ պլան է մղվում, երգն է առաջնային: Տեսահոլովակ դեռ չունեմ, հանուն հայտնիության նաեւ չեմ ուզում հեռուստատեսային երաժշտական նախագծերի մասնակցել: Մրցույթներ ու մրցակցություն չեմ սիրում, երաժշտական փառատոնների սիրահար եմ:

Մարինե Հակոբյանը երաժիշտ ընկերների հետ ելույթ է ունեցել Միացյալ Նահանգներում


Վերջերս եմ վերադարձել Միացյալ Նահանգներից, ուր մեկնել էի առաջին անգամ: “Երգում է 70-ականների Երեւանը” խորագրով նախագծի հեղինակ Վազգեն Ասատրյանի հրավերով ես, Սյուզան Մարգարյանը, Արամոն, Էռնա Յուզբաշյանը, Գայանե Հովհաննիսյանը, Վահագն Հայրապետյանը, Գեորգի Մանգասարյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Լեւոն Սեւանը, Մաշա Մնջոյանը, Նարեկ Ներսիսյանը, Սուրեն Առուստամյանը միասին ելույթ ունեցանք ամերիկահայերի համար: Նրանց ջերմ վերաբերմունքից շատ տպավորված եմ: Արամոյի եւ Սուրենի հետ երգել եմ նաեւ հանրահայտ “Կատալինա” ջազ-ակումբում` Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի, Երվանդ Մարգարյանի, Վազգեն Ասատրյանի եւ Արտյոմ Մանուկյանի նվագակցությամբ: Շատ հետաքրքիր ջեմ-սեշն արեցինք:

Ճամփորդության ընթացքում չեմ հասցրել տեսարժան շատ վայրերում լինել, բայց այցելեցի ջազ-ակումբներից մեկը, որտեղ նվագում էին “Գրեմմի” մրցանակակիր երաժիշտներ, նրանց հետ էր նաեւ Արտո Թունջբոյաջյանը: Ի տարբերություն Հայաստանյան ակումբների, ամերիկյան ակումբները շատ պարզ ու հասարակ էին. այնտեղ մարդիկ պարզապես գնում են երաժշտություն վայելելու:

2013-ի հոկտեմբերին Բելառուսում մասնակցել եմ “Gold Hit” երաժշտական փառատոնին, որի ժամանակ հրավեր ստացա այս տարի ամռանը եվրոպական մի քանի քաղաքում ելույթ ունենալ, հիմա ընտրում եմ:

Մարինե Հակոբյանը


Պրոդյուսեր չունեմ. բենդի կազմակերպչական հարցերով հաճախ ինքս եմ զբաղվում, ինչն այնքան ժամանակ ու էներգիա է խլում, որ չեմ հասցնում կենտրոնանալ իմ կարեւորագույն գործի` պարապելու եւ ինքնակրթվելու վրա:

Երգում եմ ինձ հոգեհարազատ ջազը:  Ջազ-ստանդարտներից բացի, առաջիկայում կներկայացնեմ նոր երգեր: Վերջերս Նարինե Զարիֆյանն է երգ նվիրել: Շուտով կձայնագրենք հայ հեղինակներից մի քանիսի գործերը, որոնք իսկապես իմ սրտով են եւ ինձ գտել եմ դրանցում: Արդեն եկել է այն պահը, որ հասկանում եմ` ինչ եմ ուզում երգել. ավելին անելու ժամանակն է:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարինե Հակոբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW