×


Մեխակավանցի երեխաների սիրելի ուսուցչուհին Երեւան է եկել ցուցահանդեսով

Սիրելի տատիկից մինչեւ արցախյան բնապատկերներ ու զինվորական թեմաներ՝ նկարչուհի Ջեմմա Սամսոնյանը երեւանյան անհատական ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է վերջին վեց տարվա իր գրաֆիկական աշխատանքները: «Dalan Art Gallery»-ում ցուցադրված գործերն առաջին անգամ ներկայացվել են Արցախում, որտեղ էլ արդեն ինը ամիս է՝ ապրում ու ստեղծագործում է նկարչուհին` ամուսնացած լինելով Արցախի զինված ուժերում ծառայող սպայի հետ: Ջեմման մեծ ոգեւորությամբ տեղափոխվել է Մեխակավան, որտեղ նկարչություն, կավագործություն ու կերամիկա է դասավանդում մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի աշակերտներին: BRAVO.am-ը ներկա է եղել ցուցահանդեսի բացմանը, լուսանկարել ու զրուցել է երիտասարդ նկարչուհու հետ:

Ջեմմա Սամսոնյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսին


Ջեմմա Սամսոնյանը պատմեց, որ ի սկզբանե ցանկություն է ունեցել աշխատանքներն առաջինը Երեւանում ներկայացնել, սակայն իրադարձություններն այնպես են զարգացել, որ իր անհատական ցուցահանդեսը նախ բացվել է Ստեփանակերտում: Այդ գործում նրան օգնել են Մեխակավանի զարգացման ծրագրի աջակիցներ Նարինե Քոչարյանն ու Արեւիկ Պետրոսյանը, ինչպես նաեւ «Արարիչ» բարեգործական հիմնադրամը: Մայիսի 15-ին կայացած միջոցառմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պետական այրեր, զինվորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ եւ այլք: Նկարչուհու խոսքով՝ բոլորի համար զարմանալի ու հաճելի է եղել, որ սպայի կինը նկարում է, աշխատում ու ակտիվ գործունեություն է ծավալում արցախյան փոքրիկ քաղաքում:

«Մեխակավանի ստեղծագործական կենտրոնում 138 աշակերտ է սովորում այս պահին: Նրանցից շատերը գալիս են նաեւ հարակից համայնքներից, գյուղերից: Մինչեւ իմ՝ Արցախ տեղափոխվելը կենտրոնը չի եղել, մոտ մեկ տարի առաջ է կառուցվել: Հիմա, երբ կենտրոնն արդեն գործում է, բոլորը շատ ոգեւորված են՝ երեխաներից ու ծնողներից սկսած: Դե, զինվորական փոքրիկ քաղաք է, ո՛չ դպրոց կա, ո՛չ մանկապարտեզ: Այժմ ծրագրում եմ իմ աշակերտների գործերը ցուցահանդեսի տեսքով ներկայացնել Ստեփանակերտում, ապա՝ նաեւ Երեւանում»,- ասաց Ջեմման:

Ջեմմա Սամսոնյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսին


Ցուցահանդեսին ներկայացված քառասուներկու աշխատանքները Ջեմման նկարել է գունավոր մատիտներով ու գրիչներով: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է յուղաներկից անցում կատարել այդ նյութերին՝ ստեղծելով գրաֆիկական ինքնատիպ գործեր: Նկարչուհին պատմեց, որ ուսանողական տարիներին իրեն ավելի շատ հոգեհարազատ է եղել հենց յուղաներկը, սակայն հետո հասկացել է, որ գունավոր մատիտներն ու գրիչներն ավելի են գրավում.«Ինձ այդ հարցում շատ օգնեց Արթուր Հովհաննիսյանը, ով մեզ գծանկար էր դասավանդում Գեղարվեստի ակադեմիայում: Նա շատ էր հավանում իմ աշխատանքները եւ կարողացավ ճիշտ ուղի ցույց տալ: Հիմա սա իմ հոգեհարազատ ոճն է դարձել, թեեւ երբեմն յուղաներկով նույնպես նկարում եմ»:

Ջեմմա Սամսոնյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսին


Նրան հարցրինք նաեւ, թե ինչու է նկարների մեծ մասում իր տատիկին պատկերել: Նկարչուհին ասաց, որ ուսանողական տարիներին, երբ ընտանիքի բոլոր անդամները աշխատանքի են գնացել, ու ինքը մենակ է մնացել տատիկի հետ, սկսել է մեծ հետաքրքրությամբ նրան պատկերել իր նկարներում.«Ինձ հետաքրքիր էին նրա խալաթները, գունավոր զուգագուլպաները, թելերը եւ այլն: Հիմնականում հենց տատիկիս եմ նկարել այդ տարիներին: Իսկ վերջին շրջանում, երբ տեղափոխվեցի Արցախ, սկսեցի տեղի բնապատկերները նկարել, զինվորական թեմաներին անդրադառնալ եւ այլն»:

Նշենք, որ Ջեմմա Սամսոնյանի անհատական ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հուլիսի 30-ը: Նկարչուհին սիրով հրավիրում է բոլորին իր ստեղծագործական աշխարհ, որտեղ միայն գույներ են, հետաքրքիր զգացողություններ ու պատկերներ:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport