Մարինե Հակոբյանն այսուհետեւ կներկայանա Marbey բեմական անվամբ: Օրերս “Յանս” ակումբում տեղի է ունեցել նրա առաջին տեսահոլովակի շնորհանդեսը: Ջազ-երգչուհին BRAVO.am-ի հետ զրուցում պատմել է ֆոլկ-ջազ նոր նախագծի եւ առաջիկայում կայանալիք համերգների մասին:
Ալեքս Բաբոյանը եւ MarBey-ը
“Պրոդյուսերիս հետ մտածում էինք` հիշվող ինչ կեղծանուն ընտրել: Այս անունն ակնթարթորեն արտաբերեցինք, հատուկ նշանակություն չունի, բայց հետաքրքիր ու առեղծվածային է հնչում: Քանի որ նախատեսում եմ հաճախ ելույթներ ունենալ արտերկրում, իսկ այնտեղ բավական շատ են ջազ ստանդարտներ կատարող պրոֆեսիոնալ երգիչները, կարծում եմ` ֆոլկ-ջազը կգրավի: Այն ինձ համար հարազատ է, դրսի ունկնդրի համար էլ` նորություն”, - հայտնել է Մարինեն:
Երգչուհու նոր` “Զարթոնք” տեսահոլովակը` նկարահանված ֆոլկ-ջազ ոճի ստեղծագործության հիման վրա, ստեղծվել է “Cantus” պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, երգահան Զառա Պետրոսյանի հետ համագործակցության արդյունքում: Վոկալիզի հեղինակն է Գարիկ Սարիբեկյանը, հնչյունային ռեժիսորը` Տիգրան Իշխանովը, իսկ երգի տեսահոլովակի օպերատորն ու մոնտաժողն Արման Օրդյանն է:
Ալեքս Բաբոյանը եւ Marbey-ը
Տեսահոլովակի մտահղացմամբ եւ ռեժիսորական աշխատանքով զբաղվել է պրոդյուսեր Զառա Պետրոսյանը.“Իմ նպատակն էր ցույց տալ երգչուհու, որի հոգին երգում ու պարում է: Մարինեի հետ վաղուց էի ցանկանում աշխատել: Ինձ անհրաժեշտ է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում նրան ճանաչեն, լսեն ու սիրեն ֆոլկ-ջազ: 2015-ի սկզբին նա կմասնակցի միջազգային ջազային փառատոնների”:
Marbey-ն երեկոյի ընթացքում կատարել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ջազ ստանդարտներ: Համերգի հատուկ հյուրն էր ամերիկահայ կիթառահար Ալեքս Բաբոյանը, որի հետ երգչուհին ներկայացրել է արցախյան ֆոլկ երաժշտություն:
Ամերիկահայ կիթառահար Ալեքս Բաբոյանը
Մարինա Հակոբյանը ծնվել է 1988 թվականին` Ստեփանակերտում: Երգել սկսել է 4 տարեկանից: Սովորել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, այնուհետեւ ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժինը: 2008 թվականին մասնակցելով երիտասարդ ջազ-կատարողների “Դեբյուտ” մրցույթին՝ արժանացել է “Լավագույն կատարող” մրցանակին: 2010 թվականից Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատարներից է, ջազ երաժիշտների հետ համերգային ծրագրերով հանդես է գալիս ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Արաբական Էմիրություններում: 2013 թվականին “Van Music Awards” մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել “Տարվա լավագույն ջազ-երգչուհի” անվանակարգում:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: