Մարտ Բաբայանը սիրում է զուգերգեր ձայնագրել հայ եւ ռուս երգչուհիների հետ: Նա դուետներ ունի Քրիստինե Պեպելյանի, Մարգարիտա Պոզոյանի, Աննա Դովլաթյանի, Աննա Սեմենովիչի հետ, իսկ այս օրերին նույն նպատակով Հայաստան է ժամանել ռուս օպերային երգչուհի Աննա Գալկինայի հետ:):
Մարտ Բաբայանը եւ Աննա Գալկինան
“Խենթեր” կոչվող զուգերգի հեղինակն Աննա Գալկինան է: Երգիչները միմյանց ճանաչում են դեռ ուսանողական տարիներից. ավելի քան տասը տարվա ընկերներ են: Մարտը BRAVO.am-ին պատմել է, որ իր հեղինակած առաջին երգի բառերը գրել է հենց Աննան.“Իմ երգերի մեծ մասի տեքստերը հենց նրան եմ վստահում: Կինն ու տղամարդը հազվադեպ են մտերիմ ընկերներ լինում, բայց մեր դեպքում այդպես է: Այս երգն էլ մեր մասին է. մենք ստեղծագործել սիրող խելառներ ենք, սիրում ենք խենթություններ անել ու դրական հույզեր ստանալ: Հոլովակի սյուժեն էլ մեզ համապատասխան խենթ իրավիճակներով կլինի”:
Տեսահոլովակի ռեժիսորը Ժոր Մելոյանն է: Նկարահանումներն իրականացվել են “Հայֆիլմ”-ում` հատուկ ձեւավորված տաղավարում: Ի դեպ, բացի զուգերգից, Ժոր Մելոյանը նաեւ կնկարահանի նրանց անհատական նոր տեսահոլովակները:
Մարտ Բաբայանի եւ Աննա Գալկինայի "Խենթեր" տեսահոլովակի նկարահանումներին
Աննա Գալկինան երգերի խոսքեր է գրում ռուս կատարողների համար, նաեւ դերասանուհի է, Մարտի հետ զուգերգի գաղափարն էլ իրենն է.“Մենք միասին ենք մեծացել ու կարիերա սկսել: Քանի որ ռոք օպերաներում հանդես գալուց եւ ռուսական ժողովրդական երգեր կատարելուց բացի որոշել եմ ռուսաստանյան լայն մասսաների համար աշխատել, իմ վաղեմի ընկերոջն առաջարկեցի, որ միասին երգենք”:
Երգչուհին առաջին անգամ է Երեւանում, տպավորված է ճարտարապետական կոթողներով եւ հայկական հյուրընկալությամբ. “Զբոսաշրջիկները շատ են հատկապես քաղաքի կենտրոնում, իսկ ծայրամասերում հանդիպեցի երեւանցիների, ովքեր բարեհամբույր են ու հետաքրքրասեր: Այստեղի մթնոլորտն ինձ դուր է գալիս, բազմիցս առաջարկել են, որ Երեւան այցելեմ, վերջապես տեսահոլովակը հրաշալի առիթ դարձավ”:
Մարտ Բաբայանը եւ Աննա Գալկինան
Նախքան տեսահոլովակի նկարահանումը նրանք ոչ միայն շրջել են Երեւանում, այլեւ հասցրել են երգ գրել.“Երեկոյան որոշեցինք սենյակում փակվել ու ստեղծագործել, ինչի արդյունքում մի հուզիչ երգ ծնվեց: Չնայած` մեզ չի կարելի շատ քաղցր ուտել, բայց համարելով, որ լավ գործ ենք ստեղծել, մեզ պարգեւատրեցինք եւ տորթ կերանք”,- BRAVO.am-ին պատմել է Աննա Գալկինան:
Մարտն արդեն մեկնել է Ռուսաստան, սակայն օրեր անց կվերադառնա` Երեւանում նկարահանելու իր անհատական տեսահոլովակը: “Իմ սերն ես” նոր երգի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ տեքստը կրկին գրել է Աննա Գալկինան. “Լուսավոր սիրո մասին է, կարծում եմ՝ սիրահար զույգերը սիրով կպարեն այս երգի ներքո, որովհետեւ մենք էլ մեր անկեղծ զգացմունքներն ենք ներդրել ստեղծելիս: Այս երգը յուրահատուկ կերպով հոգուս հարազատ է, նույնիսկ իմ ապրած զգացմունքների մասին է, հուսով եմ՝ Հայաստանում կհավանեն”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սոֆյա Գուլյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: